Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբազան պայքարի» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է

Հուլիս 29,2025 22:22

Ահաբեկչության նախապատրաստման քրեական գործով երկու ամսով կալանավորված «Սրբազան Պայքարի» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանի պաշտպանը բողոքարկել է կալանքի որոշումը: Վերաքննիչ դատարանը, սակայն, մերժել է բողոքը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա պաշտպան Արտաշես Մուրադյանը:

-Մերժման որոշումը դեռ չենք ստացել, չեմ շտապի դիրքորոշում հայտնել, – ասաց փաստաբանը:

Ըստ նրա՝ հնարավոր ահաբեկչության նախապատրաստմանը Լիդիա Մանթաշյանի առնչության վերաբերյալ որեւէ փաստարկ բերված չէ. «Միակ փաստարկն այն է, որ Լիդիան «Սրբազան պայքարի» մասնակից է, ջատագովն է, հարում է այդ շարժմանը, բայց կոնկրետ մեղադրանքում նշված հանգամանքների հետ Լիդիան առհասարակ որեւէ առնչություն չունի»:

«Ահաբեկչության գործի» բացահայտումը Նիկոլ Փաշինյանը որակեց որպես պետականության եւ ՀՀ անվտանգության դեմ բացահայտված հանցագործություն:

Վարչապետի այս որակմանը միանգամից հակադրվեցին 2016 թվականի Նիկոլ Փաշինյանի որակումները ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» գործողություններին: Այն դեպքում, երբ «Սասնա ծռերի» գործողությունների հետեւանքով կային պատանդներ, զոհեր, Փաշինյանը չէր շտապել «ծռերին» որակել ահաբեկիչներ, իսկ ահաբեկիչ համարողներին հակադարձում էր. «Գիտեք, եթե մենք էս իրավիճակին պետք է գնահատական տանք Քրեական օրենսգրքի որեւէ հոդված բացելով եւ ցիտելով, սա նշանակում է, որ մենք իրավիճակը ճիշտ չենք գնահատում եւ ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները: Ինձ համար անընդունելի է «Սասնա ծռերին» ուղղակի ահաբեկիչ որակելը, սա նշանակում է չիմանալ, շփում չունենալ Հայաստանի ժողովրդի հետ…»:

Արտաշես Մուրադյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի որակումների այս տիպի փոփոխությանը՝ ասաց. «Ըստ էության առհասարակ զուգահեռներ տանելու բան չկա այդ երկու դեպքերի մեջ: Որովհետեւ ՊՊԾ գնդի գրավման դեպքում կային հստակ գործողություններ, զոհեր, պատանդ վերցված անձինք: Այդ գործողությունները արդեն իսկ տեղի ունեցած իրողություններ էին, որոնք իրավական գնահատականների արժանացել էին: Այս դեպքում մերկապարանոց, որեւէ կերպ չփաստարկված, այդ զտված տվյալներից որեւէ կերպ չես կարող եզրակացնել որ ահաբեկչության նախապատրաստություն է տեղի ունեցել»:

Մեր հաջորդ հարցին, թե այսինքն՝ այս գործով ավելի շատ քաղաքական գործընթաց եք տեսնում, քան իրավական, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Եթե դրա մասին նույնիսկ չխոսեմ էլ, բնականաբար, քաղաքական կոմպոնենտն այստեղ ակնառու է: Քաղաքական հետապնդման տարրեր, այո՛, բնականաբար այստեղ տեսանելի են: Որովհետեւ նման վերացական, չփաստարկված դատողություններով նման ծանր ու առանձնապես ծանր մեղադրանքներն առաջադրելը առնվազն կասկածելի են: Հետեւաբար, ողջամիտ ու փաստարկված կարելի է ենթադրել, որ այստեղ ամենուրեք քաղաքական ենթատեքստը գոյություն ունի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031