Դեռևս 2024 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը խոստացել էր երկու ամսվա ընթացքում ներկայացնել օդի որակի բարելավման քառամյա ծրագիր: Այդ խոստումը, սակայն, մինչ այժմ չի իրականացվել։
Այն, որ օդի աղտոտվածության դեմ պայքարի ծրագիրը հանձնարարականից 7 ամիս անց դեռևս պատրաստ չէ, հայտնի դարձավ հուլիսի 7-ին՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, երբ Ավինյանը ստիպված էր փաստել՝ իր տված հանձնարարականը անորոշ ապագա ունի։
Երևանի քառամյա ծրագրի ստեղծման ժամանակագրությունը
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է քառամյա ծրագրի ձգձգման պատճառները, օդի աղտոտվածության միտումները և առնչվող իրավական զարգացումները։
Կարդացեք նաև
Քաղաքի օդի աղտոտման մեղմացմանն ուղղված քառամյա համապարփակ ծրագիր մշակելու հանձնարարականը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տվել էր 2024 թվականի դեկտեմբերի 16-ին․ «Ես առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակել, որը կներառի ընդհանուր կոնցեպտուալ առաջարկներ»։ Որպես ծրագրի ներկայացման վերջնաժամկետ՝ քաղաքապետը սահմանել էր 2 ամիս։
Որոշ ժամանակ անց՝ 2025 թվականի փետրվարի 10-ին անցկացված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքից ակնհայտ էր՝ վարչության ներկայացրած քառամյա ծրագիրը Ավինյանին չի բավարարել։ «Ձեր առաջարկությամբ այս ծրագիրը ավելի մանրամասն, փոքրիկ ենթածրագրերի է բաժանվելու և աղտոտվածության աղբյուրներից յուրաքանչյուրի մասով ներկայացվելու են գործողությունները՝ ֆինանսական և ժամանակացուցային աղյուսակներով»,- նշել էր վարչության ժ/պ Ս. Հայկազյանը։
Վերջինս հանդես էր եկել նաև առաջարկով՝ առաջիկա գործակարգավարական նիստերի ժամանակ անդրադառնալ յուրաքանչյուր գործողությանը և դրանից բխող առանձին ծրագրերին ու դրանց ժամանակացույցին։
Ապրիլի 7-ին հնչեցված վերոնշյալ հայտարարությունից 3 ամիս անց՝ հուլիսի 7-ի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, սակայն պարզվեց՝ բնապահպանության վարչության ներկայացուցիչը կոնկրետ միջոցառումների գործողությունների ժամանակացույց դեռևս չունի։
Պաշտոնական արձագանքը․ Երևանի քաղաքապետարան
«Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ի վերջո ե՞րբ է նախատեսվում ավարտել Երևանի օդի աղտոտվածության մեղմացմանն ուղղված քառամյա ծրագրի մշակումը և այն գործնականում իրականացնելը։
Fip.am-ի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից արձագանքել են՝ «Երևան քաղաքում օդի որակի բարելավման քառամյա ծրագիրը մշակվել է», միջոցառումների ծրագրերն ու ժամկետները, սակայն, դեռևս պատրաստ չեն։
«Ներկայումս յուրաքանչյուր գործողության մասով մշակվում են առանձին միջոցառումների ծրագրեր՝ բյուջեով և ժամանակացույցով։ Գործողությունների ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սույն թվականի սեպտեմբեր ամիսը»,-նշված է քաղաքապետարանի պատասխանում։
Ստացվում է՝ մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը վերացնելու մասին քառամյա ծրագիրը լիարժեք, ավարտուն տեսքի կբերվի ոչ թե 2, ինչպես Տիգրան Ավինյանն էր հանձնարարել, այլ՝ ավելի քան 8 ամսվա ընթացքում։
Երևանի մթնոլորտային օդի աղտոտվածության տենդենցը՝ թվերով
Երևանում օդի աղտոտվածության խնդրին «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ հրապարակելով շվեյցարական IQAir կայքում գրանցված Երևանի մթնոլորտային օդի աղտոտվածության ցուցանիշները՝ 2019-2023 թվականների համեմատականով։
Ներկայումս կայքում հասանելի են նաև 2024 թվականի տվյալները՝ տարեկան և ամսական կտրվածքով։ Ըստ այդմ՝ 2024 թվականին Երևանի մթնոլորտային օդում PM2.5 մասնիկների միջին ցուցանիշը կազմել է 24.4։ Սա, թեև 2 միավորով ցածր է 2023-ին (26.4) գրանցված ցուցանիշից, սակայն մոտ 5 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) թույլատրելի տարեկան միջին ցուցանիշը։
Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»