Իր վերջին՝ 4,5 ժամանոց ասուլիսում, Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ հրապարակեց Հայաստանի կողմից Մեղրիով ճանապարհի տրամադրման եւ այդ ճանապարհն արտապատվիրակելու մասին․ «Օրինակ՝ քննարկվում է որեւէ ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ, որովհետեւ կարող եք պատկերացնել, թե «խաղաղության խաչմերուկ» նախագիծն ինչ ահռելի ներդրումային պոտենցիալ ունի։ Մենք պետք է կարողանանք կոնսոլիդացնել այդ ներդրումները։ Դա մի տնտեսություն է, որը պետք է ստեղծվի եւ կառավարվի, որը մեր տրամաբանությամբ՝ պետք է եւ կարող է լինել ՀՀ սեփականությունը։ Խոսքն այստեղ ահա այդ տնտեսությունը կառավարելու եւ դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է»։ Նա ասաց նաեւ որ վարձակալության մասին է խոսք գնում, ներառյալ՝ քննարկվում է հողի վարձակալության թեման։
Նույն ասուլիսում, քիչ անց, Փաշինյանը հայտարարեց՝ առաջարկներ կան ամերիկյան կողմից, որոնք հետաքրքրում են ՀՀ իշխանություններին, բայց այդ ճանապարհով միայն ԱՄՆ-ում չեն հետաքրքրված, նաեւ՝ ԵՄ-ում են հետաքրքրված։ Լրագրողներից մեկի հարցին էլ ի պատասխան՝ նա չբացառեց, որ ի վերջո այդ տարածքը արտապատվիրակվի Ռուսաստանին։ Հիմնավորեց այսպես՝ ով կներկայացնի այնպիսի առաջարկ, որն ինքը կհամարի, որ չի ոտնահարում ՀՀ ինքնիշխանությունը, այդ առաջարկն էլ կընդունի։ Բայց Փաշինյանի խոսույթում ակնհայտ նախապատվություն էր տրվում ամերիկյան կողմին։
Ասուլիսից հետո ՔՊ-ականները մի քանի օր ժամանակ ունեցան հիմնավորելու Նիկոլ Փաշինյանի «իմաստուն» որոշումը՝ ճանապարհը դեռ չստեղծված ամերիկյան ընկերությանն արտապատվիրակելու մասին։ Ինչեւէ։ Նիկոլ Փաշինյանը մեկնեց ՌԴ՝ Ալթայ, բնապահպանական միջոցառման մասնակցելու։ Նա դեռ Ալթայում էր, ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարեց․ «ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»։
Այս եւ այլ հարցերի շուրջ Aravot.am-ը զրուցել է քաղաքագետ Վազգեն Պետրոսյանի հետ:
Կարդացեք նաև
«Նիկոլ Փաշինյանը հանձնելու է Ջերմուկից դեպի Անգեղակոթ գնացող ճանապարհը»
Ըստ մեր զրուցակցի, նոր ստեղծվող համաշխարհային համակարգի հիմքը տնտեսական հարաբերություններն են լինելու։ Հիշեցնենք, որ մինչ ԽՍՀՄ փլուզումը գերտերությունների հարաբերությունները պայմանավորում էին ռազմական հավասարակշռությունները։ Այդ իսկ պատճառով, Վազգեն Պետրոսյանն ասում է՝ շատ կարեւոր են դառնում բոլոր միջանցքները՝ թե ցամաքային, թե ծովային եւ խոշոր պետությունների կողմից ճանապարհների վերահսկումը․ «Հայաստանը՝ լինելով Արեւելքի եւ Արեւմուտքի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի, մյուս կողմից նաեւ Կենտրոնական Ասիայի եւ Միջին Արեւելքի արանքում, նմանվում է դռան բանալու անցքի եւ դրա համար շատ կարեւոր է, որ այս դռան բանալու անցքը կարողանան իրենց ձեռքը վերցնել։ Այդ պատճառով է, որ ականատես ենք լինում տարբեր գերտերությունների միջեւ մրցակցության՝ Չինաստան, ՌԴ, ԱՄՆ, Եվրոպա, նաեւ՝ Թուրքիան՝ օգտվելով արեւմտյան դերակատարումից, փորձում է վերցնել կարգավորման գործն իր վրա, որպեսզի հետագայում իր բոլոր նկրտումներին կարողանա հագուրդ տալ»։
Փաստելով, որ տարածաշրջանում գրեթե բոլոր աշխարհաքաղաքական ուժերը ներկայացված են՝ ՌԴ, Իրան, Չինաստան, Թուրքիա, ԵՄ, ԱՄՆ-ը, քաղաքագետը կարծում է, որ այս նոր իրավիճակում Հայաստանի կարեւորությունը չպետք է նայել միմիայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պրիզմայով, դա շատ սխալ է համարում։ Բայց ՀՀ-ում գործող իշխանությունը մղում է մեզ, որպեսզի անտեսենք Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, դրանով պայմանավորված կարեւորությունը ու փորձում են Հայաստանի դերակատարումը նվազեցնել, որպեսզի կարողանան Հայաստանը հանգիստ հանձնել․ «Շատ ենք խոսում, որ պատմության ընթացքում Հայաստանը փոքրացել է․ Հայաստանը տարբեր ժամանակահատվածներում փոքրացել է, որովհետեւ Նիկոլի նման անձինք են ղեկավարել Հայաստանը, իրենք չեն ունեցել ավելի լայն աշխարհաքաղաքական տեսլական եւ ավելի լայն աշխարհաքաղաքական ապագա Հայաստանի համար։
Հիմա, երբ մենք խոսում ենք «Զանգեզուրի միջանցքի» մասին, այն, ինչը Նիկոլն ու մնացածը խոսում են եւ ցույց են տալիս քարտեզների վրա, իրականության մեջ ցույց են տալիս Մեղրիի սահմանագիծն Իրանի հետ, որը մոտ 45 կիլոմետր է։ Բայց այստեղ որեւիցե միջանցք չի լինելու։ Եթե մենք խոսում ենք միջազգային չափանիշներին համապատասխանող միջանցքի մասին, այդտեղ միջանցք կառուցելու համար իրենք բախվելու են լեռնային հսկայական ապառների։ Այդ հատվածում գոյություն ունի ընդամենը մեկ երկաթգիծ, որը կառուցվել է ԽՍՀՄ ժամանակահատվածում, իսկ այդ երկաթգծով իրենք չեն կարող միջազգային, անգամ տեղական չափանիշներին համապատասխանող ճանապարհ կառուցել։ Նաեւ՝ այդ ճանապարհի կառուցումն առնվազն 5-6 տարի է տեւելու։
Այսինքն, այն, ինչը հիմա իրենք խոսում եւ բանակցում են, ոչ թե այդ շրջանի համար է, այլ Ջերմուկից դեպի Անգեղակոթ գնացող ճանապարհի մասին, քանի որ Անգեղակոթի հակառակ կողմը սահմանակից է Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը դեռ 2019 թվականին այդ հատվածում մաքսակետ էր կառուցել։ ՀՀ կառավարությունն էլ 2020-21 թվականների բյուջեով վերանորոգել է Անգեղակոթի ճանապարհը։ Իրենք այդ հատվածն են պատրաստվում հանձնել Ադրբեջանին, որպես միջանցք։ Նույն պատճառով է, որ Սաուդյան Արաբիայի եւ Կատարի ֆինանսավորմամբ Շուշիում կառուցվել են հսկայական երկու թունելները, որպեսզի այդ հատվածով գան՝ Ջերմուկի կողմից մտնեն Անգեղակոթ եւ գնան դեպի Նախիջեւան։ Սա նշանակում է, որ իրենք Հայաստանի կոկորդն են կտրում։
Եվ քանի որ կոկորդը կտրում են, կապ չունի, թե ո՞վ է վերահսկելու այդ երակը։ Խնդիրն այն է, որ ապագա աշխարհում մենք ունենք աշխարհաքաղաքական դերակատարում եւ եթե մենք այդ ճանապարհի վերահսկումը որեւիցե մեկին տանք՝ ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ, Չինաստան եւ այլն, մենք կորցնելու ենք մեր ռազմավարական դերակատարումը եւ դառնալու ենք տասներորդական կարգի մի պետություն։ Եթե ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Նիկոլ Փաշինյանն ասում էին՝ «Արցախը տանք, որ մենք լավ ապրենք», կամ, մարդիկ կային, ովքեր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ դժգոհում էին՝ ինչո՞ւ ենք ֆինանսներ տրամադրում Արցախին, Արցախում ճանապարհներ կառուցում, այսօր արդեն պարզ է դառնում, որ Արցախը Հայաստանի պաշտպան-վահանն էր, որն արդեն ՔՊ-ն ցած է դրել, արդեն Հայաստանի սահմաններն են սակարկում»։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմն անխուսափելի է եւ դա տեղի է ունենալու՝ անկախ ամեն ինչից »
Ստեղծված իրավիճակում մեր զրուցակիցը կարեւոր եւ օրախնդիր է համարում, Հայաստանի փաստացիորեն զինումը, քանի որ ՔՊ-ական իշխանությունն իր պնդմամբ, Հայաստանը զինում է միմիայն թղթի վրա․ «Այն զենք-զինամթերքը, որն իբրեւ ձեռք են բերում Հնդկաստանից կամ Ֆրանսիայից, դրանք արդի պատերազմների համար անպիտան են։ Դրա վկայությունն են Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմը կամ երեք տարի ձգվող ՌԴ-Ուկրաինա պատերազմը։ Արդի պատերազմներում ՀՀ-ի կողմից գնված ռազմատեխնիկան կոպեկ չարժե, դրանք դառնալու են շարժական դագաղներ մեր զինվորների համար։
Սա նշանակում է, որ Հայաստանի ՊՆ-ն եւ կառավարությունն ընդհանրապես ցանկություն չունի որեւիցե բանից դաս առնելու։ Իրենք ամեն ինչ անում են, որ Հայաստանը պարտվի ապագա պատերազմում։ Մենք գտնվում ենք 6-րդ սերնդի պատերազմի շեմին ու չենք կարող 2-րդ, 3-րդ կամ 4-րդ սերնդի զինամթերքով եւ ռազմատեխնիկայով գնանք նոր պատերազմների, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմն անխուսափելի է եւ դա տեղի է ունենալու՝ անկախ ամեն ինչից։
Ուստի, շատ կարեւոր է, որ մենք հասկանանք՝ որպես ազգ, որպես պետություն, մեր տարածքից որեւիցէ քառակուսի սանտիմետր չպետք է զիջենք որեւիցէ մեկին։ Հայաստանն իր 29 հազար քառակուսի կիլոմետրով որեւիցէ ռազմական խորություն չունի։ Հայաստանը ՌԴ չէ, որ եթե 10 հազար քառակուսի կիլոմետր կտրեն՝ ոչինչ չզգա կամ Իրան չի, որ 10 հազար քառակուսի կիլոմետր կտրեն ու չզգա։ Չնայած նույն այդ երկու պետություններն իրենց մեկ քառակուսի սանտիմետրի համար կռիվ են տալիս ամբողջ պետության ունեցվածքով։ Իսկ այսօր Հայաստանը կորցնում է Արցախը, Ջերմուկի մի հատվածը, Վարդենիսի մի հատվածը, Նոյեմբերյանից հատվածներ եւ ոչ մի ձայն կամ աղմուկ չի հանում։ Սա սարսափելի է»։
«Հայաստանը կուսակցական դաշտ չունի»
Դիտարկմանը՝ավելի սարսափելի չէ՞, երբ ստեղծված իրավիճակի հետ ոչ միայն հասարակությունն է հաշտ, այլեւ քաղաքական ուժերն են կարծես անկարող, մեր զրուցակիցը հակադարձեց, որ հասարակագիտության մեջ կա հասարակությանը մաթեմաթիկական ճշգրտությամբ բնութագրող բանաձեւ, ըստ որի, ցանկացած հասարակության 99 տոկոսը դիտորդ է ու իրենք դերակատարում են ստանձնում ամենավերջին պահին՝ կանգնելով հաղթող կողմի կողքին. «Իսկ մնացած 1 տոկոսը կազմակերպիչ ուժն է, որը այսիր հիմնականում գտնվում է արևմուտքի ձեռքում, որոնք «բացասական չեզոքություն» պահպանելով՝ պատճառ են հանդիսանում, որ այսօր հասարակությունն իրեն իներտ է պահում»:
Սրա վառ օրինակը նա համարում է 2018 թվականի ապրիլի 22-ը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»․ «Մինչ այդ պահը Հայաստանի փողոցներում ընդհանուր հազիվ 15-20 հազար մարդ էր դուրս գալիս ցույցերի, իսկ այդ հայտարարությունից հետո, այդ 90 տոկոս հասարակությունը, ովքեր տարբեր պատճառներով մարգինալացված, անկյուն են նետված եղել, զգացին հաղթանակի հոտն ու իջան փողոց։ Ապրիլի 22-ին արդեն ՀՀ-ի Երեւան մայրաքաղաքի հրապարակում ավելի քան 100 հազար մարդ էր կանգնած»։
Հասարակության մնացած 9 տոկոսն էլ այն հատվածն է, ովքեր շարժողականություն ունեն կուսակցությունների միջոցով․ «Իսկ եթե մենք խոսում ենք Հայաստանի կուսակցական դաշտի մասին՝ պետք է հասկանանք, որ Հայաստանը կուսակցական դաշտ չունի։ Հայաստանի կուսակցությունները կուսակցություն եւ անհատ հարաբերություններ են, որի հիմքը դրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 1990-ական թվականներին՝ ՀՀՇ-ով։ Իրենք հայտարարում էին՝ «թող պոլի փայտ լինի՝ ՀՀՇ-ից լինի»։
Հետո, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ՀՅԴ-ն ստանձնեց որոշակի պաշտոններ եւ ասացին՝ «թող պոլի փայտ լինի՝ ՀՅԴ-ից լինի»։ Հետո՝ ՀՀԿ-ն եկավ եւ ասաց՝ «թող պոլի փայտ լինի՝ ՀՀԿ-ից լինի»։
Հիմա էլ ՔՊ-ն է նույն քաղաքականությունը վարում։ Այսպիսի ուղղության դեպքում, հասարակության հիմնական մասը, մասնավորաբար նրանք, ովքեր իսկական էլիտա են կազմում քաղաքականության մեջ, մասնագիտական շրջանակներում, իրենք հեռանալու են, մարգինալացվելու են։ Իսկ երբ հասարակությունը մարգինալացվում է, ունենում ենք իմպոտենտ հասարակություն․ այն, ինչը որ այսօր ունենք մենք։ Այսպիսի հասարակության հետ աշխատելու ձեւը եւ ուղղորդելու ճանապարհները տարբեր են»։
Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ 1960-ականներին համանման իրավիճակում էր հայտնվել ֆրանսիական հասարակությունը, երբ ԱՄՆ կառավարությունը որոշեց, որ Շառը Դը Գոլին պետք է հեռացնել Ֆրանսիայի կառավարության կազմից եւ բերել մեկին ով ԱՄՆ-ի գովքը կանի եւ չի պահանջի Ֆրանսիայի ոսկին, որը ի պահ էր տրվել ԱՄՆ ֆեդերալ ռեզերվին, դեռեւս երկրորդ աշխարհամարտի ժամանակ․ «Իրենք մարգինալացված հասարակությանը հանեցին փողոց եւ Դը Գոլը ստիպված եղավ հրաժարական տալ։ Հետո նույնը տեղի ունեցավ Պորտուգալիայում, երբ գնդապետները հեղափոխություն արեցին եւ իշխանության գիծը տարան ավելի արեւմտամետ ուղղությամբ։ Սա փորձարկվել է բոլոր տեղերում, սա նորություն չէ, պարզապես մենք փոքր երկիր ենք, ռազմավարական խորություն չունեցող երկիր ենք, մենք սա շատ ցավալի ենք ընդունում ու դա էլ բնական է, անբնական ոչինչ չկա։
Պարզապես խնդիրն այն է, որ քաղաքական կուսակցությունները փոխարեն տարբեր բաներ բարբաջելու, լավ կլինի՝ մի քիչ ուսումնասիրեն եւ քաղաքագիտորեն մոտենան հարցին, որպեսզի այս իրավիճակից եւ իրենք կարողանան դուրս գալ եւ ժողովրդին դուրս բերեն։ Ի վերջո, սա այն խնդիր չէ, որ միայն Նիկոլն ու ՔՊ-ն են պատասխան տալու, բոլորը՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, պատմության դատաստանի առաջ են կանգնելու։ Իրենք իրենց եւ արածի, եւ չարածի համար պատասխանատվության են ենթարկվելու։ Սա բոլորը պետք է լավ հասկանան»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ