Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում պնդել է, թե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի «իրավանախորդներից ոմանք նույնքան խավար են տարածել: Օրինակ,19-րդ դարում մարդ են վարձել, որ սպանի մեր անվանի գրող Րաֆֆուն»: Եվ որպես ապացույց վկայակոչել է «Մեդիամաքսում» Լիլիթ Ավագյանի հոդվածին, որտեղ էլ հղում է արված Գեւորգ Հարությունյանի խորհրդային տարիներին՝ 1969 թվականին լույս տեսած «Րաֆֆին եւ պատանեկությունը» գրքին. «Րաֆֆին փորձեց հիմք դնել աղջիկների կրթությանը, իգական դպրոցի բացման բոլոր նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել էին, երբ այդ ծրագիրը եւս տապալեցին հոգեւորականները: Նրանք, քաղաքի գլխավոր քահանա տեր Հովսեփի գլխավորությամբ, շրջում են տնից տուն՝ համոզելով մարդկանց իրենց աղջիկներին կրթության չուղարկել, որ «Իգական դպրոցն անբարոյականացնող հիմնարկ է, եւ աղջիկներին անհարմար է բաց երեսով դպրոց գնալ, մանավանդ՝ տղամարդկանցից դաս առնել» (3): Րաֆֆու հանդեպ սարսափելի հալածանքներ են սկսվում: Հոգեւորականները կաշառում են ավազակապետ Քարամին՝ պատվիրելով սպանել Րաֆֆուն…»:
Գրառումը մեկնաբանողներից մեկն էլ է նշել «Քարամին հորինված գրական կերպար է՝ Րաֆֆու վեպում («Խենթ»-ում) քուրդ ավազակապետը։ Նա գոյություն չուներ իրական կյանքում, ուստի ոչ մի կերպ չէր կարող հանդիպել Րաֆֆուն, էլ ուր մնաց՝ Քարամին փորձեր սպանել Րաֆֆիին»։
Արայիկ Հարությունյանին իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է նաեւ Ռուբեն վարդապետ Զարգարյանը.
«Պատմությունը կեղծողներին եւ Հայ եկեղեցու վաստակն ուրացողներին ի պատասխան փաստերով
Կարդացեք նաև
Շուշիի Մարիամ–Դուկասյան օրիորդաց դպրոցը (1864թ.), Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցը (1866թ.), Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1866թ.), Նոր Բայազետի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1867թ.), Ախլցխայի Եղիսաբեթյան իգական դպրոցը (1870թ.), Վանի Սանդուխայան–Մայրամյան վարժարանը (1870թ.), Ալեքսանդրապոլի Արղության հայ օրիորդաց դպրոցը (1871թ.), Վաղարշապատի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1872 թ.), Այնթապի Հայկանուշյան վարժարանը (1878թ.), Կոստանդնուպոլսի դպրոցասեր տիկնանց վարժարանը (1879թ.) և այլն։
Սա օրիորդաց դպրոցների գոյության ամբողջական ցանկ չէ»:
Ռուբեն վարդապետ Զարգարյանն ավելի ուշ մեկ այլ գրառում էլ է արել. «Թե բա Րաֆֆին ասել է
Մի հպանցիկ հայացք նետելով միայն Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի (1866-1882թթ․) գահակալության շրջանի վրա՝ հայտնաբերեցի Հայոց Հայրապետին ուղղված բազմաթիվ նամակներ, որոնք վերաբերում են օրիորդաց դպրոցներին։ Դրանցից առանձնացնենք մի քանիսը․
1875թ․ հունիս 13 թվակիր նամակով Երևան քաղաքի դեպուտատ Գևորգ Հովակիմյանը Երևանի բնակիչների անունից խնդրագիր է ներկայացնում Գևորգ Դ կաթողիկոսին՝ Սուրբ Գայիանեան Օրիորդաց դպրոցի հոգաբարձուների կազմը հաստատելու և դպրոցի տնօրեն Հովսեփ քահանա Մելյանին պարգևատրելու համար։ Նամակն ստորագրված է 35 անձանց կողմից։
1875թ․ օգոստոս 21 թվակիր նամակով Ալեքսանդրապոլի հայոց հոգևոր կառավարությունը զեկուցագիր է ներկայացնում Գևորգ Դ կաթողիկոսին Մինաս քահանա Տեր-Պետրոսյանին տեղի օրիորդաց դպրոցի կրոնուսույց նշանակելու խնդրանքի մասին։
Բանն այն է, որ նախքան նշանակումը՝ Մինաս քահանան նախ փորձաշրջան է անցնում դպրոցում, որի ընթացքում արժանանում է դպրոցի հոգաբարձուների խորհրդի բարձր գնահատականին և աշակերտության հավանությանը։
1877թ․ հուլիս 20 թվակիր նամակով՝ 41 ստորագրությամբ, Լենքորանի հայ հավատացյալները դիմում են Գևորգ Դ կաթողիկոսին՝ տեղի Սուրբ Գայիանեան իգական դպրոցի ընտրված հոգաբարձուների կազմը հաստատելու խնդրանքով։ Նամակի մեջ նշվում է, որ օրիորդաց այդ դպրոցը հիմնել է Գևորգ վարդապետ Սուրենյանցը՝ ապագա Գևորգ Ե Ամենայն հայոց կաթողիկոսը։
Սկզբնաղբյուրը՝ Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության, Փաստաթղթերի ժողովածու, Ս․ Էջմիածին, 2018թ»:
Առաջին կանոնավոր օրիորդաց դպրոցը Նոր Ջուղայում սբ Կատարնյանն էր, որ բացվել է 1854թ. Հայ Եկեղեցու սբ Կատարինե կուսանոցի հովանու ներքո։ Հակառակ աղջիկների կրթության հանդեպ տեղացիների խիստ բացասական վերաբերմունքի, դեռեւս 1831 թվականին Նոր Ջուղայում ուսուցչությամբ զբաղվող Մեսրոպ Թաղիադյանը եւս փորձել էր ջուղայեցի աղջիկներին գրաճանաչություն ուսուցանել, որոնք, ըստ Թաղիադյանի, «երեւցուցանէին զանձիս կարի տենչաւոր ուսման եւ ուշիմս»։ (Դիւան Մեսրոպ Դ. Թաղիադեան, խմբագիր Մեսրոպ եպս.Աշճեան, Նոր Ջուղա, 1979, էջ 112) Թաղիադյանն իր օրագրություններում հիշատակում է անգամ իր առաջին աշակերտուհուն՝ Շուշանին, որն արդեն կարողանում էր գրել սեփական անունը։