«50 հազարը լավ թիվ է ասում, հիմա պետք է հաշվել, թե այդ 50 հազարից քանի՞սն են նորելուկ օլիգարխները, որոնք այս իշխանության հետ եկան ու հիմա թռիչքաձեւ բարգավաճում են անհասկանալի տեմպերով։ Որքա՞նն են հենց իրենք իրենց հարազատներով, ՔՊ-ականամերձ նեղ շրջապատով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում։
Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է․ «Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, ոմանք արձագանքում են նյարդային։ Հուլիսի 27–ին միայն Սեւանի ափին ավելի քան 50 հազար մարդ է եղել՝ ճնշող մեծամասնությունը Երեւանից եւ 9 մարզերից։ Ընտանիքով Սեւանի ափ գալը ծախս է, շոշափելի ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը եւ ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում։ Երեւանի եւ հանրապետության ռեստորաններում տեղ ու դադար չկա․ դեռ բոլորովին վերջերս ռեստորան գնալը ճոխություն էր, անհասանելի ճոխություն։ Այսօր Հայաստանում ռեստորաններն ու սրճարանները սնկի նման են աճում, այդ ռեստորաններ եւ սրճարաններ այցելելը ծախս է․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը եւ ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում»։
Ըստ Թադեւոս Ավետիսյանի՝ շատ կարեւոր է այս թվում գտնել գոնե մեկ աշխատող աղքատի, որն աշխատում ու ստանում է նվազագույն աշխատավարձ։ «Լավ կլիներ այդ 50 հազարի մեջ փնտրեին ու գտնեին մեկ միայնակ տարեց թոշակառուի եւ լուսանկարվեին տարեց թոշակառուի ճոխ սեղանի շուրջ։ Ընդհանուր առմամբ, իմ հաշվարկներով, այս իշխանության 7 տարիներին մեր բնակչության 40 տոկոսից ավելին սոցիալապես խոցելի խմբերն են՝ աղքատներ, չափավոր աղքատներ, միայնակ տարեցներ։ Նրանց սոցիալական վիճակն էլ ավելի վատացել է, եւ խնդիրներն էլ խորացել են, որովհետեւ գնաճի տեմպերը շեշտակի ավելի բարձր են եղել, քան այդ մարդկանց եկամուտների անվանական աճը։ Այսինքն՝ եկամուտներն աճել են անհամեմատ դանդաղ, քան գներն են աճել։ Այդ մարդիկ ավելի քիչ գնողունակ են դարձել այս իշխանության պոռոտախոս 7 տարիների ընթացքում»,- նշեց նա։
Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ Հայաստանի բնակչությունը 3 մլն է, 50 հազար չէ, չնայած, եթե այս իշխանությունը շարունակի մնալ իշխանության, այո, շատ մոտ ապագայում հնարավոր է ՀՀ 3 մլն բնակչությունը դառնա 50 հազար։
Կարդացեք նաև
«Եթե նույնիսկ մեկ կամ երկու տասնյակ հազար մարդիկ տոնական օրն իրենց թույլ են տալիս անցկացնել բնության գրկում, 3 մլն-ի մեջ դա թիվ չէ եւ դրանով առաջնորդվել ու գնահատականներ տալն ուղղակի ծիծաղելի է։ Մի այդպիսի ծիծաղելի հայտարարություն էլ արել էր իրենց նախկին թիմակիցը, որին հիմա իրենք դատում են․ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան ասում էր՝ Երեւան քաղաքի խցանումները ցույց են տալիս, որ տնտեսությունը թռիչքաձեւ աճում է։ Մեր պետությունը՝ որպես սոցիալական պետություն, պետք է առաջնահերթ քայլեր ձեռնարկեր եւ սոցիալապես խոցելի խմբերի հոգսը թեթեւացներ, բայց ընդհակառակը, այդ մարդիկ ավելի վատ են ապրում, քան 7 տարի առաջ»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ