Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. «Նիկոլ Փաշինյանը թաքնվում է Հայոց եկեղեցու հավատավոր զավակ լինելու արտահայտության ներքո եւ դրա տակ ծավալում է Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին պառակտող, հայ ժողովրդի մեջ թշնամանք սերմանող գործունեություն»

Հուլիս 27,2025 15:57

Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Կաթողիկոսական դամբարանի եւ աղոթատեղիի բացմանը ներկա գտնվելուց հետո ասաց. «Քրիստոսի Պայծառակերպության տոնը մի հրաշալի առիթ է, որպեսզի հավատացյալ ժողովուրդը եւս մեկ անգամ այցելի եկեղեցի: Եվ ես ուզում եմ, որպեսզի այն օրհնանքը, որ հղեց Վեհափառ Տերը եւ մեր հոգեւորականները պատարագների ժամանակ, իսկապես տեղ հասնեն, մեր ժողովրդի համար լինի համերաշխություն եւ մենք հնարավորություն ունենանք արագ վեր հառնել եւ ամրանալ այն վիճակից, որը ցավոք սրտի, այսօր կա»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռի եւ Վեհարանի վրա գրոհելու մտադրությունից չհրաժարվելու եւ նրա հայտարարության մասին, թե պետք է պատրաստվել «հոգեւոր մեծ հանդիպման» Էջմիածնի  կենտրոնական հրապարակում, Արման Թաթոյանը ասաց. «Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, բացարձակ ապօրինի գործընթաց է: Նա ի՞նչ է անում: Նա թաքնվում է Հայոց եկեղեցու հավատավոր զավակ լինելու արտահայտության ներքո եւ դրա տակ ծավալում է Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին պառակտող, հայ ժողովրդի մեջ թշնամանք սերմանող գործունեություն:

Հանրային պաշտոնատար անձանց հետ կապված, հատկապես այն պարագայում, որ նա երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձն է, նա ունի կոնկրետ լիազորություններ, կոնկրետ կարգավիճակ: Եվ նրա կարգավիճակի տեսանկյունից որեւէ մեկին չի հետաքրքրում, թե նա ինչ համոզմունքներ ունի, այդ օրը արթնանում է ինչ տրամադրությունով, մի ոտքի վրա է արթնացել, երկու ոտքի վրա, թե ինչ-որ հույզերով: Նա ունի պաշտոնական կոնկրետ կարգավիճակ եւ կոչված է այդ կարգավիճակից բխող լիազորություններ իրականացնելու: Դրանից ցանկացած շեղում արդեն օրենքի կոպիտ խախտում է:

Չի կարելի թաքնվել բարոյական, հոգեւոր արտահայտությունների ներքո եւ դրանից հետո ծավալել անօրինական, կարգավիճակը կոպիտ խախտող գործողություններ: Նույնը  վերաբերում է պատգամավորներին, որոշ նախարարների: Տպավորություն է, որ սա կազմակերպված գործընթաց է, հստակ դերաբաժանումով:Նրանից բխում է ամբողջ քաղաքականությունը, նա գաղափարները տալիս է եւ հետո բարձրաստիճան տարբեր պաշտոնատար անձինք, պատգամավորներ, որոշ նախարարներ եւ այլն, սկսում են գործել դրանց իրագործման ուղղությամբ:

Ես ուզում եմ եւս մեկ անգամ հստակ ասել, որպեսզի պարզ լինի նաեւ մեր քաղաքացիների համար. պաշտոնատար անձը ունի կոնկրետ պարտականություններ: Նա չի կարող անել այն, ինչ ուզում է, եթե նրա գործողությունները այդ կարգավիճակից չբխեն: Բացեք, ցույց տվեք որեւէ օրենք, կարգ, որտեղ նախատեսված են նրա այդ գործողությունները: Նա չունի այդ լիազորությունները եւ տեսեք, թե ինչ եղանակներով է դա անում:

Ինչ-որ ընթացակարգ է մշակել, չափանիշներ է սահմանել: Ո՞վ է այդ չափանիշները որոշել, ինչպե՞ս է դա արվել: Եթե մենք խոսում ենք հայոց եկեղեցու մասին, մենք խոսում ենք նաեւ հայ ժողովրդի, հայոց պատմության մասին: Հայոց պետականության, հայ ժողովրդի եւ Հայոց եկեղեցու պատմությունը միահյուսված է, սրանք մեկ միասնական ամբողջություն են: Ու չես կարող տարանջատել:

Եվ երկրորդ, պատմական շատ փաստեր կան, որ ապացուցում են, որ հայոց պետականությունը ուժեղ է եղել, երբ աշխարհական եւ հոգեւոր իշխանությունները եղել են միասնական: Եվ պատահական չէ, որ այսօր մեր հայոց աշխարհական կամ իրավական համակարգի հիմքերում եղել են նաեւ  հոգեւորականները, որոնք իրավական կանոններ են ստեղծել եւ դրանք անգամ հիմա համարվում են գոհարներ:

Իսկ ինչ վերաբերում է այս չափանիշներին, դրանք ապօրինի են, պառակտում են հայոց եկեղեցին, հայ ժողովրդին: Հիմա պատկերացրեք, որ այդ պրոցեսով մարդ են ընտրում՝ տեղապահ: Դա ապօրինի է, կյանքի, գոյության իրավունք չի էլ ունենալու: Եվ քանի դեռ սրանք իշխանության են, անընդհատ իշխանական լծակներով փորձելու են դա առաջ տանել:

Ու եւս մեկ հանգամանք: Մենք չպետք է մոռանանք, որ այս գործընթացը համընկնում է, հրաշալիորեն համահունչ է  ադրբեջանական քաղաքականությանը: Մենք այսօր մոնիթորինգ ենք անում: Եվ ասեմ, որ ադրբեջանցիների հոգեւոր առաջնորդը Եկեղեցիների համաշխարհային խորհրդին օրեր առաջ նամակ է հղել: Նույն բառերն են, ինչը Հայաստանի վարչապետն է օգտագործում, նույն տերմինները, ինչ օգտագործում են Հայաստանի պաշտոնատար անձինք: Իսկ Ադրբեջանում դա Հայաստանի ոչնչացման, զավթման միասնական քաղաքականության մաս է: Ու կարծում եք, թե նրանց հոգեւոր առաջնորդը այդպես ինքն իրեն նման հայտարարություն է անո՞ւմ: Իհարկե, ոչ: Նրանք էլ այնտեղ են դերաբաժանում արել եւ այսպես ասած, հոգեւոր, հումանիտար շղարշի ներքո տանում են հայոց եկեղեցին պառակտելու ու նաեւ Հայաստանը զավթելու ծրագիր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031