Լրահոս
Օրվա լրահոսը

«65 տարեկան մարդ եմ, առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն, մեկ էլ եղել է 37 թվականին»․ Վարդան Ղուկասյանը՝ Միքայել Սրբազանի կալանավորման մասին

Հուլիս 28,2025 17:05

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփելիս՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորմանն, ասաց․ «Մեղադրանքին ծանոթ չեմ, կալանավորմանը վերաբերում եմ շատ բացասական։ 65 տարեկան մարդ եմ, առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն, մեկ էլ եղել է 37 թվականին, որ մենք լսել ենք։ Չնայած 37 թվականի էստեղի եպիկոպոսին, երբ որ ասել են՝ մորուքդ թրաշի ու դուրս արի հոգևորականությունից, ինքն էն ժամանակ ասել է՝ իմ մորուքի ամեն մի մազը ձեր պես տաս հատ աշխատող արժի, և իրեն աքսորել են։

Իսկ ես եկեղեցու դիմացի փողոցը կոչեցի իր անունով՝ եպիսկոպոս Արտակ Սմբատյանի։ Հզոր եպիսկոպոս է եղել, Շիրակի թեմի առաջնորդն է եղել և կալանավայրում էլ մահացել է, Սրբոց դասին է դասվել, լույս իջնի շիրիմին։

Դատապարտում եմ թե՛ մեր Սրբազանի և թե՛ Բագրատ Սրբազանի կալանավորումը, երկուսն էլ գյումրեցիներ են։ Չնայած մեր ջրերը նույն առվով չեն գնացել, բայց ես իրեն հարգում եմ, գտնում եմ, որ քաղաքական պատվեր են արել»։

Հարցին էլ, թե շատերը քննադատում են Վարդան Ղուկասյանին, որ թե՛ Շիրակի թեմի առաջնորդարանի խուզարկությունների ժամանակ, և թե՛ Էջմիածնից Միքայել Սրբազանին ձերբակալելու ժամանակ դուրս չի եկել նրան սատարելու, Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Գիտեք ինչ, որ էսքանիդ ներկայությամբ ես իմ կարծիքը հայտնում եմ, էլ զգուշավորությունը ո՞րն է։ Ի՞նչ է, էս պահին պիտի գամ, ոստիկանների հետ «բառբա» կպնի՞մ, ի՞նչ պտի անեմ, որ գամ։

Գիտեք, պայքարի տարբեր մեթոդներ կան, իսկ ես էնքան հզոր մարդ եմ, որ գիտեմ՝ ինչ պտի անեմ, որտեղ պտի անեմ ու որ ժամանակ։ Եթե պետք եկավ, որ ես պիտի փողոցային կռիվ անեմ, ես լավ էլ կարող եմ կռվել, ես դրա մասնագետներից եմ։ Մի մտածի, կտեսնես ինձ առաջնային դիրքերում։ Երբ եկավ, առիթը հասավ, ես էնպես լավ, «բաքսյորներից» լավ կռիվ կարող եմ անել: Բայց ես գիտեմ, որ իմ հասակի մարդը ձեռնամարտի չպիտի բռնվի։ Ես գիտեմ՝ ինչ ճանապարհներով կարելի է պայքարել էս պայքարի մեջ։ Փողոցը որ ասեցի, դա լեննականյան հումոր ընդունեք»։

 

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031