«Այսօր, երբ թե Բաքվում, թե Երեւանում պաշտոնական դիրքորոշումները հայտարարում են, որ Արցախյան հակամարտությունն ավարտված է, բոլորիս մոտ անխուսափելիորեն առաջանում է մի տեսական հարց՝ ի՞նչ գնով եւ ո՞ւմ հաշվին։ Բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ քաղաքական հայտարարություններով նման հակամարտությունները չեն լուծվում, քանի որ ավելի են խորացել այդ հակամարտության հիմքում դրված խնդիրները»,- այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի «Արցախյան բանակցությունները» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։
Նա նշեց, որ քաղաքական հայտարարությունների միջոցով հնարավոր չէ ջնջել ագրեսիան, ռազմական հանցագործությունները, բռնի տեղահանումները, էթնիկ զտումները եւ անարդարության աղաղակող փաստերը։ Արա Այվազյանն ասաց, որ փորձը ցույց տվեց, որ Բաքուն օգտագործեց բանակցությունները որպես ծխածածկույթ եւ գործիք, որի միջոցով շահեց ժամանակ, մեղմեց միջազգային ճնշումները եւ պատեհ ժամանակ ուժի միջոցով «լուծեց» խնդիրը։ Ըստ Այվազյանի՝ Արցախյան հիմնախնդիրը միջազգային օրակարգի անբաժան եւ կարեւոր մաս էր, որում ներգրավված էին միջազգային առանցքային դերակատարներ։ Եվ Արցախի բանակցային գործընթացի ժառանգություններից մեկը միջազգային փոփոխվող միջավայրն էր, որը գլոբալ եւ տարածաշրջանային վերափոխումների, հաշվարկների եւ առաջնահերթությունների վերանայման, գործող կամ չգործող միջազգային մեխանիզմների եւ գործարքային աշխարհաքաղաքականության պայմաններում հնարավորություն ընձեռեց Ադրբեջանին՝ իրականացնելու ագրեսիա եւ քաղաքականություն, որը շատ վերլուծաբանների, փորձագետների ու դիտորդների կողմից բնութագրվել է որպես ցեղասպանական։
«Բնականաբար, այս գիրքը չի տալիս հեշտ պատասխաններ եւ չի տալիս բոլոր հարցերի պատասխանները։ Բայց այս գիրքը տալիս է շատ արժեքավոր բան՝ հստակություն, բարոյական քաջություն՝ չեզոքացնելու այն քարոզչությունը եւ այսպես կոչված վերլուծությունները, որոնք փորձում են նենգափոխել Արցախի հիմնախնդրի էությունը, բանակցային գործընթացի տրամաբանությունը եւ փորձում են ձեւավորել հանրային ընկալումներ։ Այս հրավիրում է բոլորիս՝ մեկ անգամ եւս առերեսվել անհերքելի ճշմարտությունների հետ եւ հիշեցնում, որ խաղաղությունը, որը կառուցված է լռության եւ մոռացության վրա, իրական խաղաղություն չէ։ Գրքի հիմնական ուղերձն այն է, որ Արցախի հարցը փակված չէ։ Այս խնդիրը լուծված չէ խորքային կերպով եւ համապարփակ ու արդար կարգավորումը միայն կբերի իրական կայունություն եւ խաղաղություն մեր տարածաշրջանում»,- ասաց Այվազյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ