Լրահոս
Օրվա լրահոսը

Դասվարներն ընդգծել են, որ տարիների ընթացքում ձևավորել են իրենց մեթոդական մոտեցումները՝ չշեղվելով դասական մեթոդիկայից, և այժմ ստիպված են վերանայել դրանք՝ ատեստավորմանը մասնակցելու համար

Հուլիս 25,2025 17:27

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող նրանց առաջարկություններն ու դիտարկումները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանը:

Ողջունելով ուսուցիչներին և շնորհակալություն հայտնելով համախմբվածության և նախաձեռնողականության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կամավոր ատեստավորման գործընթացում առաջնային խնդիրներից մեկը բոլոր առարկաների համար բարդության համաչափության ապահովումն է՝ պահպանելով արդարության սկզբունքը:

«Կամավոր ատեստավորումը չի կարող մեկ առարկայի պարագայում ավելի բարդ լինել, իսկ մեկ ուրիշի դեպքում՝ պարզ, հատկապես որ գործընթացը նաև խրախուսման որոշակի համակարգ է ենթադրում: Արձանագրված անհարթությունները տարեցտարի փորձել ենք կարգավորել, և այդ մոտեցումը շարունակական է՝ հաշվի առնելով արդարության սկզբունքի պահպանումը և առարկաների բովանդակային յուրահատկությունները։ Տարրական դասարաններում դասավանդումը, իհարկե, ունի իր առանձնահատկությունները․ առնվազն մեթոդական առումով աշխատանքը զգալի բարդ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել՝ նախորդ տարիների վերլուծությունը փաստել է, որ համաչափության խնդիր կա։

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ փոփոխությունները կատարվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքները և ուսուցիչների հետ քննարկումները: Ըստ նախարարի՝ ուսուցիչների առաջարկությամբ կամավոր ատեստավորման թեստերում բոլոր առարկաների համար նույն քանակությամբ առաջադրանքներ են լինելու, ուղեցույցները լրամշակվել են՝  դառնալով ավելի պարզ և բովանդակալից, վերանայվում են նաև գրականության ցանկերը։

Ժաննա Անդրեասյանը ուսուցիչներին  հորդորել է գործընթացը դիտարկել ոչ միայն տարրական դասարանների դասավանդման, այլև բոլոր առարկաների ուսուցիչների համար նույն պայմանների ապահովման տեսանկյունից։

Դասվարների խոսքով՝ մասնագիտական համայնքը կամավոր ատեստավորման գործընթացը ողջունելի է համարում, սակայն ունի որոշ դիտարկումներ։ Մասնավորապես՝ մտահոգություն է առաջացրել մեթոդիկային վերաբերող հարցերի գերակշռությունը։ Ուսուցիչներն ընդգծել են, որ տարիների ընթացքում ձևավորել են իրենց մեթոդական մոտեցումները՝ չշեղվելով դասական մեթոդիկայից, և այժմ ստիպված են վերանայել դրանք՝ ատեստավորմանը մասնակցելու համար։

«Մենք, իհարկե, խրախուսում ենք մանկավարժական նորարարությունը, սակայն պետք է հիշել՝ մեթոդի մեջ նորարարություն իրականացնելու համար նախ պետք է խորապես տիրապետել առկա մեթոդներին։ Դասվարների պարագայում մեթոդիկայի իմացությունը հիմնարար նշանակություն ունի»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ մասնագիտական կարծիքներն առաջիկա ատեստավորման ընթացքում անպայման հաշվի կառնվեն։

Քննարկվել է նաև մեթոդական ուղեցույցներում գրականության ցանկի հստակեցման, թեմատիկ շրջանակների սահմանման, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված և գործածության երաշխավորված դասագրքերի հղումներն ուղեցույցներում ներառելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է՝ նոյեմբերին մեկնարկելիք կամավոր ատեստավորման թեստային առաջադրանքներում կներառվեն նախորդ ուսումնական տարում արդեն իսկ դպրոցներում կիրառված դասագրքերի և ուսումնական ծրագրերի նյութերը:

Հանդիպման ավարտին դասվարները շնորհակալություն են հայտնել կառուցողական քննարկման և իրենց դիտարկումներն արտահայտելու հնարավորության համար։ Նախարարը կարևորել է ուսուցիչների միասնականությունը՝ ընդգծելով, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր բարելավել գործընթացը՝ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031