Հայաստանում զբոսաշրջային ոլորտում մոտ 50 տոկոսով գների բարձրացում կա, եւ սա իր ազդեցությունն է ունենում ոլորտի վրա, գները պետք է կարգավորվեն։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Զբոսաշրջության կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ այս տարվա հունիսին Հայաստան է այցելել է 215 253 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 180 718-ի փոխարեն։ Թեեւ հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ զբոսաշրջային այցելությունների թվի աճ է գրանցվել, սակայն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 11.3%-ով։
«Թվերին, որ նայենք, ուրախալի է՝ հունիսին աճ կա։ Երբ ունենանք կիսամյակի տվյալները, կկարողանանք հստակ ասել։ Այն, որ արդեն ոլորտը վերականգնվում է, դա լավ է, բայց դա այն չէ, ինչին պետք է հասնենք։ Հիմա այցելություններ ունենք, իրավիճակը դրական եմ գնահատում, բայց երկարաժամկետ հատվածի համար անելիքներ ունենք, որպեսզի կարողանանք սա պահպանել։ Եվ նախորդ տարվա նվազումը, եւ այս տարվա առաջին եռամսյակի նվազումն, ըստ էության, մեզ համար ահազանգ էր, որ պետք է մի հատ շահագրգիռ կողմերով նստենք եւ մեր քաղաքականությունները վերանայենք։ Առաջընթացը պահպանելու համար շուկայի ահազանգին պետք է հետեւենք եւ նստենք ու տեսնենք, թե ինչ անելիքներ ունենք»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։
Նրա խոսքով՝ առաջնահերթ ոլորտի գնային քաղաքականությունը պետք է վերլուծել, թե ինչն է ազդել գնաճի վրա։ «Ես նկատի չունեմ օբյեկտիվ ու մրցունակ գները, որոշ դեպքերում մենք ունենք անհարկի գնաճ։ Եվ մրցունակ գներ ապահովելու համար անելիքներ ունենք, մենք ծրագիր ունենք, առաջարկ ենք արել, դա շրջանառվում է եւ հույս ունենք, որ պետք է ընդունվի, որ ունենանք օբյեկտիվ ու մրցունակ գներ։ Եվ պետք է համոզված լինենք, որ այս բոլոր համալիր միջոցառումների իրականացմամբ ունենալու ենք լավ արդյունք»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, թե որքա՞ն է կազմում գնաճը զբոսաշրջության ոլորտում եւ հիմնականում որ ծառայություններն են թանկացել, Մեխակ Ապրեսյանն ասաց, որ թանկացել են հանրային սնունդը, տրանսպորտային ծառայությունները, մի փոքր գնաճ կա նաեւ հյուրանոցային ծառայությունների ոլորտում։ Դրան գումարած դրամի արժեւորումը, ստացվում է, որ արտարժույթով մոտ 50 տոկոսով գների բարձրացում կա ոլորտում։ Եվ սա իր ազդեցությունն ունենում է ոլորտի վրա։ «Դրա համար մենք պետք է այնպես անենք, որ մեր գները շուկայում ձեւավորվեն օբյեկտիվորեն որակ-գին հարաբերակցության մեջ։ Ես կողմնակից չեմ, որ մենք ունենանք էժան տուրիզմ, մենք էժան ու մասսայական տուրիզմի երկիր չենք եւ չպետք է լինենք, դա կայուն տուրիզմ չէ, օգտակար չէ։ Մենք պետք է ունենանք մրցունակ գներ, մեր դիրքը պետք է ունենանք շուկայում եւ պետք է կայուն զարգացում ունենանք։ Մասսայական էժան տուրիզմը դա օգտակար չէ, մեզ համար չէ, ոչ էլ պետք է ունենանք չափազանց բարձր ու անհարկի թանկացած գներ»,- հավելեց նա։
Ինչպե՞ս պետք է կարգավորվեն գները, պետությունը լծակներ ունի՞՝ միջամտելու մասնավորի գնային քաղաքականությանը։ Այս հարցին ի պատասխան Մեխակ Ապրեսյանն ասաց, որ պետությունը կարող է միջամտել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, օրինակ, երբ շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ կլինեն։ Մնացած դեպքում պետությունը լծակ չունի եւ չպետք է ունենա։ Ըստ Ապրեսյանի՝ պետության դերն այստեղ պետք է լինի բարենպաստ գործարար ներդրումային միջավայր ապահովելը, այնպիսի հարկային քաղաքականություն վարելը, որպեսզի դա գների բարձրացմանը չհանգեցնի, ընդհակառակը, բերի բարենպաստ միջավայրի ստեղծմանը եւ դրանով նպաստի մրցունակ առաջարկների ու գների ձեւավորմանը։
«Մեր առաջարկը դրան է վերաբերում, մենք ամենեւին հարկային արտոնություն չենք ուզում, մենք պարզապես ասում ենք՝ ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կիրառենք ԱԱՀ զրոյական դրույքաչափ, ինչը ոչ թե արտոնություն է, այլ հենց ԱԱՀ տրամաբանության ու էության մեջ է։ Ապրանքների արտահանման նկատմամբ կիրառվում է ԱԱՀ զրոյական դրույքաչափ, իսկ ներգնա զբոսաշրջային փաթեթի իրացումը օտարերկրացիներին դա էլ զբոսաշրջային ապրանքի արտահանում է, սա կիրառելու դեպքում մենք զգալիորեն կմեղմենք գնաճը եւ թույլ չենք տա անհարկի գների բարձրացում»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ