Նիկոլ Փաշինյանի առջեւ մեծ խնդիր է դրված՝ չեզոքացնել հանրային ընդվզումը, որպեսզի հնարավոր լինի այդ չարաբաստիկ «միջանցք» կոչվածը տալ, այն, ինչը որ չստացվեց 2020 թվականին, հաջորդող շրջաններում՝ ասելով, թե «Լաչինի միջանցքը հանձնենք, որ Զանգեզուրի միջանցք չլինի»․ այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն՝ անդրադառնալով Մեղրիով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհ տրամադրելուն եւ այն ամերիկյան կողմին արտապատվիրակելու մասին հայտարարություններին։
Ձյունիկ Աղաջանյանի պնդմամբ, եթե այս ընթացքում չլինեին դիմադրության ընդդիմադիր շարժումները եւ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն անարգել իրականացնեին իրենց ծրագրերը, Հայաստան պետությունից 2020-21 թվականներին արդեն պետք է հրաժարված լինեինք․ «Մի նախագահ ունեինք, կհիշեք, որ ճամպրուկը հավաքեց եւ փախավ 2021 թվականի հունվարին, պատահական չէր, որ նա հռչակում էր երրորդ հանրապետության վախճանը»։
Ձյունիկ Աղաջանյանի պնդմամբ՝ Արեւմուտքի ծրագիրն է՝ այս տարածաշրջանում «հայի չգոյությունը, ոչ որպես քաղաքական, ոչ որպես ֆիզիկական տարր»՝ հանուն իրենց ծրագրերի։ Նա նաեւ պնդում է, որ Հայաստանն անգամ ԽՍՀՄ-ում չի տարրալուծվել՝ պետական լեզուն հայերենն էր, արդյունաբերությունը ծաղկում էր, գիտնականների քանակով ամենամեծն էր՝ երկրորդ տեղում Ռուսաստանից հետո եւ ոչ մեկի «սապոգի տակ» չէր, կամակատար չէր։
«Հույս ունեմ, որ դա իրականություն չի դառնա, քանի որ դեռ 2023 թվականի հունիսին էր նախատեսված այդ քայլերի իրականացումը՝ ԱՄՆ-ի հետ մաքսային համագործակցության համաձայնագիր ստորագրելով, որը մինչեւ հիմա գաղտնի է պահվում։ Այդ ժամանակ ես հայտարարեցի, որ այդ համաձայնագրով նախատեսվում է այդ ճանապարհի հանձնումը ամերիկյան կողմին․ այսօր դրա տարրերի բացահայտումն ենք տեսնում»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր Թրամփից ինչ-ինչ ակնկալիքներ ունեն՝ չեն հասկանում ամերիկյան քաղաքականությունը, քանի որ ԱՄՆ-ի համար՝ փողը՝ փող է, իշխանությունը՝ իշխանություն, գերիշխանությունը՝ գերակա է մնացյալ ամեն ինչին եւ այդ գերիշխանության տարածման համար իրենք օգտագործում են բոլոր միջոցները։
Կարդացեք նաև
«Ջերմուկի գործողություններն այդ միջանցքը բացելուն էր ուղղված, բայց չստացվեց՝ համապատասխան ուժերի անձնուրաց պայքարի շնորհիվ ու պատահական չէ, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը 32 կիլոմետրի մասին էր խոսում։ Նախատեսվում էր Ջերմուկից՝ Իշխանասարով կիսել, միջանցքը հանձնել եւ ամբողջ Սյունիքը կտրել։ Դա իրականություն չդարձավ ոչ միայն սահմանին կանգնածների, այլ երկրի ներսում իրենց համար անսպասելի պոռթկման»,- ասաց նա՝ հավելելով, որ ձեռագիրը հետեւյալն է՝ ռազմական գործողություններով հանձնել եւ ասել, որ չկարողացանք պահել, այդ թվում նաեւ մեղքը բարդելով ռուսական կողմի վրա։
Ձյունիկ Աղաջանյանը պնդում է՝ ՀՀ իշխանության դեմ պայման է դրվել՝ միջանցքը պետք է գործի եւ պետք է գործի Իրանի դեմ գործողություններում։ Քանի որ Իրանի դեմ գործողությունները ցանկալի արդյունք չեն տվել, ըստ նրա, ժամկետային հետաձգումներ են եղել։
Իրանի դեմ նախապատրաստական գործողությունների համատեքստում է նա դիտարկում նաեւ Ուկրաինայում քաղհասարակություն կոչվածի բողոքի ակցիաները։ Իր վերլուծությամբ, 2-3 շաբաթվա ընթացքում իրավիճակների լարման ականատեսը կլինենք։
Դիվանագետի դիտարկմամբ, միաժամանակ, այն ինչ տեղի է ունենում՝ ձեռնտու չէ, Թուրքիային եւ Ադրբեջանին, քանի որ Թուրքիան ցանկանում է տիրապետել տարածաշրջանին, բայց չի ցանկանում կորցնել իր պետությունը, քանի որ չունի երաշխավորված ոչինչ՝ ՌԴ-ի, Իրանի դեմ գործողությունների համար։
Ձյունիկ Աղաջանյանը նաեւ հայտարարեց՝ մեզ փորձում են համոզել, որ անզոր ենք, ոչինչ անել չենք կարող, բայց դա այդպես չէ, մեր ներքին կազմակերպվածությունն ու ընդվզումը մեզ թույլ կտա հայտ ներկայացնել։
Ինչ վերաբերվում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանության պայքարին, էլ բանախոսն ասաց՝ տվյալ անձինք չեն հասկանում իրենց դերակատարումը, իրենց իրավասությունը, որեւէ մեկը նրանց նման իրավասություններով չի օժտել։ Սա Վեհափառի եւ հոգեւորականների դեմ արշավ չէ, սա հայ ազգի դեմ, հայ ազգի ոչնչացմանն ուղղված արշավ է՝ հայի ինքնության անբաժան մաս կազմող Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավ, որը սկսվել է 2018 թվականից՝ ՔՊ-ական իշխանության գալով։Այս գործելաոճը, Ձյունիկ Աղաջանյանի կարծիքով, բնորոշ է արեւմտյան կենտրոնների գործելաոճին ու այս ամենին մենք ականատես ենք եղել բոլոր «գունավոր հեղափոխությունների» ժամանակ՝ Ղրղզստանում, Ուկրաինայում եւ այլն։ Նա պատահական չի համարում, որ ժամանակին էլ արցախյան հակամարտությունն էր փորձ արվում ներկայացնել իբրեւ կրոնական հակամարտություն։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ