Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական նոր ուժի կազմավորման խնդիրը վաղուց է հասունացել՝ առնվազն 2020-ի նոյեմբերից․ «Հայացք Երևանից»

Հուլիս 27,2025 10:00

Հայաստանում քաղաքական նոր ուժի կազմավորման խնդիրը վաղուց է հասունացել՝ առնվազն 2020-ի նոյեմբերից, երբ 44-օրյա պատերազմը խայտառակաբար տանուլ տված Գերագույն գլխավորը, իր անկյալ խմբակի հետ, ցուցադրեց լիակատար անզորություն ու չկայացածություն: Հետպատերազմյան ավելի քան չորսուկես տարվա ընթացքում երկիրը ոչ միայն ի զորու չեղավ շտկելու մեջքը, այլեւ ծանր ու անդառնալի կորուստներ ունեցավ եւ ցայսօր շարունակում է ունենալ: «Տգետների» կառավարությունը քոռուփուչ արեց ոսկե ժամանակը, որը կարելի էր լավագույնս օգտագործել՝ ի շահ պետության ու տառապյալ ժողովրդի, սակայն նախընտրեց գնալ սեփական աթոռն ամեն գնով պահելու ուղով:

Նորանկախ հայոց պետականության բուն գոյությունը լրջագույն վտանգի ենթարկած այդ անձի գերնպատակը դարձյալ իր աթոռն անառիկ պահելն է: 2026թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ այդ գերխնդրի հանգուցալուծմանն են ծառայում Նիկոլ Փաշինյան բռնապետի բոլոր գործողություններն ու մտածումները: Օր օրի սաստկանում, համատարած բնույթ են ստանում բռնությունները, ձերբակալություններն ու շինծու մեղադրանքով մարդկանց կալանքները: Այն մարդկանց, որոնք քննադատում են իշխանությունների վարած կործանարար քաղաքականությունը կամ անարդյունավետ ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերի վերաբերյալ ազատ արտահայտում իրենց անհամաձայնությունը:

Երկրի ներսում դիմադրության օջախները չեզոքացնելու՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը պարզ է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետագա զիջումների ճանապարհից հեռացնել համախմբում ապահովելու ունակ ուժերին ու անհատներին՝ կանխելով միաժամանակ փողոցային հավանական քաղաքական պայքարը, որը կարող է տեղի ունենալ: Ի՞նչ ասել սրան՝ զգուշավորությո՞ւն, թե ներքին վախ, էական չէ, փաստը մնում է փաստ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իր համար կարեւոր երկու խնդիր է լուծում՝ ա/ կանխում է իր երկրորդ վերարտադրությանը սպառնացող վտանգները եւ բ/ ձերբազատվում է թուրք-ադրբեջանական զույգի հերթական պահանջներն ի կատար ածելու կաշկանդվածությունից:

Այդ նպատակին են միտված քաղաքական ուժերի՝ մասնավորապես ՀՅԴ-ի, հոգեւոր եւ քաղաքական նշանավոր գործիչների, հեղինակավոր անհատների նկատմամբ վերջին շրջանի աննախադեպ բռնություններն ու կալանավորումները, որոնք լեգիտիմացնելու համար կեղծ մեղադրանքներ են «կպցնում» Փաշինյանի «գրպանային» դատաիրավական համակարգի ներկայացուցիչները: Կեղծիքը, «գործ սարքելու» ձեռնածությունները իրավապահ մարմինների հիմնական գործիքակազմն են դարձել: Քննչականը տարածում է հանցագործության մասին սուտ հաղորդագրություն, թե իբր բացահայտվել է «ռուսական գործակալական ցանց», հաջորդիվ՝ «վրացական սցենար» են, իբր, փորձել կիրառել ՀՀ-ում, օրեր անց էլ՝ բա չեք ասի «պետական հեղաշրջման փորձ» է կանխվել, «ահաբեկչություն», ֆլան-ֆստան եւ այլն:

Հետո ոստիկանությունն է օպերատիվ կերպով կպնում գործի՝ ի հայտ են գալիս «դզած-փչած» ձայնագրություններ, հանցավոր կապեր, կասկածելի հանդիպումներ, եւ «գործը» պատրաստ է, որին դատական ատյանը՝ նախապես հրահանգավորված, արդեն սպասում է համապատասխան վճիռը կայացնելու: Հայ հասարակությունն այս կապիկություններից, խարդավանքներից ու արհեստականություններից հոգնել է: Ամենուրեք սուտ ու կեղծիք է տիրում: Միակ ճշմարտությունը, որ յոթ տարվա մեջ լսեցինք այս Կառավարությունից՝ 7 տարի նույն՝ «առաջին դասարանում» մնալու մասին ինքնախոստովանությունն էր: Այն երեք ամիս առաջ՝ Կառավարության ապրիլյան նիստերից մեկում, հանձն էր առել ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Վերը նկարագրված իրավիճակները, որոնց վրա մանրամասն կանգ առանք, հանգեցրել է իշխող ուժի օրինական հեռացման եւ նոր քաղաքական ուժի ստեղծման հրամայականին, ինչի մասին հուլիսի 4-ին ԱԱԾ-ի կալանավայրից հայտարարեց «Տաշիր խմբի» հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանը, ապաեւ 10 օր անց վերահաստատեց մտադրությունը:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031