Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա՛, երկիրը լուրջ պրոբլեմների մեջ, դուք ընկել եք շատրվանների երգի հետևի՞ց, անհարմար է, էլի»․ Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ականներին

Հուլիս 28,2025 16:14

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփելիս՝ անդրադարձավ Գյումրու շատրվաններում հնչող «Դոլյա վարավսկայա» երգին, որը բուռն քննադատության էր արժանացել ՔՊ-ականների, մասնավորապես էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի կողմից։ Նրանք նշում էին, այդ երգը քրեական բարքեր պարունակող է, և որ Վարդան Ղուկասյանը հին բարքերն է բերում Գյումրի։ Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել էր այդ թեմային իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Գողը բանտում պետք է լինի, ոչ թե շատրվաններ վայելի»։

Վարդան Ղուկասյանը, մեզնից լսելով, որ նաև կառավարության ղեկավարն է իրեն քննադատել, հարցրեց․ «Ինձ ենք քննադատե՞լ, հավատացեք, չեմ էլ հասցրել նայել, ուղղակի ինձ արագ ասացին, որ ըսենց բան կա։ Ես զարմանում եմ, ինձ ինչի՞ են ուղղում, քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ։

Գիտեք ինչ կա, ես մշտական անցնում եմ, մշտական տեսնում եմ էդ հատվածը, քաղաքը ոտքով պտտվում եմ, գիշեր ու ցերեկ դասական երաժշտություն է լսվում, էնքան հաճելի երաժշտություն է դրված։ Հավանական է, գիտեին՝ իմ հարյուր օրն է, ես պիտի ասուլիս տամ, իրիկունը, թեև երեկ իրիկունը ման էլ եմ եկել, չեմ լսել էդպիսի բան, դիտավորյալ արեցին։ Հիմա հաքերները ինչ ասես կարող են անել, կարող է էգուց էլ ադրբեջանական երաժշտություն դնեն, որովհետև էսօր տեխնիկան էնպես է, որ ամեն ինչ կարող են անել»։

Նա որպես ապացույց՝ միացրեց մի տեսանյութ, որտեղ ինքը խոսում էր իտալերեն։

«Երկիրը երրորդ համաշխարհային պատերազմի առաջ կանգնած է, իրենք ընկել են «Դոլյա վարավսկայա» երգի հետևից։ Էդ դարերն անցել են, քաղաքապետն ընդհանրապես էդ հարցերի հետ կապ չունի, հետո եթե ես քաղաքապետ եմ, էդ կյանքի հետ կապված ես ընդհանրապես կապ չունեմ, ես Ազգային ժողովի պատգամավոր եմ եղել, ես 13 տարի քաղաքապետ եմ եղել։ Դա ինձ հետ ի՞նչ կապ ունի, որ միանգամից ելնում են ու․․․

Մի հատ էլ նախարար կա, ջահել տղեն «իկ»-ով է խոսում, առավոտ տեսա։ Ես իր հորից մեծ եմ, անդաստիարակ մի տղա է։

Որ եկել, դարձել է էկոնոմիկայի նախարար, մենք հարյուր հատ խոշոր եղջերավոր անասուն էինք բերել վարկով և էդ գումարները մուծել էինք։ Պատահական տեսնում ենք, որ սրանք մտել էին դատարան և վճիռ են կայացրել, որ մենք էդ գումարները չենք մուծել, ուրեմն մեր հաշվի վրա կալանք է դրված, փակված է։ Իրենք գիտեն, որ ես վարկ ունեմ, փակել են, ուրեմն մենք վարձակալության գումար ենք ստանում, որ վերցնենք, էդ վարկերը մուծենք, ինձ սնանկացման տակ են գցում, պատկերացրեք՝ ինչքան քաղաքական ցածր մակարդակ․․․

Մենք տարել, ներկայացրել ենք, ասում ենք նայեք, մենք բոլոր գումարները մուծել ենք, հա մուծել եք, լավ եք արել, դե տվեք դատի։ Երկու տարի դատարաններն ենք, անդորրագրերը՝ ձեռքերս, էդ ամեն ինչը ձեռքերս։

Էդ երիտասարդին խորհուրդ կտամ, գնա, իր նախարարությունն անտեր ու դուրս է, գնա էդպիսի բաներով զբաղվի, էստեղ էնքան մարդ կա։

Հետո մի բան էլ խորհուրդ կտամ և՛ վարչապետին և՛ Հայաստանի Հանրապետության դատաիրավական ոլորտը ներկայացնողներին, ամբողջ երկրով մեկ մի հատ մոնիտորինգ արեք ու ասեք՝ որ քաղաքում, որ թաղում գողություն չկա, հանցագործություն չկա, նարկոմանիա չկա, կտեսնեք, որ «Սլաբոդկա» թաղամասում է դա։ Դռները բաց ենք մարդիկ ապրում, հլը բերեք, մեզ պարգևատրում տվեք, հլը գնացեք սադը, Գալստյան Լյովայի ժամանակ ամբողջ միլիցիան աշխատում էր, որ սադը հանցագործություն չլիներ, իսկ էս եղբայրները հանգիստ լավ, ոչ մի բան չկա․․․

Հլը գնացեք շատրվանները տեսեք, մի հատ անշնորհքություն, հայհոյանք, կեղտոտություն, կա՞, ընկել են ստից բաների հետևից, Սալվադորեի հետևից, անհարմար է»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031