Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես, իմ փողը, ուզեմ՝ կծախսեմ, չուզեմ՝ չեմ ծախսի, դուք ո՞վ եք»․ Ռուբեն Մխիթարյանը՝ Գյումրվա վարդավառյան կրքերի մասին

Հուլիս 27,2025 19:40

«Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո, որին սատարեցին ավագանու կազմում ընդգրկված ընդդիմադիր քաղաքական ուժերը, շատերը սպասում էին, որ այս քաղաքում ավագանու նիստերը պիտի լինեին աղմկոտ, վերածվեին սկանդալների, սակայն պիտի փաստենք՝ դրանք անցնում են բավական հանգիստ, հարգալից մթնոլորտում։ Այդուհանդերձ ավագանու ընդդիմադիր ու իշխանական անդամների միջև երբեմն որոշակի լեզվակռիվներ, բռնկումներ տեղի են ունենում ավագանու նիստերից դուրս՝ ֆեյսբուքյան հարթակում՝ գրառումների մակարդակով, ինչպես օրինակ՝ նախորդ օրը Վարդավառը տոնել-չտոնելու թեմայի շուրջ։

Լեզվակռվի մեջ էին ճանաչված պրոդյուսեր, «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն ու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի անդամներ։

Ռուբեն Մխիթարյանն այսօր Aravot.am-ին տված բացառիկ հարցազրույցում մեկ անգամ ևս հարկ համարեց պարզաբանել, թե ինչով էին պայմանավորված Գյումրիում սկիզբ առած վարդավառյան կրքերը։

«Վարդավառի տոնի հետ կապված շատ զավեշտալի  պատմություն է եղել, որի հետ գլոբալ առումով մենք այդքան էլ կապ չունենք, որովհետև այն, ինչ քարոզարշավի ժամանակ ես քաղաքին խոստացել եմ, ճիշտը խոսենք, խոստացել էի այն առումով, որ եթե ես ընտրվում եմ քաղաքապետ, փաստն է, որ քաղաքապետ չեմ, բայց ինչ-որ բաներ անում եմ։

Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում «Վերջին զանգ» նշվել է միայն Գյումրիում, այն էլ այդ տեսակի ու այդ մասշտաբի, երբ որ պիկի պահին հրապարակում 27 հազար մարդ է եղել, նման ցուցանիշ, կներեք՝ եթե երբևիցե եղել է, թող բարձրաձայնեն։

Որոշել էինք Վարդավառն այս տարի անել, քաղաքապետի հետ էլ էինք խոսել ու առաջարկություններ արել էի։ Հիշում եք՝ 2019 թվականին «Ճիշտը թացն է» մարկետինգային ծրագրի արշավի շրջանակում մի ամիս շուտ պտի սկսեինք քարոզարշավը, ռեստորանների, հյուրանոցների տերերի հետ պիտի հանդիպեինք, քաղաքը յուրահատուկ ձևավորում պիտի ունենար։

Մեծ գումար էինք ծախսելու, բայց որ եղավ Միքայել Սրբազանի դեպքը, պնդում եմ, որ նա քաղաքական բանտարկյալ է, ես ինքս եմ ասել՝ ժողովուրդ ջան, ես գտնում եմ, որ ճիշտ չէ, որ ես նման ձևի մեծ միջոցառում կազմակերպեմ, երբ որ քո Սրբազանը բռնված է։

Ես ասի՝ ես իմ առումով բարոյական չեմ համարում անեմ, մնացածն արդեն դուք որոշեք, ու եղել է ընդամենը իմ հայտարարությունը, որ այն, ինչ ես պիտի անեի, չեմ անելու։ Ուղղակի հայտարարության մեջ, որ գրել էի՝ մենք, բայց մենք ֆրակցիա ենք, հո չէի գրելու ես, մենք մի մանդատով մարդ չենք, ուրիշ բան են հասկացել։

Եթե ես հայտարարության մեջ գրել եմ մենք, դուք ուրիշ բան եք հասկացել, դա իմ խնդիրը չէ, ոչ մի տեղ այնտեղ գրված չէ՝ ես ու Գյումրու քաղաքապետարանը, կամ՝ մենք ու Գյումրու քաղաքապետարանը։ Բառացիորեն գրված է հետևյալը, որ Գյումրու քաղաքապետարանի հետ մենք քննարկել էինք և ուզում էինք լավ բան անեինք, բայց հաշվի առնելով, որ  տեղի է ունեցել քաղաքական բանտարկություն, մենք ճիշտ չենք համարում տվյալ միջոցառման տոնակատարության մեծամասշտաբ կազմակերպումը, ու խոսքը Վարդավառի մասին է, ոչ թե Քրիստոսի Պայծառակերպության տոնի։

Կներեք, ես Նիկոլ Փաշինյանի նման ամբարտավան չեմ, որ քրիստոնեական տոները կարողանամ արգելել կամ ասել՝ չենք անում։ Ես ասել եմ՝ այն միջոցառումը, որը մենք պիտի կազմակերպեինք Վարդանանց հրապարակում, զերծ ենք մնում դրա կազմակերպումից։

Վերջում էլ ավելացրել ենք՝ հորդորում ենք համաքաղաքացիներին՝ տոնը նշել պատարագների մասնակցելով և իրենց բակերում, ինչպես միշտ խաղացել են,  և այն, ինչ հիմա տեսնում ենք, ինչ-որ տեղի է ունեցել»։

Մեր դիտարկմանը, թե գուցե աղմուկ հանեց այն փաստը, որ Գյումրու քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց ձեր հայտարարությունը, Ռուբեն Մխիթարյանը շարունակեց․  «Թե ինչո՞ւ է քաղաքապետարանն իր էջում տեղադրել, ես ի՞նչ կապ ունեմ քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի հետ։ Հիմա եթե իրենք դնում են, հետո ջնջում են, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես իմ էջում եմ տեղադրել, ոչ թե քաղաքապետարանն իր էջում դրել է, ես էլ կիսվել եմ։ Իրենք էլ իմ էջից չեն կիսվել, ընդամենը վերցրել են ու իրենց էջում դրել են։

Հիմա ինչի՞ են ցնցումների մեջ ընկել Գյումրու ավագանու  «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները,  ինչ-որ մուննաթներ են գալիս՝ դուք ո՞նց կարող եք, իմ  փողն է, ուզեմ կծախսեմ, չուզեմ, չեմ ծախսի, դուք ո՞վ եք»։

Ի դեպ, Ռուբեն Մխիթարյանը տեղեկացրեց, որ զրպարտության ու վիրավորանքի համար դատի է տալու Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի անդամների։

Այս մասին՝ քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031