Լույս է տեսել Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հեղինակած «Արցախյան բանակցությունները» երկհատորյակը։ Այսօր տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։
«Գիրքն ուղղված է ուսանողներին, դիվանագետներին, պատմաբաններին եւ հանրության լայն լայն շրջանակներին, ովքեր հետաքրքրված են Արցախյան բանակցությունների պատմությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա ասաց, որ ՀՀ իշխանություններն այսօր նենգափոխում են բանակցային գործընթացը։ Այդ պատճառով էլ չեն հրապարակում այն փաստաթուղթը, այն առաջարկությունը, որն իրենց ներկայացվել է 2019 թվականին։ Արթուր Խաչատրյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ բացահայտումներ է արել այս աշխատությունը գրելու ընթացքում։
Կարդացեք նաև
«Շատ պարադոքսալ իրավիճակ է՝ Ադրբեջանը 20 տարուց ավելի ասում էր՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը պահանջում էին հայկական զորքերի դուրս բերումը, Արցախը ճանաչում էին Ադրբեջանի կազմում։ Վերջին երկու բանաձեւերն Ադրբեջանն է հրաժարվել ընդունել, որովհետեւ այնտեղ պահանջ կար՝ ԼՂ հայկական ուժերը դուրս են գալիս, օրինակ, Ակնայից, ադրբեջանցիները դուրս են գալիս Շահումյանից եւ Մարտակերտից։ Եվ պետք է հրավիրվեր Մինսկի խորհրդաժողով, որտեղ պետք է քննարկվեր Արցախի վերջնական կարգավիճակը։
Այսինքն՝ 4 բանաձեւից 2-ը հենց Ադրբեջանն է մերժել։ Եվ այդ բանաձեւերում չկա հայկական զորքերի դուրս բերման անվերապահ պահանջ։ Դուրս բերումը պայմանավորվում է հրադադարով եւ Մինսկի խորհրդաժողով հրավիրելով։ Ադրբեջանը 20 տարի մարդկանց ուղեղը լվանում էր այն կեղծ պնդումով, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել է Հայաստանից անվերապահորեն դուրս բերել զորքերը Արցախից։ Նման բան գոյություն չունի, պահանջն ուղղված է տեղի հայկական ուժերին»,- նշեց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Արթուր Խաչատրյանը գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները շատ ինտենսիվ կերպով սկսեցին խեղաթյուրել թե Արցախյան շարժման պատմությունը, թե Արցախի Հանրապետության ձեւավորման պատմությունը։ Եվ ամենակարեւորը՝ խեղաթյուրեցին բանակցային գործընթացը, կարգավորման այն առաջարկները, որոնք դրված էին սեղանին։
«Հիմնական նպատակն էր ցույց տալ, որ Արցախի Հանրապետությունը կորցրել է անկախ լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները։ Ես մտածեցի հոդված գրեմ, որովհետեւ միշտ զբաղվել եմ բանակցությունների եւ Արցախյան շարժման պատմությամբ։ Հետո հոդվածը երկարեց, մտածեցի գրել հոդվածաշար, հիմա դարձավ 1300 էջանոց երկհատորյակ, որի մեջ մոտ 3500 հղում կա։ Այսինքն՝ որեւէ խոսք, որ ասված է, օդից վերցված չէ, ամեն բառի համար պատրաստ եմ պատասխանատվություն կրել»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս աշխատությունը շատ կարեւոր է քաղաքական իմաստով, այսօր, երբ Հայաստանի գործող ռեժիմը փորձում է խեղաթյուրել Ղարաբաղյան հակամարտության, Արցախյան շարժման ամբողջ էությունը եւ բովանդակությունը։
«Ամբողջությամբ փորձում են խեղաթյուրել եւ կեղծել Արցախյան բանակցությունների բոլոր փուլերը, եւ այս աշխատությունը շատ կարեւոր է՝ գիտահեն փաստերի հիման վրա իրականությունը ներկայացնելու եւ հակառակը ներկայացնելու իմաստով: Այս օրերին շատ արժեքավոր աշխատություն է դրված մեր սեղանին։
Սա կարեւոր է՝ հանրությանը ներկայացնելու իրականությունը, երբ փորձում են ամբողջությամբ կեղծել, ցույց տալ, թե գոյություն է ունեցել միջազգային կոնսենսուս Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցում։ Օրվա ռեժիմը փորձում է կեղծել իրականությունը եւ ներկայացնել, թե նախորդ 30 տարիների ընթացքում մշտապես բանակցվել է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը։ Այս աշխատության մեջ փաստերով հիմնավորվում է, որ առնվազն Լիսաբոնի գագաթնաժողովից՝ 1998 թվականից հետո բանակցությունների բոլոր փուլերում սեղանի վրա դրված է եղել Արցախի ինքնորոշման իրավունքը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, որ ՀՅԴ համար ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, Արցախյան շարժումն ու Արցախի էջը փակված չէ, եւ արցախցիների վերադարձի իրավունքը, որից բխելու է Արցախի ինքնորոշման իրավունքը, սակարկման առարկա չէ։
Մանրամասները՝ տեսանյութում
Երկհատորյակի շնորհանդեսին մասնակցում էին տարբեր գործիչներ՝ Արցախից եւ Հայաստանից։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ