Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն ինչո՞ւ է ամեն ինչ անում, որ արցախցիներին մղի դեպի ընդդիմություն, միգուցե ուզում են նորից սեւ ու սպիտակ խաղան, եւ սեւի դերում արցախցիները լինեն»

Հուլիս 27,2025 11:59

«Առավոտի» զրուցակիցն է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանը։

-Պարոն Ավանեսյան, վերջին հանրահավաքից հետո հնարավոր չեղավ համախմբում ապահովել, եւ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ դադարեցնում է ցույցերը։ Ինչո՞ւ հնարավոր չեղավ համախմբում ապահովել։

-Նախ եւ առաջ ներսում՝ հենց արցախցիների շարքերում սրիկաներ կային, որ հակաքարոզչություն էին տանում անընդհատ։ Հակաքարոզչության թեման էլ այն է, որ մեկ է` ոչ մի բան չի փոխվելու։ Նաեւ Արցախի քաղաքական ուժերն են բացասական աշխատանք տարել, խանդի հարց կար երեւի, որովհետեւ խորհուրդն արդեն անուն էր ձեռք բերում։ Հայաստանի ընդդիմությունը հետեւում էր մեզ, բայց պետք է ավելի ակտիվ լիներ։ Տպավորություն է ստեղծվում, որ բոլորին ձեռնտու է, որ այս հարցերն այսպես մնան։ Ընդդիմությանը ձեռնտու է, որ հետագայում փորձեն արցախցիներին օգտագործել որպես իրենք ընտրազանգված։ Թեկուզ եւ մի քիչ անհասկանալի է, թե ո՞նց կարող են արցախցիներին որպես ընտրազանգված օգտագործել, որովհետեւ արցախցները ձայնի իրավունք չունեն։ Բացի դա, արցախցիները միանշանակ կարծիք չունեն Հայաստանի խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, շատ արցախցիներ բացասական են վերաբերում ոչ միայն Հայաստանի իշխանությանը, այլ նաեւ խորհրդարանական ընդդիմությանը։

-Ի դեպ, Հայաստանի իշխանությունն էլ է այդ թեզն առաջ բերում, թե ընդդիմությունն ուզում է արցախցիներին օգտագործել որպես ընտրազանգված։ Այդքան հե՞շտ է արցախցիներին օգտագործելը։

-Ես կարծում եմ, որ ամեն ինչ կեղծ սպասելիքների մեջ է։ Ինձ մոտ հարց է ծագում՝ այդքանն իմանալով, իշխանությունն ինչո՞ւ է ամեն ինչ անում, որ արցախցիներին մղի դեպի ընդդիմություն։ Միգուցե ուզում են նորից սեւ ու սպիտակ խաղան, եւ սեւի դերում արցախցիները լինեն, որովհետեւ երբ արցախցիների հարցերը չես լուծում, մարդիկ ուրիշ կերպ են արդեն ամեն ինչին նայում։ Այն փոփոխություններն էլ, որոնք արել են բնակապահովման ծրագրում, դրանից մաքսիմում կարողանում են օգտվել 1/3-ը, իսկ արցախցիների 2/3-ն ապրում են երեւանամերձ համայնքներում, որովհետեւ գործ գտնելը խնդիր է մյուս համայնքներում։ 2023 թվականին, երբ մարդիկ Արցախից բռնի տեղահանվել են, հիմնականում սահմանամերձ գյուղերում էինք տեղավորված։ Գործ փնտրելով՝ եկել հասել են մինչեւ Երեւան, ընտանիք կա, երեխան երեք դպրոց է փոխել, վերջապես տեղավորվել են, հիմա առաջարկում են բնակարան գնել նորից սահմանամերձ գյուղում, որտեղ էլի աշխատանք չկա։ Մի քիչ անհասկանալի է կառավարության գործունեությունը։ Նույնիսկ, երբ ստիպում են օգտվել բնակապահովման այդ ծրագրից, միանշանակ չէ, որ պետության համար դա օգտակար է, որովհետեւ պետության կողմից բանկերին տրվող տոկոսը տարվա կտրվածքով ավելի շատ է, քան այդ ընտանիքի համար տուն վարձելու բեռը բյուջեի վրա։ Թե ինչո՞ւ են այդքան շահագրգռված, որ անպայման մարդիկ գնան տուն առնեն, այն դեպքում, երբ շատերն ասում են՝ մեզ այս տունը պետք չէ, մենք Արցախի տունն ենք ուզում։ Այսպիսի հարցեր կան, որոնք ավելի լուրջ վերլուծության պետք է ենթարկել։

-Ի՞նչ աշխատանքով է զբաղված խորհուրդը հիմա, ի՞նչ եք նախատեսում։

-Խորհուրդը ձեւաչափն է փոխում, կազմի վրա է աշխատելու, որովհետեւ այս գործընթացում նաեւ բացթողումները բացահայտվեցին։ Խորհուրդը պատրաստվում է նաեւ մարզերում աշխատանքները շարունակել, ինչպես հայտարարվել է վերջին ցույցի ժամանակ։ Ես ավելի վաղ ասել էի՝ եթե երկրորդ հանրահավաքում ավելի քիչ մարդ լինի, քան առաջին հանրահավաքում էր, ես այլեւս այդ հարցերով չեմ զբաղվելու։ Հիմա այդ որոշումը կայացրել, եմ, այլեւս չեմ զբաղվելու խորհրդի աշխատանքով, որովհետեւ ինձ համար անընդունելի է, որ ժողովուրդը դուրս չի գալիս իր կարծիքը հայտնելու։ Ընդամենը պետք է դուրս գան ու կառավարությանն ասեն՝ մենք ձեզ հետ համաձայն չենք։ Խորհրդի կազմում հիմնականում երեւի երիտասարդներն են մնալու, ես պատրաստ եմ իրենց օգնել, բայց այլեւս չեմ լինելու խորհրդի կազմում։ Արդեն 40 տարի է՝ հերթական անգամ հիասթափվել եմ մեր ժողովրդից։

Ինչո՞ւ են մարդիկ անտարբեր, վերլուծե՞լ եք իրավիճակը, հիասթափվա՞ծ են, այլեւս հույս չեն կապո՞ւմ որեւէ անհատի, միավորի կամ քաղաքական ուժի հետ։

-Ես չեմ կածում, որ խորհրդի նկատմամբ պետք է լինի անվստահություն ու հավատի կորուստ կա։ Կրկնում եմ՝ մարդիկ կան, որ իրենց էգոն կերակրելու համար անընդհատ խորհրդի դեմ գրառումներ էին անում սոցիալական ցանցերում։ Այդ մարդիկ հիմնականում ապահովված են բնակարանով, բայց ինձ համար զարմանալի էր, թե մարդիկ, ովքեր սպասում էին աջակցության գումարներին, ինչո՞ւ էին իրենք էլ այդ բանն անում։ Երեւի թե ոչ թե մեր նկատմամբ, այլ կառավարության նկատմամբ է այդ անտարբերությունը, երեւի տեսել են, որ ոչ մի ճնշում չի ազդում այս կառավարության վրա, իրենք իրենց ասածը մինչեւ վերջ տանում են։ Ցանկացած հարցում կառավարությունն իբր բանակցում է, բայց մեկ է, էլի իրենք որոշումը թողնում են ուժի մեջ, չնայած մարտի հանրահավաքից հետո երկու ամսով երկարաձգեցին աջակցության ծրագիրը։ Այսինքն՝ կա օրինակ, երբ ճնշում է գործադրվում, արդյունք լինում է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031