Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է դուրս գանք մեր խնդիրներն այլոց օգնությամբ լուծելու անհուսալի մտայնությունից և դրանք լուծենք մենք և միայն մենք. Ստեփան Հասան-Ջալալյան

Հուլիս 25,2025 17:35

ԱՐՑԱ՞Խ, ԹԵ՞ ՊԱՂԵՍՏԻՆ. Ո՞ւՄ Է ՆԱԽԱՊԱՏՎՈւԹՅՈւՆ ՏԱԼԻՍ ՖՐԱՆՍԻԱՆ

2025թ. հուլիսի 24-ին X սոցիալական ցանցի իր էջում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, գրել է. «Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իմ պատմական հանձնառությանը հավատարիմ՝ ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստինի պետությունը։ Ես այս հանդիսավոր հայտարարությունը կանեմ ՄԱԿի Գլխավոր ասամբլեայում՝ հաջորդ տարվա սեպտեմբերին։ Այսօր հրատապ անհրաժեշտությունը Գազայում պատերազմի դադարեցումն ու քաղաքացիական բնակչության փրկությունն է։»:

Մեջբերվածի առնչությամբ հարկ է նշել հետևյալը.

  • 2020թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձևի առաջարկ, որով կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատման բանակցությունների գործիք:
  • 2020թ. դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև:
  • 2022թ. նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող երկրորդ բանաձևը:
  • 2022թ. նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին երկրորդ բանաձևը:

Չնայած Ֆրանսիայի կառավարությանն ուղղված Արցախի անկախությունը ճանաչելու մասին Ֆրանսիայի օրենսդիր մարմնի զույգ պալատների թվով չորս բանաձև-առաջարկություններին, Ֆրանսիայի կառավարությունը մինչ օրս չի ճանաչել Արցախի անկախությունը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը Ֆրանսիայի կառավարության նման վարքագիծը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ մեկին օգուտ չի բերի. ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ Մինսկի խմբի (ԵԱՀԿ Ս. Հ.-Ջ.) մյուս համանախագահներին, ո՛չ էլ Եվրոպային։»:

  • Երբ 2020 թվականին օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորում Ադրբեջանն արցախահայության գլխին լցնում էր մասսայական ոչնչացման զենք՝ ֆոսֆոր, արդյո՞ք Արցախի քաղաքացիական բնակչության փրկությունն այդ ժամանակ հրատապ անհրաժեշտություն չէր, ինչպես Պաղեստինի քաղաքացիական բնակչության վերաբերմամբ գրել է Ֆրանսիայի նախագահը:
  • Երբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը Ադրբեջանը, արգելափակելով Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին, ցեղասպանության էր ենթարկում արցախահայությանը, արդյո՞ք Արցախի քաղաքացիական բնակչության փրկությունն այդ ժամանակ հրատապ անհրաժեշտություն չէր, ինչպես Պաղեստինի քաղաքացիական բնակչության վերաբերմամբ գրել է Ֆրանսիայի նախագահը:
  • Երբ 2023 թվականին Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ կոտորում էին արցախահայությանը արդյո՞ք Արցախի քաղաքացիական բնակչության փրկությունն այդ ժամանակ հրատապ անհրաժեշտություն չէր, ինչպես Պաղեստինի քաղաքացիական բնակչության վերաբերմամբ գրել է Ֆրանսիայի նախագահը:

Հարկ է նշել, որ եթե Ֆրանսիայի կառավարությունը ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը, ապա դա որոշակիորեն կարող էր փոխել իրադարձությունների զարգացման ընթացքը հօգուտ Արցախի և նրա ժողովրդի: Քանզի եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող, Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ երկիր Ֆրանսիան ճանաչեր (ճանաչի) Արցախի Հանրապետության անկախությունը, ապա դրանով կստեղծվեր (կստեղծվի) նախադեպ, և մեծ է հավանականությունը, որ Ֆրանսիայի օրինակին կհետևեին (կհետևեն) ՄԱԿ-ի անդամ այլ պետություններ ևս:

Երկրորդ, ինչո՞վ է Պաղեստինը, որպես պետություն, առավել Արցախի Հանրապետությունից, որ Ֆրանսիան պատրաստվում է ճանաչել Պաղեստինի անկախությունը, իսկ Արցախի անկախությունն, ի հեճուկս Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների թվով չորս բանաձևերի, այդպես էլ մինչ օրս չի ճանաչել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերոնշյալ հայտարարությունը վկայում է, որ Ֆրանսիան առաջնորդվում է երկակի ստանդարտներով:

Հետևաբար, մենք պետք է դուրս գանք մեր խնդիրներն այլոց օգնությամբ լուծելու անհուսալի մտայնությունից և դրանք լուծենք մենք և միայն մենք՝ առաջնորդվելով մեր ազգային, պետական շահերով: Ոչ ոքից չպետք է սպասել օգնություն: Ստեղծված ճգնաժամից պետք է դուրս գանք ինքնուրույն:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031