Արդեն երկու տարի է՝ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային փառատոնի համաշխարհային մեծության կինոգործիչների խոսքին փառատոնի հայ մասնակիցները հաղորդակից են լինում Լյուսիլ Ջանինյանի՝ վարպետորեն ու սիրով արված թարգմանությունների շնորհիվ:
Լյուսիլը գրականագետ է, համաժամանակյա եւ հաջորդական թարգմանիչ, գեղարվեստական մի շարք գրքերի թարգմանիչ, նաեւ մարդ, որն ի թիվս այլնի, հրաշալի գիտի եւ սիրում է կինո ու երաժշտություն: Aravot.am-ի խնդրանքով նա որոշ հետաքրքիր դրվագներ ներկայացրեց, որոնց ունկնդիր եւ ականատես է եղել: Թեեւ հիմնականում մեկ միջոցառման ժամանակ նախընտրում է միայն մեկ լեզվից հայերեն թարգմանել, բայց եղել է իրավիճակ, երբ «Ոսկե ծիրանի» փակմանը անսպասելի 5 լեզվից է թարգմանել: «Ինձ համար ամենակարեւորը ամբողջը հայերեն տեղ հասցնելն էր, որովհետեւ դու պարտավոր ես զգույշ լինել քո հայերենի հետ, հատկապես որ լսարանի 80 տոկոսը հայերեն է խոսում»,-ասաց Լյուսիլը:
Նա պատմեց, թե ինչ զգացումներ է ունեցել, երբ անցյալ տարի տեղեկացել է, որ պետք է թարգմանի աշխարհահռչակ Քեյվին Սփեյսիին. «Ինձ նամակ եկավ, որ պետք է Սփեյսիին թարգմանեմ, հարցրի՝ ինչո՞ւ եք պայմանագիր ուղարկում, ես պետք է վճարե՞մ իրեն թարգմանելու համար…Նույնիսկ մտածում էի, որ ինքս պիտի վճարեմ նման մեծությանը թարգմանելու համար…Սփեյսիի հետ աշխատելը շատ-շատ հետաքրքիր էր: Հիշում եմ՝ ինչքան ջերմ ու ընկերական էր շփման մեջ, զգում էի, թե ինչքան կարոտած է բեմին եւ խաղալուն…Իր բոլոր հարցազրույցների ընթացքում նա խաղաց, նույնիսկ իր մուտքը դահլիճ, երբ մոտեցավ բարձրախոսը վերցնելու, յուրօրինակ դերակատարում էր… Երբ բեմի վրա էր, եկավ ձեռքս սեղմեց, հարցրեց՝ ով եմ, հարցրեց՝ ո՞ր կողմում է հարմար թարգմանելը, նրա վերաբերմունքն ու աշխատաոճն ինձ ուղղակի ապշեցրել էին…
Կարդացեք նաև
Չեմ կարող չնշել նաեւ Ջաֆար Փանահիի անունը…Եթե անգամ ես նրա ֆիլմերի երկրպագուն չլինեի, միայն այն հանգամանքը, որ տեւական ազատազրկումից հետո Փանահին կարող էր հատել սահմանը եւ փառատոնային բազմաթիվ հրավերների մեջ ընտրել Հայաստանը, ինձ համար արդեն իսկ արտառոց էր…Արտառոց սպասում էր Փանահիի գալը, իր՝ Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» շահելը: «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն, ընդհանրապես ունի հրաշալի հոտառություն, երբ հրավիրում է ինչ-որ մեկին, պետք է սպասել, թե համաշխարհային ինչ նոր նվաճում կունենա այդ ռեժիսորը…»:
Լյուսիլ Ջանինյանի ձեւակերպմամբ, Փանահիի հետ հարցազրույցը եւս մարտահրավերային էր, որովհետեւ, օրինակ, թարգմանական սարքերի սակավության պատճառով խնդրել էին հանպատրաստից՝ բեմից թարգմանել: Լյուսիլն ասում է՝ լինելով պահանջկոտ ու բծախնդիր թարգմանիչ, միշտ հարմարվում է նման իրավիճակներին, որոնք բնորոշ են իր սիրելի «Ոսկե ծիրանին»:
«Հիշում եմ՝ այս տարի թարգմանելով հարցազրույցները, ունեի ընդամենը մեկ ազատ ժամ, որից հետո պետք է ֆիլմի բացումը թարգմանեի: Նստած էի, ու դիմացս դրված էր մի շիշ «Կոկա կոլա»: Մեկ էլ այդ պահին Կարեն Ավետիսյանից ստանում եմ ձայնային հաղորդագրություն, որ եթե կարող եմ ՝ գնամ Հայաստանի ազգային պատկերասրահ Աբբաս Քիարոստամի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Այդ պահին ես հասկացա, որ «Ոսկե ծիրանն» ասես ֆիլմ լինի, որը գովազային դադար չունի, ու պետք է գնաս այդ հոսքի հետեւից: Իսկ «Կոկա կոլան» ինչո՞ւ եմ նշում, որովհետեւ դա շատ սիմվոլիկ էր… Դեյվիդ Լինչի «Կոկա կոլայի» հայտնի պատմությունն էր հիշեցնում, որ ասում էր՝ հենց նոր «Կոկա կոլա» խմեցի եւ կարծում եմ՝ դա ֆենոմենալ է: Ու այդ ամենը մտքումս՝ ես ուղղակի վազում եմ պատկերասրահ, որտեղ հավաքված էին լեգենդներ, նաեւ Քիարոստամիի բացակա ներկայությունը կար…Նադերի, Փանահի, Քիարոստամի ու այդ եռանկյունու մեջտեղում դու ես՝ իրենց խոսքը պետք է թարգմանես հայերեն:
Միջոցառման ավարտից հետո, երբ պատկերասրահից դուրս եկա՝ «Մոսկվա» կինոթատրոն հասնելու համար, նայեցի հեռախոսիս ու տեսա, որ ունեմ ընդամենը երեք ու կես րոպե, հասկացա, որ ոչ տաքսիով կարող եմ գնալ, ոչ էլ քայլելով: Մեկ էլ 15-16 տարեկան մի երեխայի տեսա՝ իր ինքնագլորով… Ասացի՝ ինձ կտանե՞ս, ասաց՝ կտանեմ: Ասացի՝ պետք է ֆիլմի բացում թարգմանեմ, ինքը չհասկացավ, թե ինչ եմ ասում, բայց հերոսական կեցվածքով ինձ տարավ, ու ես իսկապես հասա ֆիլմի բացմանը»,-պատմում է թարգմանիչը:
Իր զգացմունքային թարգմանություններին էլ անդրադարձ եղավ, որոնցից մեկը աֆրիկացի ռեժիսոր, «Ոսկե ծիրանի» միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Աբդերահման Սիսակոյի մասին է. «Սիսակոն պատմում էր, որ ինքը երիտասարդ տարիներին աֆրիկյան իր փոքրիկ պետությունից տեղափոխվում է Մոսկվա սովորելու, ընդունվում է ՎԳԻԿ…Պատմում է, որ ճամպրուկով չէր, այլ մի փոքր տոպրակով: Հանրակացարանում իրեն տալիս են մի սենյակ, ապա ներկայացնում իր հետ ապրողին: Սիսակոն ասում է՝ նա խոսում էր ռուսերեն, ես չէի հասկանում, ինքն էլ ինձ չէր հասկանում: Այդպես մի ողջ օր նստել են դեմ դիմաց, իրար ուսումնասիրել են ու չեն խոսել … Ասում է՝ այդպես նկարեցի իմ առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ այդ հանդիպման վերաբերյալ:
Սիսակոն ասում է հաջորդ օրը գնացի բույս առա ու սկսեցինք այդ բույսի հետ խոսել՝ ես իմ լեզվով, ինքն՝ իր, ու հասկացա, թե բնության կապը ինչքան կարեւոր է, որ դու հետո բերես մարդկայնացման փուլ: Սիսակոն խոսում էր, ու ես այդ ամենը թարգմանում էի: Հետո պատմեց, որ բոլորն արձակուրդներին գնում էին հանգստի կամ իրենց տուն, իսկ ինքը մնում էր հանրակացարանում, ասում է՝ իմ պետությունը տեղյակ չէր, թե որտեղ եմ, ինձ տոմս չէր տալիս, ու այն ամենը, ինչ կարող էի անել, երկու նամակ ուղարկելն էր մորս…Մանրամասն պատմում էի նրան, այնքան սիրուն էի նկարագրում հանրակացարանը… Մայրս մահացավ՝ այդպես էլ չիմանալով, թե ինչ պայմաններում եմ ապրել, ինքը պատկերացրեց միայն այն շքեղությունը, որ ես նկարագրել էի իրեն:
Երբ Սիսակոն արդեն որպես ռեժիսոր նկարում էր իր «Երջանկության սպասելիս» ֆիլմը, ու հասել էին վերջին տեսարանին եւ նկարահանման վերջին օրն էր, առավոտյան 6-ին տեղեկանում է, որ մահացել է մայրը: Ժամը 7-ից սկսում են նկարահանման աշխատանքը: Ասում է՝ միայն իմ օգնականին ասացի այդ մասին: Հետո ասում է, որ անընդհատ մի կին էր մոտենում նկարահանման հրապարակին, վերջապես թողնում են, որ մոտենա իրենց, այդ կինն ասում է՝ իմացա, որ հայտնի ռեժիսորը դու ես, նկարահանում ես անում այստեղ, ես տարիներ առաջ աշխատել եմ մորդ հետ, ամբողջ կյանքում փնտրել եմ հետադարձ կապ, ու հենց այսօր է դա ստացվել, ուզում եմ իմանալ՝ մայրդ ինչպե՞ս է: Սիսակոն ասում է՝ մայրը մահացել է: Կինը հարցնում է՝ երբ է դա տեղի ունեցել: Ասում է՝ այսօր, ու այդ պահին ամբողջ նկարահանման թիմը քարանում է…Սիսակոն ասում է՝ հետո նստեցի փողոցում ու հասկացա, որ սա է կյանքը…Այդպես ավարտել են ֆիլմը, որը նվիրված է իր մայրիկին:
Երբ թարգմանում էի Սիսակոյին իմ փոքրիկ խցում՝ իմ փոքրիկ խեցու մեջ, շատ էի հուզվել, զգացի, որ արցունքներս գնում են, մի քանի հոգի եւս նկատել էին, որ թարգմանիչն արտասվում է:
Նաեւ շատ հուզիչ էր, որ բազմաթիվ մրցանակներ ունեցող այդ մարդն ասաց, որ կապված չէ որեւէ մրցանակի հետ, իր առաքելությունն է գնալ անտառ, խոսել բույսերի հետ այնպես, ինչպես առաջին օրը, երբ մտավ հանրակացարան: Բայց նաեւ Փարաջանովյան թալեր ստանալիս նա բեմից ասաց, որ իր համար պատիվ է Փարաջանովի, Փելեշյանի եւ Մալյանի հողում ստանալ այս մրցանակը: Ես բեմի վրա կանգնած՝ այս ամենը թարգմանելիս մտածում էի, որ այս հույզերին չեմ դիմանա….»:
Լյուսիլ Ջանինյանն ասում է, որ շատ է տպավորվել նաեւ Մարկո Մյուլերի հետ հանդիպումը թարգմանելիս. «Նա մի հետաքրքիր բան պատմեց, ու ինձ համար «Ոսկե ծիրանի» շնորհիվ բացահայտումներ արեցի: Մյուլերը պատմեց, որ երբ Ալեքսեյ Գերմանի «Դժվար է Աստված լինել» ֆիլմն արդեն պատրաստ էր, կինը խնդրել էր, որ ինչ-որ մեկը դա նայի եւ ֆիլմի վերաբերյալ կարծիք հայտնի, բայց այդ մեկը պետք է լինի հայտնի, իսկ կարծիքը՝ անկախ: Մյուլերն ասում է, որ այդ ժամանակ հանդիպում էր մի կնոջ հետ, որը Ումբերտո Էկոյի բարեկամուհին էր, ու շարունակել է հանդիպել մինչեւ Էկոյի հետ հանդիպումը: Ես թարգմանում էի ու մտածում ՝ փաստորեն մեր դիմաց մի մարդ է, ով գնացել ու հանգիստ մի երեկո զրուցել է Ումբերտո Էկոյի հետ: Մյուլերն ասում է՝ տարա ֆիլմը, խնդրեցի՝ Էկոն նայի ու կարծիք գրի: Էկոն համաձայնեց… Հետո պատմեց, որ հոդվածն այսպես էր սկսվում. Էկոն ասում էր՝ դժվար է Աստված լինել, բայց նաեւ դժվար է լինել առաջին դիտորդը նման ֆիլմի…Պատմում է, ասում է՝ ինչպես Դանթեն անցավ դժոխքի բոլոր պարույրներով, բայց չանցավ որպես վկա, այլ եղավ լիարժեք մասնակից, այդ ֆիլմով էլ դու վկա չես, դիտորդ չես, այլ լիարժեք մասնակից ես…Ես թարգմանում եմ այս ամենը շոկահարված, ճգնում եմ՝ ձայնիս տոնը չփոխվի, որովհետեւ որպես թարգմանիչ պետք է հաղթահարես քո ներսի հույզը… Մյուլերն ասում է, երբ կայացավ ֆիլմի համաշխարհային պրեմիերան, կինոսրահ մտավ մի թռչուն, եկավ էկրանի վրա, մինչեւ Գերմանի անունը գրվեց ու գնաց: Մենք հասկացանք, որ, թերեւս, նրա հոգին հանգիստ էր: Ասում է ՝ մենք սնահավատ չենք, բայց այն, ինչ տեղի ունեցավ համաշխարհային պրեմիերային, մինչ օրս չեմ մոռանա…»:
Նադերիի մասին էլ զրուցեցինք, որն առաջին իրանցի ռեժիսորն է, որ աշխատել է երեխաների հետ, հենց այդպես էլ ընտրել է իր «Վազորդը» ֆիլմի հերոսին, որին հանդիպել է 7 տարեկանում եւ 4 տարի սպասել, որ նկարի: «Նադերին եւս հետաքրքիր պատմություններ ուներ, նա միշտ նկարահանումից առաջ գնում ու մենակ նստում էր, ասում էր՝ մտքումս Վագներ է հնչում, անձրեւ է գալիս, անձրեւի հետ էլ հարյուր հազար միտք… Ինքը միշտ ամենավերջինն էր հեռանում նկարահանման հրապարակից… Ես նաեւ հիշում եմ, թե ինչպես էր Նադերին իր փոքր տոպրակով քայլում երեւանյան շոգ փողոցներով ու ասում էր՝ գիտե՞ք, իմ երկրի շունչը կա այստեղ: Ավելի քան 30 տարի Իրան չվերադարձած ռեժիսորը կարոտով էր ասում՝ իմ երկրին նման է Երեւանը, ու ես հասկանում էի նրա հորդող կարոտը»,-նշեց թարգմանիչը :
Այսօր մարդիկ կարող են թարգմանություններ անել՝ օգտվելով արհեստական բանականության ընձեռած հնարավորություններից, Լյուսիլ Ջանինյանը վստահ է, որ արհեստական բանականությունը չի կարող ստվերել իրական բանականությանը՝ մարդուն, որովհետեւ Լյուսիլի ձեւակերպմամբ, արհեստական բանականությունը հայրենիք չունի, իսկ մարդը, որը թարգմանում է, ունի: «Որքան էլ դու փորձում ես ձայնիդ չեզոքությունը պահել, որ թարգմանչական էթիկայի խախտում չլինի, բայց երբ, օրինակ, 20 երկրի մարզիկ է անցնում, ու մեկ էլ Հայաստանի անունը պետք է հնչի, դու չես կարող Հայաստանն ուրիշ կերպ չարտասանել… Նաեւ պետք է միշտ շատ զգույշ լինես, որ քո համերկրացուն չվիրավորես:
«Ոսկե ծիրանը» տալիս է այդ հնարավորությունը, որ մեր մասին էլ խոսենք: Օրինակ, նույն Քիարոստամին, ում ասել էին Լուվրում ցուցադրելու համար բացի իր երկու ֆիլմերից երրորդն էլ ընտրի, հազարավորների մեջ վարպետը ընտրել էր Հարություն Խաչատրյանի ֆիլմը: Դու հասկանում ես, որ կինոյի այլ մեծերի կողքին համեստ կանգնած Հարություն Խաչատրյանը նույն բարձրության, նույն որակի ռեժիսոր է»,- ընդգծում է Լյուսիլը՝ միջազգային փառատոնի մեր հարազատ ձայնը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ