Լրահոս
Օրվա լրահոսը

«Շքեղության եւ արարողությունների հարցում ձեզ ոչ ոք չի գերազանցում»․ Թրամփը՝ Մեծ Բրիտանիա կատարելիք երկրորդ պետական այցին ընդառաջ

Հուլիս 29,2025 12:11

Շոտլանդիայի իր մասնավոր կալվածքում Միացյալ Թագավորության վարչապետի՝ Քիր Ստարմերի, հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է սեպտեմբերի 17-19 Թագավորություն իր սպասվելիք պետական այցին։

Սա Դոնալդ Թրամփի պետական երկրորդ այցը կլինի Միացյալ Թագավորություն, ինչն աննախադեպ է։

«Շատ եմ սպասում այցին։ Երկրորդ այց երբեւէ չի եղել։ Մեր առաջին պետական այցը կայացավ Բուքինգհեմյան պալատում, այս անգամ կհանդիպենք Վինձորում․․․Ես Չարլզ Թագավորի մեծ երկրպագուն եմ։ Շատ վաղուց եմ ճանաչում նրան։ Հիանալի մարդ է», – ասել է ամերիկացի առաջնորդը։

Վերհիշելով իր նախագահության առաջին ժամկետի պետական այցը՝ Թրամփը նկատել է՝ դա իր անցկացրած ամենագեղեցիկ երեկոներից էր, ապա կատակել․ «Ցավով եմ ասում, բայց շքեղության եւ արարողությունների հարցում ձեզ (բրիտանացիներին – Ա․Ա․) ոչ ոք չի գերազանցի»։

«Ճիշտ է», – ցածրաձայն համաձայնել է վարչապետ Ստարմերը։

 

«Նման բան երբեւէ տեղի չի ունեցել»․ Ստարմեր

 

«Ուզում եմ հստակորեն ասել․ սա աննախադեպ եւ շատ յուրահատուկ պետական այց է։ Նման բան երբեւէ տեղի չի ունեցել։ Կլինեն շատ տարրեր, որոնք չտեսնված են։ Սա պատմական իրադարձություն է լինելու։ Մենք շատ ենք սպասում այդ այցին», – արձագանքելով նախագահին՝ ասել է վարչապետը։

Թրամփը բացատրել է, որ երկրորդ պետական այցը կայանում է, քանզի նախագահության իր երկու ժամկետները չեն հաջորդել միմյանց։

«Դա է միակ պատճառը», – ասել է նախագահ Թրամփը՝ հավելելով, որ Միացյալ Թագավորությունը բախտավոր է, որ ունի այն Արքայական ընտանիքը, որն ունի։

«Մենք շատ բախտավոր ենք, որ ունենք այս Արքայական ընտանիքը։ Նրանք հիրավի ֆանտաստիկ են», – ի պատասխան նշել է Քիր Ստարմերը։

 

Նախապատմություն

 

Փետրվարի 27-ին Սպիտակ տուն իր այցի ժամանակ Քիր Ստարմերը Դոնալդ Թրամփին էր հանձնել Չարլզ Երրորդ Թագավորի՝ պետական այցի հրավերը։

 

 

Դոնալդ Թրամփի պետական առաջին այցը ՄԹ կայացել էր 2019-ի հունիսի 3-5-ին, երբ Միապետը Եղիսաբեթ Երկրորդն էր։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031