«Տաթևիկ Շախկուլյանը միջազգային հարթակում առաջին անգամ ընդգծել է, որ նոտագրությունը ստեղծվել է հայ երաժշտության համար, ուստի խիստ խոցելի է առանց հայկական ժառանգության համահավաք բազայի ստեղծման փորձը։ Հայ երաժշտագետի՝ Զալցբուրգում ներկայացրած զեկուցումը միջազգային լսարանում այս խնդիրների բարձրաձայնման և քննարկման համարձակ քայլ է». պատմում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը
– Մեզ հայտնի դարձավ, որ Ձեր տնօրինությամբ գործող ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աշխատակից Տաթևիկ Շախկուլյանը վերջերս Զալցբուրգում տեղի ունեցած գրադարանների, արխիվների և փաստաթղթավորման կենտրոնների միջազգային ընկերության (IAML) ամենամյա կոնգրեսի աշխատանքներին միակ ներկայացուցիչն է եղել Հայաստանից:
Խնդրում եմ ընդհանուր գծերով ներկայացնեք կոնգրեսն ու հայ բանախոսի զեկուցման հիմնական դրույթները:
– Սիրով: Մոցարտի հայրենիքում՝ Զալցբուրգում, ինչպես ասացիք վերջերս կայացավ գրադարանների, արխիվների և փաստաթղթավորման կենտրոնների միջազգային ընկերության (IAML) ամենամյա կոնգրեսը։ Մոցարտեում համալսարանի հյուրընկալմամբ Unipark Nonntal կենտրոնում անցկացվող այս համաժողովը հարյուրավոր երաժշտագետների հանդիպման յուրահատուկ միջոցառում էր՝ հագեցած զանազան գիտական նիստերով, աշխատարաններով, համերգներով ու քննարկումներով։
Կարդացեք նաև
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Տաթևիկ Շախկուլյանը համաժողովին ներկայացավ Համբարձում Լիմոնջյանի նոտագրությանը նվիրված հրատապ ու արժեքավոր զեկուցումով։
Ինչպես գիտենք՝ Համբարձում Լիմոնջյանը (1768-1839) Նոր հայկական ձայնագրության հիմնադիրն է: Այս համակարգն ստեղծվել է 1813 թվականին և փոխարինել միջնադարյան խազագրությանը: Օսմանյան Կայսրությունում լայնորեն կիրառված այս նոտագրությունը նախատեսված էր միաձայն մեղեդիների գրառման համար և գործածությունից դուրս եկավ 19-րդ դարավերջին, երբ հայ պրոֆեսիոնալ երաժշտության մեջ վերջնականապես արմատավորվեց բազմաձայնությունը:
Նշեմ նաև, որ Նոր հայկական նոտագրությունը կարևոր նշանակություն ունեցավ հայ երաժշտության պատմության մեջ: 1970-ական թվականներին Էջմիածնում պոլսահայ երաժշտագետ և կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանը, Մակար Եկմալյանի օգնությամբ հայկական հոգևոր երգերը վերաձայնագրեց Լիմոնջյանի նոր հայկական ձայնագրության համակարգով և կորստից փրկեց «Պատարագը», «Շարակնոցն» ու «Ժամագիրքը»:
Տաթևիկ Շախկուլյանի զեկուցման նպատակը նոր հայկական նոտագրության քննարկումն էր՝ պատմական համատեքստից մինչև վերլուծական օրինակներ։ Բանախոսը պատմական ակնարկով անդրադարձել է հայկական միջնադարյան խազային նոտագրությանը, քննության առել դրա հետազոտության արդի խնդիրները, ապա հանգամանորեն կանգ առել «նոր հայկական նոտագրություն» անունը ստացած լիմոնջյանական նոտագրությանը, որն ընդունված է անվանել նաև «Լիմոնջյան նոտագրություն» կամ «Համբարձումյան նոտագրություն»։ Զեկուցման առանցքում էին այդ նոտագրությամբ հրատարակված ժողովածուները և ձեռագիր նյութերը, որոնց հիմնական մասն առնչվում է Կոմիտաս Վարդապետի ժառանգությանը։
Բանախոսը ներկայացրել է խազային նոտագրությունը՝ միջնադարյան երաժշտության շեշտադրմամբ, վեր հանել վերծանման փորձերի պատմությունը և հեռանկարները, ապա ծավալվել նոր նոտագրության ուղղությամբ։ Ինչո՞ւ ծագեց այն ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպե՞ս և ովքե՞ր ստեղծեցին այն, ի՞նչ շրջանակներում այն շրջանառություն ունեցավ, ի՞նչ հրատարակումներ եղան հայկական նոտագրությամբ, և, ամենակարևորը՝ ի՞նչ արժեք ունի նոր հայկական նոտագրությունը հայ մշակույթում այսօր։ Այս հարցերին բանախոսն անդրադարձել է տեսասահիկներով, հարուստ մշակութային ժառանգության տեսողական պրեզենտացիայով։
Թվում է, թե այս թեման մեզանում քննարկվել է սպառիչ կերպով, ինչի վկայություններն են բազմաթիվ հետազոտություններն ու դասագրքերը, որոնցից վերջինը հրատարակվել է ընդամենը մի քանի տարի առաջ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անահիտ Բաղդասարյանի հեղինակմամբ։ Սակայն թեման միջազգային ասպարեզում քննարկելի դարձնելու խնդիրը մեծ կարևորություն ունի։
Տաթևիկ Շախկուլյանի զեկուցման արդիականությունն ու հրատապությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ շուրջ տասնամյակ գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ հիմնադրված մի հետազոտական գործընթաց՝ նվիրված այսպես կոչված Օսմանական նոտագրություններին։ Հետազոտական խմբի գործընկերները թուրքական և գերմանական հեղինակավոր կազմակերպություններ են։ Հիմնական առանցքում Համբարձում Լիմոնջյանի ստեղծած հայկական նոտագրությունն է։ Նպատակն է՝ հավաքել, ի մի բերել, համակարգել և հետազոտել այս նոտագրությամբ գրանցված ժառանգությունը։ Թեև ամենուրեք նշվում է, որ դրա ստեղծողը հայ է, և որ նոտագրությունը ծառայել է հայ հոգևոր երաժշտությանը, սակայն այս բազայում հայկական որևէ նմուշ որևէ կերպ հիշատակված չէ։ Ավելին, կայքը և զանազան գիտական աղբյուրներ նշում են, որ նոտագրությունը կիրառվել է գործիքային երաժշտության ամրագրման համար, մինչդեռ, ինչպես գիտենք, դրանով գրառվել է հայ հոգևոր և ժողովրդական հսկայածավալ վոկալ երաժշտություն, այն լայնորեն կիրառել է Կոմիտասը՝ հայ ժողովրդական երգաստեղծության նմուշները գրառելիս։ Այսինքն՝ հետազոտական թիմի աշխատանքում անճշտությունները և լրջագույն վրիպակները մեծաթիվ են։
Այսպիսով՝ Տաթևիկ Շախկուլյանը միջազգային հարթակում առաջին անգամ բարձրաձայնել է այս հարցը և ընդգծել, որ նոտագրությունը ստեղծվել է հայ երաժշտության համար, ուստի խիստ խոցելի է առանց հայկական ժառանգության համահավաք բազայի ստեղծման փորձը։ Հայ երաժշտագետի՝ Զալցբուրգում ներկայացրած զեկուցումը միջազգային լսարանում այս խնդիրների բարձրաձայնման և քննարկման համարձակ քայլ է։ Փաստարկների մեծ ծավալն ու հիմնավորումները որևէ տեսակի հակադարձման հնարավորություն չեն տալիս։
Լսարանի հարցերը նույնպես բազմազան էին՝ Կոմիտաս Վարդապետից մինչև Հայոց Մեծ Եղեռն և հայ երաժշտության այլևայլ շերտեր։
Հավելեմ նաև, որ Տաթևիկ Շախկուլյանի գիտական գործուղումն իրականացվել է ՀՀ ԳԱԱ ֆինանսական աջակցությամբ:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Տաթևիկ Շախկուլյանի առաջարկությամբ, մտադիր է առաջիկայում ՀՀ ԿԳՄՍՆ հայտ ներկայացնել՝ Նոր հայկական նոտագրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում գրանցելու անհրաժեշտությամբ և համապատասխան հիմնավորմամբ:
Սամվել Դանիելյան