Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդավառ փառատոնը՝ մշակութային ժառանգության և երիտասարդության ինքնադրսևորման կենդանի հարթակ. Ատոմ Մխիթարյան

Հուլիս 28,2025 17:33

Հուլիսի 27-ին Գեղարդավանքում և Գառնիում անցկացվեց Վարդավառ փառատոնը, որն ամեն տարի կազմակերպում է Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, FYCA)՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Գառնիի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

       

Փառատոնի մեկնարկը տրվեց Գեղարդավանքում՝ Պայծառակերպության պատարագով և երիտասարդների օրհնության կարգով, այնուհետև Գառնիում շարունակվեց բազմաժանր երիտասարդական տոնախմբությամբ, ազգային պարերով,  ավանդական խաղերով ու ծիսական արարողություններով։

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, դոցենտ Ատոմ Մխիթարյանի համոզմամբ՝ Վարդավառը պետք է նշանավորվի որպես ազգային ինքնության, հոգևոր արժեքների և մշակութային հաղորդակցության վերաիմաստավորման հնարավորություն՝ հատկապես երիտասարդ սերնդի համար։

«Այս փառատոնը յուրահատուկ արժեք ունի մեզ համար։ Այն ոչ միայն ամրապնդում է մեր կապն ազգային արժեքների հետ, այլև խթանում է երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը, ինքնադրսևորման և առաջնորդական հմտությունները։ Այստեղ նրանք ոչ թե պարզապես մասնակիցներ են, այլ ազգային ավանդույթների կենդանի կրողներ ու փոխանցողներ։ Վարդավառն այն եզակի տոներից է, որ միավորում է հայ ժողովրդի ամբողջ պատմությունը՝ քրիստոնեական և նախաքրիստոնեական։ Այսօր, առավել քան երբևէ, մեզ համար կարևոր է մշակութային ժառանգության հանրահռչակումն ու տարածումը, որովհետև, նույնիսկ մեր երկրում, այս պահին վտանգված են մեր ազգային արժեքները» – նշել է ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը։

ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակից, փառատոնի մշակութային համակարգող Մարի Հովակիմյանն էլ կարևորեց, որ Կոտայքի մարզում ավանդաբար կազմակերպվող Վարդավառ փառատոնն արդեն տասներկու տարի շարունակ մշակութային աշխուժության, երիտասարդական գունեղությամբ նպաստում է, որ Հայ առաքելական եկեղեցու ամենագունեղ տաղավար տոնը նշվի մեծ ցնծությամբ և մշակութային բազմազանությամբ։ «Գառնին ու Գեղարդը դառնում են մշակութայինը, հոգևորը, ազգայինը կապող օղակ։ Կոտայքի մարզպետի աշխատակազմը տարիներ շարունակ Երիտասարդական ակումբների դաշնության կողքին է եղել՝ արժևորելու հայ ազգային-ավանդական ծեսերն ու նոր սերդին փոխանցվող արժեքները»:

Վարդավառ փառատոնին այս տարի միացել են նաև Տերյան մշակութային կենտրոնը և ՏարազԱրտը։ Ազգային տարազ կրող երիտասարդները դարձել էին կենդանի հանրագիտարան՝ ներկաների համար։

«Այս տարի հանրահռչակվեց նաև ազգային հագուստը։ Երիտասարդական ակումբների դաշնության կամավորները մեծ սիրով կրեցին տարազը՝ ցույց տալով, թե ինչքան սիրուն ու խորհրդավոր, ինչքան գունեղ ու կանացի է դարձնում այն կանանց, իսկ տղամարդկանց՝ առնական ու վայելուչ։ Մեր տոները, ազգային ավանդական խաղերն ու պարերը, հանրայնացման կարիք ունեն, մենք բոլորս պետք է նպաստենք լավագույն ավանդույթների տարածմանը,- նշում է Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը,- Վարդավառը վերածվում է այնպիսի հարթակի, որտեղ ավանդույթը հանդիպում է ժամանակակից երիտասարդությանը, իսկ ազգային մշակույթը՝ վերապրում նոր շնչով»:

Վարդավառ փառատոնին Քասախի արվեստի դպրոցի սաները ներկայացրեցին «Լուսաշող սիրո թագուհի, գեղասքանչ Աստղիկ դիցուհի» բեմադրությունը։ Բյուրեղավանի «Ծիլք» ազգագրական երգ ու պարի համույթը՝ «Ազգային պար Քերծի», Նոր Հաճնի «Հաճըն» պարային անսամբլը՝ «Նոր գեղեցիկ Հայաստան» և «Սյունյաց սարեր», Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոնի «Գառնի» պարային համույթը՝ «Հայաստանի ջուրն անուշ», Հացավանի «Լուսե» պարային համույթը՝ Արա Գևորգյանի «Արտաշատ» պարային կատարումներով հանդես եկան։ Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի տնօրեն Գոհար Գոգոլյանը կազմակերպեց ազգային ավանդական խաղերը, իսկ Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոնի տնօրեն  Միքայել Խաչատրյանը՝ «Խնդումի» ծեսը։

Գառնիի արվեստի, մշակույթի, սպորտի կենտրոնը ներկայացել էր գեղարվեստի բաժնի սաների գոբելեն և բատիկի բազմաժանր ստեղծագործություններով, իսկ Գառնիի համայնքապետարանը կազմակերպել էր տեղում պատրաստվող ազգային ուտեստների և Գառնիում աճող մրգերի հյուրասիրություն։ Գառնիի համայնքապետարանի մշակույթի, կրթության և սպորտի հարցերով պատասխանատու Վարդան Մարտիրոսյանը նշեց, որ համայքի համար շատ կարևոր նախաձեռնություն է Վարդավառ փառատոնը, որովհետև բոլորին համախմբելու և գյուղը նորովի ներկայացնելու դերակատարություն է ստանձնել։

Երիտասարդական ակումբների դաշնության անդամները ջրի ցողման արարողությունը վերածեցին Վարդավառ ջրային, կենսուրախ խաղի, իսկ պարային համույթները կազմակերպեցին պարուսուցման վարպետության դաս՝ համախմբելով ներկա զբոսաշրջիկներին։

Վարդավառ փառատոնի իրականացմանն աջակցում են Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը, Հայկական Փի Ար ասոցիացիան, Հայ առաքելական սուրբ եկեղեցին։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031