ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանին։
Արտաշես Թորոսյանը, որը ԿԶՆԱԿ-ը ղեկավարել է 2021 թվականից, իր մասնագիտական գործունեությունը կշարունակի որպես ԿԳՄՍ նախարարի խորհրդական։ Շնորհակալություն հայտնելով տարիների նվիրված և արդյունավետ աշխատանքի համար՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել նրան նոր պաշտոնում։
«Շատ գնահատելի է այն մեծածավալ աշխատանքը, որ Արտաշես Թորոսյանն իրականացրել է ԿԶՆԱԿ-ում, սակայն ներկայում առկա են բազմաթիվ բովանդակային մարտահրավերներ, որոնք վերաբերում են ոչ միայն ԿԶՆԱԿ-ին, այլև հանրակրթության ոլորտին առհասարակ»,– նշել է Արաքսիա Սվաջյանը։
Ներկայացնելով ԿԶՆԱԿ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանին՝ նախարարի տեղակալը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք՝ բարդ ու պատասխանատու ոլորտում։
Կարդացեք նաև
Ժաննա Հարությունյանը հանրակրթության ոլորտում մասնագիտական գործունեության երկար տարիների փորձ ունի․ մինչ այս զբաղեցրել է Երևանի թիվ 152 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնը /նախորդ տարի ճանաչվել է լավագույն տնօրեն/, շուրջ 15 տարի աշխատել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, դասավանդել է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոնում, իրականացրել է վերապատրաստումներ, ներգրավված է եղել 7-9-րդ դասարանների «Գրականություն» առարկայի չափորոշչի մշակման խմբում։
«Դպրոցի կառավարման փորձառությունը ոլորտային խնդիրներն ու գործընթացները պատկերացնելու առումով շատ կարևոր է ԿԶՆԱԿ-ում աշխատելու համար։ Համոզված եմ, որ Ժաննա Հարությունյանի մասնագիտական ճանապարհն ու փորձը կնպաստեն աշխատանքների արդյունավետությանը»,– ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Նա տեղեկացրել է, որ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի խորհրդի վերջին նիստում հաստատվել է տնօրենի նշանակման կանոնակարգը, և առաջիկայում կհայտարարվի տնօրենի մրցույթը։
Անդրադառնալով ԿԶՆԱԿ-ի վերջին մեկուկես տարվա գործունեությանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ կատարված կառուցվածքային և գործառութային փոփոխություններին զուգահեռ՝ դեռևս կարևոր անելիքներ կան փորձագետների ներգրավման և աշխատանքների արդյունավետ կազմակերպման առումով։
«Այս տարվա ընթացքում լուրջ աշխատանքներ են իրականացվել հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման և առարկայական ծրագրերի վերանայման ուղղությամբ։ Համատեղ ջանքերով պետք է շարունակենք իրականացնել ծրագրերը՝ դպրոցներում դրական փոփոխությունների ակնկալիքով»,– ասել է նա և հավելել՝ ԿԶՆԱԿ-ի դերակատարումն այդ գործընթացում առանցքային է։
«Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման բարդ փուլը, կարելի է ասել, ավարտված է։ Այժմ առաջնահերթ է աշխատել որակի բարելավման ուղղությամբ»,- նշել է Արտաշես Թորոսյանը՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար։
Հանդիպման ավարտին քննարկվել են ԿԶՆԱԿ-ի հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերի շարունակականության, փորձագիտական ներուժի արդյունավետ ներգրավման, չափորոշչի ներդրման հաջորդ փուլի աշխատանքների, ոլորտային համագործակցության խորացման և այլնի վերաբերյալ։