Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցի ընթացքում իշխանական պատգամավոր Արման Եղոյանը Հայաստանում հայտարարեց, որ հրաժարվել են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցով ամերիկյան առաջարկից. «Նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»։ Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ արեւմտյան մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երեւանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջեւանին կապող ճանապարհի կառավարումն արտապատվիրակել մասնավոր ընկերության։ Դրանից օրեր անց Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանով անցնող ճանապարհի տարածքը։ Հուլիսի 16-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատեց այդ տեղեկությունները` արտապատվիրակման գործընթացը համեմատելով «Զվարթնոց» օդանավակայանի, Հարավկովկասյան երկաթուղու, ջրային համակարգի, «ՀայՓոստի» կոնցեսիոն կառավարման մոդելների հետ։ Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, թե ՀՀ իշխանություններն ակտիվորեն քննարկում են Սյունիքով անցնող ճանապարհն ամերիկյան առաջարկով արտապատվիրակելու հարցը։
Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց ամերիկյան առաջարկից․ հարցը նախօրեից հայաստանյան քաղաքական եւ մեդիադաշտի տիրույթում է։ Ուշագրավ է, որ այս հրաժարումից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ՌԴ Ալթայի Հանրապետությունում էր, Բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին էր մասնակցում։ Այս միջոցառման շրջանակում էլ նա հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին, եւ հավաստիացրել է, որ Երեւանը մտադիր է մնալ ԵԱՏՄ-ում։
Քաղաքագետ Սուրեն Զոլյանն ուղիղ կապ է տեսնում Փաշինյանի այցի եւ ամերիկյան առաջարկից հրաժարվելու միջեւ։ Հիշեցնում է շաբաթներ առաջ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ուղղված ռուս գործընկերոջ՝ Ալեքսեյ Օվերչուկի նամակը։ Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան Երեւանին ուղղված դիմում է պատրաստում՝ ԵՄ-ին մերձենալու նորմերի եւ ԵԱՏՄ-ի կանոնների հակասության մասին։ Ռուս պաշտոնյան պնդել էր, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին հնարավոր չէ, դիցուք՝ Մոսկվայից Երեւան ուղիղ չվերթները կդադարեն, ՀՆԱ-ի եւ զբոսաշրջության ծավալները կկրճատվեն եւ այլն։
Քաղաքագետի համոզմամբ՝ ՌԴ-ն ՀՀ ղեկավարին, ըստ էության, ընտրության առաջ է կանգնեցրել․ «Ենթադրվում էր, որ Ալթայի միջոցառմանն էլ պետք է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցեր, բայց, հավանաբար, ասել են, որ դա քո բանը չէ, պետք է գա վարչապետը, դրա համար էլ միասին են գնացել։ Բայց ես կարծում եմ՝ քննարկման առարկան եղել է ոչ թե միջանցքը, այլ՝ ԵԱՏՄ-ն, որ ՀՀ իշխանությունները պետք է կողմնորոշվեն, որովհետեւ Օվերչուկի նամակում ասվում էր, որ պետք է կողմնորոշվեն, որովհետեւ հակառակ ուղին վտանգում է ինչ-ինչ հարցեր։ Թե չէ ինչու Փաշինյանը պետք է գնար՝ այդ ֆորումին մասնակցեր, որտեղ էկոլոգիական հարցեր էին քննարկվում։ Եվ հատկապես հետո տեսանք, որ քննարկում է եղել Օվերչուկի եւ Գրիգորյանի մակարդակով»։
Կարդացեք նաև
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում նաեւ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ «միջանցքը հակասում է ԵԱՏՄ-ի կարգավորումներին»։
Ուստի կարելի է ենթադրել, որ Փաշինյանը ՌԴ-ում Միշուստինի խնդրանքով է հրաժարվել ամերիկյան առաջարկից։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում