Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը հետ է կանչվում Եկատերինբուրգից։ URA.RU-ի փոխանցմամբ՝ պատճառը նրա անհամաձայնությունն էր Հայ Առաքելական Եկեղեցու հարցում երկրի ղեկավարության դիրքորոշման հետ և ռուսաստանցի բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որն աջակցում էր Հայ Առաքելական եկեղեցուն։
Ինքը՝ Սպարտակյանը, թղթակցի հետ զրույցում միայն նշել է, որ ապրել է և շարունակելու է ապրել Եկատերինբուրգում։ Եվ խոստացել է անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է Սվերդլովսկի բնակիչների և հայ համայնքի համար, նույնիսկ առանց պատվավոր հյուպատոսի կարգավիճակի։
«Ես անընդունելի եմ համարում Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես բոլոր հայերի հոգևոր միասնության կարևոր հիմքի դեմ ուղղված ցանկացած գործողություն», – հավելել է Սպարտակյանը։
Մեկնաբանելով իր դիրքորոշումը, որը վերաբերում էր Կարապետյանի ձերբակալությանը, նա պատասխանել է, որ բոլոր հայերի նման, շատ է հարգում նրան, քանի որ շատերի համար նա օրինակ է, թե ինչպես կառուցել և ստեղծագործել։
Սպարտակյանը մեծացել է Եկատերինբուրգում և ավարտել է Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանը: Նա անցել է ինտերնատուրա Սվերդլովսկի մարզի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակում: Սպարտակյանը դարձել է պատվավոր հյուպատոս 2018 թվականին, երբ 28 տարեկան էր: Սկզբում նրա հյուպատոսական շրջանը ներառում էր միայն Սվերդլովսկի մարզը, սակայն ավելի ուշ այն ընդգրկեց նաև Պերմի մարզը և Չելյաբինսկի մարզը: