Երևանի քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ավելի քան 20 տարի առաջ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած, Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը:
Նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, հայտնել էր, որ կմասնակցի, եթե հույժ անհրաժեշտ լինի:
Այսօրվա նիստին մեղադրող դատախազը միջնորդեց գործով վկա Սթիվեն Նյուտոնին կրկին դատակոչել ու եւս մեկ անգամ հարցաքննել՝ հիմնավորելով, որ Նյուտոնի նախորդ հարցաքննության ժամանակ մի շարք հարցեր մնացին ըստ էության անպատասխան:
Ըստ մեղադրողի՝ բացի դա նաեւ նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքի, հետագայում նրա կողմից փոխանցված նամակում հայտնած տվյալների ու տված հարցազրույցում հայտնած տվյալները չեն համապատասխանում մեկը մյուսին. «Նրա հայտնած հանգամանքների մեջ կան հակասություններ՝ կապված մեղադրյալի գտնվելու վայրի եւ մեղադրյալի՝ վկայի կողմից տեսնելու ժամանակ կոնկրետ գտնվելու վայրի, մեղադրյալի գործողությունների, տուժողին սրճարանի սանհանգույց տեղափոխելու եւ այլ հանգամանքների հետ»:
Կարդացեք նաև
Տուժող կողմը միացավ մեղադրողի միջնորդությանը, իսկ սպանություն կատարելու մեջ մեղադրվող Աղամալ Հարությունյանի պաշտպանը հայտնեց դիրքորոշում, որ միջնորդությունը պետք է մերժվի:
Նա՝ ընդունելով, որ Նյուտոնի հայտնած տեղեկություններում հակասություններ կային, ասաց. «Նյուտոնը սկզբում ցուցմունք տվեց՝ հայտնելով այն, ինչ տեսել ու հիշում էր: Այսինքն, երբ մտել էր տուալետ՝ տեսել էր Նալբանդյանին ու Աղամալ Հարությունյանին, այսինքն՝ «Կուկուին», դեմ դիմաց արդեն Պողոս Պողոսյանին՝ խցում պառկած, գլուխը դեպի զուգարանակոնք, ոտքերը դեպի դուրս:
Հետո հարցերի միջոցով, թե ինչպես են այնտեղ մարդիկ հայտնվել, ով, ինչ գործողություններ է կատարել, այդ հարցերի խառնաշփոթն է Նյուտոնի պատասխանում հակասություններ առաջացրել: Ինքը այնպիսի ապացույց ներկայացրեց դատարան, որ իմ պաշտպանյալը ամբողջությամբ անմեղ է: Եթե ինքը տուալետի դռան մոտ կանգնած է եղել, Պողոսյանին արդեն 4-5 հոգի ոտքերով հարվածելիս են եղել, իմ պաշտպանյալն ամբողջությամբ անմեղ է եղել: Եթե ուզում ենք բերել Նյուտոնին, էլի հարցաքննենք, որ այս անմեղությունն էլ վերացնենք, չեմ կարծում , որ օրինաչափ է: Գտնում եմ՝ միջնորդությունը ենթակա է մերժման, թողնում եմ դատարանի հայեցողությանը» :
Դատարանը գտավ, որ գործով վկա Նյուտոնի հայտնած տեղեկություններում առկա են հակասություններ, որի պատճառով բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ հայտնելով, որ եւս մեկ անգամ պետք է վերջինս հրավիրվի դատարան եւ հակասությունների հետ կապված դատավարական կողմերը հնարավորություն ունենան հարցեր տալ:
Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ի գիշերը։ Այդ օրը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է սրճարան և, ըստ գործում առկա տվյալների, Պողոս Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ Ռոբ», ինչից հետո Քոչարյանի թիկնապահների հետ վիճաբանություն է սկսել:
2001 թվականին հարուցված քրեական գործի շրջանակում հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար Աղամալ Հարությունյանը (լուսանկարում) մեղավոր է ճանաչվել, դատապարտվել։ Տարիներ անց Դատախազությանն ուղարկված դիմումով Սթիվեն Նյուտոնի ներկայացուցիչները նոր հանգամանքներ են ներկայացրել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ