Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրունի արվեստագետը «պեղել» ու վեր է հանել երկու հանճարների անհայտության քողով պարուրված գոհար-գանձերը և նրանց փոխանցել նոր ժամանակներում ապրելու, երաժշտական նոր ձևաչափերով հնչելու շունչ

Հուլիս 28,2025 15:05

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում օրերս կայացավ Վահան Արծրունու Մաշտոց-Կոմիտաս խորագրով երեկոն, որի ընթացքում հնչեցին «Մաշտոց. սրբազան մարգարիտները»՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի V դարի շարականները Վահան Արծրունու մեկնությամբ և Վահան Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը` գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա:

Իմացողը գիտի` Վահան Արծրունու ներկայացրած ազգային հոգևոր երաժշտական երևույթի մասին ու դրա արժեքը: Մենք չենք գերագնահատում, պարզապես չիմացողներին ցանկություն ունենք տեղեկացնելու, թե ի՞նչ երևույթի մասին է խոսքը, որն այդքան բարձր է գնահատվում:

Եվ այսպես. Aravot.am-ը իր ընթերցողին է ներկայացնում երկու երևույթների նոր ձևաչափով հանրությանը ներկայացնելու մշակութային գնահատականն ու հոգևոր երևույթի համառոտ էությունը` համերգային այս ձևաչափի կատաման առիթով: Հայտնենք, որ Ազգային օպերային թատրոնում մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, երաժշտական հնարավոր ամենախոշոր ձևաչափով ներկայացվեց կոմպոզիտոր, երգչի վերոնշյալ ստեղծագործությունները, մասնակցությամբ սոպրոնա Նելլի Քալաշյանի:

Խոշոր ձևաչափի մասին շեշտադրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արծրունու կողմից Մեսրոպ Մաշտոցի 11 միաձայն շարականների և Կոմիտասի գրած բանաստեղծություններից ընտրված 10 պոետական գործերի հիման վրա իրականացված բազմաձայն մշակումները ի սկզբանե իրականացված էին երաժշտական կամերային ձևաչափերով, և միայն օպերային թատրոնի նվագախմբի (կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյան) հետ համագործակցության արդյունքում է հնարավոր դառնում «գերխիտ» երևույթին հաղորդելու մոնումենտալ հնչեղություն, որն ամբողջ խորությամբ պարունակում է ազգային երկու մեծագույն հանճարների փոքր ձևաչափերի մեջ ամփոփված գոհար ստեծագործություններում կամ հեղինակի ձևակերպմամբ` «Սրբազան մարգարիտներում»:

 

Իսկ երևույթի բացառիկությունն ու մեծությունն այն է, որ Արծրունի արվեստագետը գործնականում «պեղել» ու վեր է հանել երկու հանճարների անհայտության քողով պարուրված գոհար-գանձերը և նրանց փոխանցել նոր ժամանակներում ապրելու, երաժշտական նոր ձևաչափերով հնչելու շունչ, ինչը ի պատիվ Վահան Արծրունու և մեր մշակութային գործիչների, ժամանակի ընթացքում այն հնչեց և՜ աշխարհագրական լայն ընգրկումով, և՜ երաժշտական աստիճանաբար մոնումենտալացող ֆորմաներով:

405թ. հայոց գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի համագործակցությամբ ստեղծված մոտ 130 շարականներից պահպանվել են Մաշտոցի հեղինակած 11 շարականները, որոնց մասին Վահան Արծրունին մանրամասն ներկայացրել է իր ամենատարբեր հրատարակություններում, իսկ Կոմիտաս հանճարի գործունեությունը հայտնի է որպես Մեծ Մշակի, ոչ հեղինակի, այլ Մեծ Մշակողի, իսկ իր իսկ կողմից ստեղծված գործերը, որոնք միշտ ծածկված են եղել գաղտնիության անթափանց քողով: Դրանք իր գողտրիկ, փոքրիկ, անհայտ բանաստեղծություններն են, որ Արծրունու «հայտնությամբ» նոր կյանք ու շունչ են ստացել, իրենց մեջ պարունակելով Մեծ Հանճարի հանճարեղ կնիքը:

Միանշանակ մշակութային մեծ տոն է դարավոր արժեքների վերհանումը և այդ հանճարեղ «Սրբազան մասունքները» նոր ու նորացող սերնդին մատուցումը: Ի դեպ, Մեսրոպյան շարականների մեկնությունը` ձայնի, փողայինների, հարվածայինների և կամերային նվագախմբի համար փոխադրել է Մադաթ Ավանեսովը, իսկ կոմիտասյան բանաստեղծություններով երգաշարի գործիքավորումը` Դավիթ Դրամբյանը:

Սամվել Դանիելյան

Լուսանկարները` Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031