«Թանկացումների պատճառն է ոչ ստանդարտ՝ հաշվի առնելով այն, որ հեղուկ գազն այն ոլորտն է, որտեղ Հայաստանում մենաշնորհներ չկան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության թեկնածու, դոկտոր Հայկ Ֆարմանյանը՝ մեկնաբանելով Հայաստանում հեղուկ գազի վերջին թանկացումները։
Վերջին երկու օրերի ընթացքում հեղուկ գազը հանրապետությունում կրկին թանկացավ՝ շուրջ 20 դրամով։ Մեկ լիտրը որոշ լցակայաններում վաճառվում է 200 դրամով, լրագրողները՝ շրջայցերի արդյունքում պարզել են, որ ամենաէժան գինը Երևանում համարվում է 180-190 դրամը։ Հեղուկ գազի կտրուկ թանկացում, հիշեցնենք, արձանագրվեց հուլիսի կեսերին։ Վարորդները սկսեցին ահազանգել, որ մեկ լիտրի համար վճարում են 50-60 դրամով ավելի։
Մեր զրուցակիցը նկատում է՝ միջազգային բորսաներում գների որոշակի թանկացումներ կան, բայց հայաստանյան թանկացումներն ավելի շատ ոչ թե դրա հետեւանք են, այլ պայմանավորված են հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների խորը ճգնաժամով։
«Վրաստանի կողմից Հայաստանի շուրջ օղակը կամաց-կամաց սեղմվեց։ Այսինքն, սկզբում, Ռուսաստանի դեմ սահմանափակումներով պայմանավորված, որոշ ապրանքների արտահանումը խոչընդոտվում էր։ Իհարկե, ոչ օրինական ձեւով, քանի որ ոչ Վրաստանը, ոչ Հայաստանը չեն միացել հակառուսական պատժամիջոցներին։ 2022 թվականից սկսած այդ տենդենցը նկատվում էր։ Վերջին մի քանի ամիսներին ամեն ինչ ավելի սրվեց․ որոշ ապրանքատեսակներ՝ սահմանին պահելը, ապա ետ վերադարձնելը բերեց նրան, որ հայաստանյան արտահանողները մեծ տույժեր են կրում։
Կարդացեք նաև
Հայկ Ֆարմանյանը հիշեցնում է ամիսներ առաջ Վրաստանում տեղի ունեցած հակակառավարական ցույցերը․ «Հիմա, ստացվում է, որ ներկրվող ապրանքներին էլ են խոչընդոտում։ Կոնկրետ հեղուկ գազով բեռնված 500-600 մեքենաներ վրացիները պահել են սահմանին՝ առանց պատճառաբանության ու դա միանշանակ ազդում է գների թանկացման վրա»։
Հայ-վրացական հարաբերություններում ճգնաժամի խորության շերտերին տնտեսագետը չի տիրապետում, բայց, օդում կախված լուրերից տեղյակ է ու ըստ դրանց՝ Հայաստանն աջակցել է Վրաստանում հակակառավարական արեւմտյան շարժումներին․ «Եթե հիշում եք, տարբեր երկրներից՝ նույնիսկ ԱԳ նախարարների մակարդակով մասնակցում էին այդ շարժումներին։ Այս ամենը ես դրանով եմ պայմանավորում, որովհետեւ չի կարող եղբայրական պետության կողմից այս աստիճանի խոչընդոտներ ստեղծվեն հայ արտահանողների, այժմ նաեւ ներկրողների նկատմամբ։ Սա արդեն համատարած բնույթ է կրում եւ տեւական ժամանակ է, ինչ հայ արտահանողներն ու ներմուծողներն ամենքն իր գլխի ճարն է տեսնում՝ ինչպես կարողանում է։ Մի քիչ զարմանալի է, որ այս ամբողջը չի հասունանում, հակակառավարական բունտ չի դառնում, չի պայթում։ Կարծում եմ, դա էլ բիզնեսմենների առանձնահատկությանն է բնորոշ՝ սուս ու փուս սեփական հարցերը լուծել։ Մինչդեռ այս խնդիրը պետք է պետությունը լուծեր։ Փաստորեն, ի վիճակի չէ եւ ստացվում է, որ Հայաստանը տնտեսական անվտանգության լուրջ խնդիրներ ունի»։
Հիշեցնենք, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը մեկ շաբաթ առաջ իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր խնդրին՝ իրազեկելով, որ հեղուկ գազով բեռնված 331 մեքենա է մտել Հայաստան։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ