ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը
Լրագրողական համայնքին և շահագրգռված այլ անձանց.
Ֆրանկոֆոնյան խաղեր 2027
Քանի որ առնվազն վերջին 5 տարին Հայաստանը կանգնած է գոյաբանական վտանգի առաջ, ինքս հիմնականում խոսել եմ այդ մասին՝ գրեթե չանդրադառնալով հայկական սպորտում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ այնտեղ, ինչպես և մնացած բոլոր ոլորտներում, այլանդակություններ են տեղի ունենում՝ չհաշված իմիտացիոն շարժումները՝ գեղեցիկ ֆոն ստեղծելու և վարկանիշ ապահովելու համար:
Անդրադառնամ դրանցից մեկին, որն ունի միջազգային նշանակություն:
2027թ. ամռանը Երևանում անցկացվելու են 10-րդ Ֆրանկոֆոնյան խաղերը:
Կարդացեք նաև
Սպասվում է շուրջ 4000 մասնակից, ավելի քան 50 պատվիրակություն։
Հայկական կողմից գլխավոր պատասխանատուն (առնվազն դե ֆակտո), սպորտի «մեծ գիտակ», առհասարակ՝ «ամենագետ», Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավարն է:
Հայկական կողմը ներկայացնողները Ֆրանկոֆոնյան խաղերի կազմ կոմիտեին առաջարկել են ներառել հետևյալ մարզաձևերը
✔️աթլետիկա,
✔️պարաաթլետիկա,
✔️բրեյքդանս,
✔️ծանրամարտ,
✔️բասկետբոլ 3×3,
✔️սայլակով բասկետբոլ
✔️ֆուտբոլ,
✔️շախմատ,
✔️ձյուդո,
✔️սեղանի թենիս
Ինչպես նկատեցիք, երկրի առաջատար մարզաձևերից ըմբշամարտը ցանկում չկա:
Բնականաբար, դա զարմացրել է մասնակից պետություններին, որոնցից շատերում ըմբշամարտը առաջատար դիրքերում է:
Նաև փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ է ընդունող կողմը կամավոր հրաժարվում մի մարզաձևից, որտեղ ամենից շատ մեդալներ կարող է նվաճել…
Ինչևէ, առաջարկում եմ ակտիվորեն անդրադառնալ այս հարցին և ջանք գործադրել՝ ըմբշամարտը վերադարձնելու խաղերի ցանկ, քանի դեռ ուշ չէ:
Որպեսզի նախապես կանխեք հեքիաթասացությունը գլխավոր «հերոսի» կողմից, մի քանի պարզաբանում:
✅Միջազգային նման խաղերին ընդունող երկիրը կարող է առաջարկել իր համար առաջնահերթություն ունեցող մարզաձևերի ցանկ: Հիմնականում դրանք լինում են այն մարզաձևերը, որոնցում տվյալ երկիրն ուժեղ է:
✅Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ոչ մի առնչություն չունի որոշման ընդունման հետ: Ըմբիշներն էլ պատրաստ են պատվով ներկայացնել պետությունը:
✅Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը ոչ մի առարկություն չունի խաղերի ծրագրում ըմբշամարտի ներառմանը:
Դեռ ավելին. Հայաստանի պատկան մարմիններին այդ թեմայով ուղարկված նամակները մնում են կամ անպատասխան, կամ էլ ստացվում են ոչինչ չասող պատասխաններ…
✅Թեպետ խաղերին մնացել է 2 տարի, առայժմ գոյություն չունի նույնիսկ կապի հստակ գործող միջոց խաղերի կազմկոմիտեի հետ…
Խորհուրդ. կարող եք անիմաստ ժամանակ չծախսել ԿԳՄՍՆ-ի վրա:
Հասցեատերը վերոնշյալ ՔՊ-ականն է: