«GTB Holdings-ը ներգրավված չէ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնելու բանակցություններում»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց հոլդինգի փոխտնօրեն Թեհմինա Վարդանյանը։ Նշենք, որ GTB Holdings-ը պատկանում է գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին, որը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ ՀԷՑ-ում պետական կառավարիչ նշանակելուց հետո լրատվամիջոցներում շարունակում են լուրեր շրջանառվել, որ ընկերությունը գնելու է Գրիգոր Տեր-Ղազարյանը։ Ուշագրավ է, որ Թեհմինա Վարդանյանը հերքում է միայն GTB Holdings-ի մասնակցությունը ՀԷՑ-ը գնել-չգնելու բանակցություններում, իսկ ահա Գրիգոր Տեր-Ղազարյանի մասնակցությունը չի հերքում։ «GTB Holdings-ը որևէ բանակցություններում ներգրավված չէ, պաշտոնապես ասում եմ, բայց թե Գրիգոր Տեր-Ղազարյանը առանձին հանդիպումներ է ունենում, քննարկումներ է ունենում, բանակցություններ է ունենում, այդ մասով որևէ բան չեմ կարող ասել, որովհետև այնպես չէ, որ GTB Holdings-ը Գրիգոր Տեր-Ղազարյանի միակ գործունեության ոլորտն է, չեմ բացառում»,-ասաց Թեհմինա Վարդանյանը։
Նշենք, որ Գրիգոր Տեր-Ղազարյանի անունը ՀԷՑ-ը գնելու հետ կապվեց այն բանից հետո, երբ լրագրողներն արձանագրեցին, թե նա ինչպես է հուլիսի 24-ին ցուցադրաբար այցելել ՀԷՑ։ Նա հրաժարվել էր լրագրողների հարցերին պատասխանել, թե այցի վերաբերյալ, թե ՀԷՑ-ը գնելու։ Տեր-Ղազարյանը ավելի ուշ ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ շեշտելով․ «Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ»։
Օրերս էլ լուսանկար էր տարածվել Սևանա լճի ափին կայացած Sevan Startup Summit 2025-ից, որի ընթացքում Տեր-Ղազարյանը զրուցում է Ռոմանոս Պետրոսյանի հետ։ ՀԷՑ-ը գնելու վերաբերյալ տեղեկությունները կտրուկ հերքող գրառումը Գրիգոր Տեր-Ղազարյանը հեռացրել է ֆեյսբուքյան իր էջից։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ է հեռացրել գրառումը, հետաքրքրվեցինք Թեհմինա Վարդանյանից։ «Չեմ կարող ասել, թե ինչու է ջնջել։ Ինձ էլ է հետաքրքիր՝ ինչու է ջնջել»,-ասաց նա։ Հարցին՝ սա արդյո՞ք նշանակում է, որ հնարավոր է Տեր-Ղազարյանը ՀԷՑ-ը գնի, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց․ «Չեմ բացառում։ Ես ինքս դա տեսնում եմ մամուլից»։
Նարեկ Կիրակոսյան