Վլադիմիր Սոլովյովի հաղորդումն Ադրբեջանում չի հեռարձակվում, իսկ ինչո՞ւ չի դադարեցվում ռուսական ալիքների հեռարձակումը. հարցադրում է անում ադրբեջանական Apa-ի հոդվածագիրը՝ նշելով, որ «ռուսական հեռուստաալիքների հայտարարություններն ու հռետորաբանությունը գերազանցում են էթիկական սահմանները»:
Հոդվածում նշվում է. «Ռուսական հեռուստաալիքների հակաադրբեջանական արշավը վերջին օրերին ավելի լայն տարածում է գտել։ Ինչպես և սպասվում էր, քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը կրկին առաջատար դիրքերում է։ «Youtube» հարթակում իր ալիքից բացի, Սոլովյովը նաև ռուսական պետական «Ռոսիա 1» հեռուստաալիքի իր հաղորդման մեջ է հայտարարություններ անում Ադրբեջանի դեմ: Հայտարարություններ, որոնք գերազանցում են բոլոր էթիկական սահմանները։
Հատկանշական է, որ Սոլովյովի հաղորդման հյուրերը հիմնականում Մարգարիտա Սիմոնյանն է, Կոնստանտին Զատուլինը, Սեմյոն Բաղդասարովը և այլք, որոնք ըստ Apa-ի՝ հակաադրբեջանական քարոզչության առաջատար դիրքերում են և թշնամական դիրքորոշում ունեն իրենց երկրի նկատմամբ։
Սոլովյովի էկրանը մթնում է
Կարդացեք նաև
Վերջերս Ռուսաստանի գլխավոր քարոզչական մեքենան՝ Սոլովյովը, գրեթե բոլոր հաղորդումները կառուցում է Ադրբեջանի վրա «հարձակվելու» շուրջ և, ըստ աղբյուրի՝ իր հյուրերի հետ միասին անհեթեթություններ է ասում Բաքվի հասցեին։
Այդ պատճառով է, որ Սոլովյովի հաղորդումները որոշ ժամանակ չեն ցուցադրվել Ադրբեջանում, և երբ նրա հեղինակած հաղորդումը սկսվում է, հեռարձակումը դադարեցվում է, էկրանը՝ մթնում. «Որովհետև ադրբեջանական լսարանը պարտավոր չէ լսել կամ դիտել քարոզիչ Սոլովյովի և նրա հյուրերի կողմից Ադրբեջանի դեմ արված զրպարտչական և վիրավորական հայտարարությունները»:
Ինչո՞ւ չի դադարեցվում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը
Ցավոք, Սոլովյովը միայնակ չէ՝ գրում է Apa-ն. «Առհասարակ, ինչո՞ւ է Ադրբեջանում հեռարձակվում ռուսական պետական «Ռոսիա 1» հեռուստաալիքը, որը նրան թույլ է տալիս նման անհեթեթություններ անել իր եթերում։ Նրա հետ հակաադրբեջանական քարոզչական մրցակցության մեջ են մտել նաև ռուսական այլ հեռուստաալիքների ղեկավարներն ու «մասնագետները»։
Այս դեպքում զարմանալի չէ, որ քննարկվում է նաև այդ հեռուստաալիքների հեռարձակումը Ադրբեջանի տարածքում ամբողջությամբ դադարեցնելու հարցը։ Որովհետև իր էկրանին հակաադրբեջանական քարոզարշավ վարող ցանկացած հեռուստաալիքի հեռարձակումը որևէ իմաստ չունի։
Ինչո՞ւ պետք է ադրբեջանական լսարանը դիտի և լսի Սոլովյովի կամ այլ քարոզիչների՝ լրագրողական էթիկայից դուրս զրպարտություններն ու ատելությունը Ադրբեջանի դեմ:
Ինչո՞ւ պետք է ադրբեջանական լսարանը լսի Մարգարիտա Սիմոնյանի ատելության խոսքը, մարդու, որն իրեն Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության «աշխատակից» է սարքել:
Արժե մտածել…»: