Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, Աննա Բադալյանի, Ժակ Պիեռ Ֆովոյի, Բենիամին Ղալեչյանի, Մարինե Ներսեսյանի, երրորդ անձեր «Արարատբանկ» ԲԲԸ-ի, Կարինե Մարգարյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով դատական նիստը։
Նիստը, սակայն հետաձգվեց՝ դատախազության խնդրանքով։ Դատախազությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գործերով Սահմանադրական դատարանի որոշմանը, որով ՍԴ-ն հստակ չափանիշներ էր սահմանել, թե ո՞ր գույքը կարող է ապօրինի համարվել։
Ուշագրավ է, որ դատախազությունն արդեն երկրորդ անգամն է նման խնդրանքով գալիս դատարան։ ՍԴ որոշման համատեքստում դիրքորոշման հստակեցման խնդրանքով այս գործով նիստը մեկ անգամ արդեն հետաձգվել էր։ Փաստորեն, դատախազությունը կրկին ժամանակ խնդրեց։ Գործով նոր դատախազ նշանակված Ռուզաննա Խուդավերդյանը դատարանում հայտարարեց՝ ձգձգումների պատճառը դատախազության ծանրաբեռնվածությունն է։
Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է դատախազությունում քաղաքական որոշումների եւ հրահանգների են սպասում, քանի որ դատախազ Ռուզան Խուդավերդյանը մեկ այլ՝ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով, ըստ էության, հայտարարել էր, որ քաղաքական որոշման են սպասում , Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց․ «Այս ամենն, իմ կարծիքով, քաղաքական էր, բայց այս պահին որեւէ բան ասել չեմ կարող․ ՍԴ-ն որոշակի սահմանումներ է արել, բնականաբար, դատախազությունը պետք է փորձի դրան համապատասխանեցնել իր տեսակետը»։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք նաեւ Սեյրան Օհանյանի նկատմամբ նոր հարուցված քրեական վարույթը նույնպե՞ս կներառվի այս գործում, այդ գործերը միմյանց հետ կապ ունե՞ն-չունեն․ պաշտպանը պատասխանեց՝ չգիտի, թե դատախազությունն ի՞նչ տրամաբանությամբ կառաջնորդվի, իրենք էլ այդ մասով ոչինչ չեն ասել։ Բայց Սեյրան Օհանյանի նկատմամբ նոր հարուցված վարույթը Կարեն Մեժլումյանն ամբողջովին անհիմն է համարում։
Հիշեցնենք, օրեր առաջ ԱԺ-ն բավարարեց Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու գլխավոր դատախազի միջնորդագիրը։
Ի դեպ, Գագիկ Ղազինյանի եւ նրա ընտանիքի անդամների գործով դատախազությունը ետ վերցրեց իր հայցը։ Հետաքրքրվեցինք՝ այս դեպում հնարավո՞ր է նման զարգացում։ Պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ չի ցանկանում կանխատեսումներով առաջնորդվել․ «Դատախազությունն, ամեն դեպքում, արդեն երկրորդ անգամ ժամանակ ուզեց․ պետք է հասկանանք՝ ի՞նչ են անում, որից հետո միայն մեր դիրքորոշումը կարտահայտենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ