«Առավոտի» զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։
-Նախ տեղեկություն եղավ, որ ամերիկյան կողմը Սյունիքի ճանապարհն արտապատվիրակելու առաջարկ է արել Հայաստանին, այդ տեղեկությունը հաստատց նաեւ Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ Ալիեւի կողմից հնչեցին հերթական պահանջները, որ ճանապարհին հայ սահմանապահներ չպետք է լինեն։ Իսկ հետո ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը հայտարարեց, որ հայկական կողմը մերժել է այդ ԱՄՆ առաջարկը, քանի որ ինքնիշխանության զիջման վտանգ կար։ Ի՞նչ են ցույց տալիս այս գործընթացները։
-Ամերիկան ոչ միայն հետաքրքրված է, այլ նաեւ եղել է կոնկրետ առաջարկ։ Եվ այս մասին արդեն պաշտոնապես հայտարարվել է։ Ինչ վերաբերում է հարցին, թե առաջարկի վերաբերյալ ինչ քննարկումներ են եղել, ինչ ձեւաչափով է քննարկվել, արդյոք Անվտանգության խորհրդի նիստում նման հարց դրվել է եւ քննարկումից եկել են այն հայտարարին, որ կա ինքնիշխանության խնդիր, դա չեմ կարող ասել։ Հրապարակայնորեն չի հայտարարվել ԱԽ նիստի մասին, որի ընթացքում պետք է համապատասխան հարցը քննարկման դրված լիներ։ Իրականում չեմ կարող ասել՝ ամերիկյան առաջարկը մերժվել է, թե ոչ կամ ինչ մակարդակում է եղել այդ մերժումը։ Հայտնի էլ չէ, թե ինչ մակարդակում է եղել այդ առաջարկը, ում կողմից է այդ առաջարկը ներկայացվել, ինչ ձեւաչափով է քննարկվել եւ այդ պատասխանն ինչ մակարդակով ում է եղել հասցեագրված։
Ընդհանուր առմամբ վերջին գործընթացներից կարելի է տրամաբանել ու ենթադրել, որ փորձ է կատարվում տարածաշրջանը հնարավորինս դուրս մղել ռուսական ազդեցությունից։ Եվ դա արվում է ոչ միայն Հայաստանի միջոցով, այլ նաեւ Ադրբեջանի։ Վերջերս ադրբեջանա-ռուսական հարաբերությունների սրումը, կարծում եմ, հենց դրա մաս էին կազմում։ Այս առումով բնական է, որ ԱՄՆ-ն նաեւ աշխատելու է Հայաստանի հետ, փորձելու է առաջարկություններ անել, որոնք ավելի ընդունելի կլինեն գործող իշխանությունների համար, քան Ռուսաստանի կողմից այս պահի դրությամբ առկա առաջարկները։
Կարդացեք նաև
-Այս տեղեկությունից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Էրդողանի եւ Ալիեւի հետ, հնարավո՞ր է, որ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հարցն իրականում թուրքական գաղափար է։
-Իհարկե, շատ հավանական է, որ հենց Թուրքիայի կողմից է եղել այդ առաջարկը, որովհետեւ Թուրքիան ամենաշահագրգիռ կողմն է այս գործընթացում։ Թուրքական կողմը փորձելու է բանեցնել հնարավոր բոլոր քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական մեթոդները՝ իր առջեւ ծառացած այդ խնդիրը լուծելու համար։ Այստեղ մենք պետք է հասկանանք, որ ունենք նաեւ շրջափակման հարց, մեզ արտաքին աշխարհին կապող հիմնական ու գլխավոր սահմանը Վրաստանի հետ սահմանն է։ Թուրքիան ունի շատ մեծ ներգրավվածություն Վրաստանի տնտեսական կյանքում եւ կարող է որոշակի գործիքակազմ օգտագործել՝ Հայաստանի նկատմամբ դե ֆակտո սանկցիաներ կիրառելու եւ ստիպելու որոշակի զիջումների գնալու առումով։ Վերջին շրջանում ես նաեւ այդ տրամաբանության մեջ եմ տեսնում հայ-վրացական անցակետում հայ արտահանողների ու ներկրողների համար առկա բարդություններն ու խնդիրները։ Որոշ դեպքերում այդ խնդիրներն ունեն զուտ բյուրոկրատական ու երկրորդային պատճառներ, եւ ինձ համար զարմանալի չէ, որ դա տեղի է ունենում հենց այս քննարկումներին զուգահեռ։ Շատ հնարավոր է, որ հենց թուրքական կողմի անմիջական ներգրավվածությամբ է այդ գործընթացը տեղի ունենում։
-Թուրքիան ու Ադրբեջանը վերջին շրջանում ակտիվ տարածում են տեղեկություն, որ Սյունիքի ճանապարհը պետք է օգտագործեն, եւ իրենք «միջանցք» են անվանում այն։ Այս պայմաններում, երբ կարծես թե ճանապարհի արտապատվիրակման հարցով համաձայնություն ձեռք չի բերվում, հավանական համարո՞ւմ եք, որ ուժով կարող են փորձել Հայաստանից խլել այդ ճանապարհը։
-Առնվազն չեմ բացառում, հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում։ Բնական է, որ սկզբում փորձելու են օգտագործել իրենց ձեռքի տակ եղած ոչ ռազմական բոլոր գործիքակազմերը։ Իսկ չհաջողելու դեպքում, կախված արդեն աշխարհաքաղաքական իրողություններից, ուժի սցնենարը չեն բացառում։ Այստեղ խոսքը տարածաշրջանային խնդրի մասին չէ, այլ աշխարհաքաղաքական խնդրի մասին է։ Ուստի, չեմ կարծում, որ միայն Թուրքիայի ցանկությունը բավարար է միջանցքը ռազմական ճանապարհով ստանալու համար։ Առնվազն պետք է աշխարհաքաղաքական կոնսենսուս լինի այդ քայլին գնալու համար։ Օրինակ՝ Արցախի դեպքում այդ կոնսենսուսը կար եւ ոչ միայն մեկ աշխարհաքաղաքական բեւեռի կողմից էր այդ կոնսենսուսն ապահովվել, այլ մի քանի բեւեռների կողմից։ Ուստի, թուրքական կողմն անմիջական ներգրավվածություն ուներ, նրանք չեն էլ թաքցրել, ակնհայտ հայտարարել են այդ մասին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.07.2025