Երկու ամսով կալանավորված քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի պաշտպանը բողոքարկել է Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու որոշումը: Բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հակոբյանի պաշտպան Գրիգոր Մղդեսյանը:
-Որպես իրավաբան, ամեն դեպքում, իրավական տեսանկյունից դատարանից, արդարադատությունից սպասելիքները շատ են,- ասաց փաստաբանը:
Մեր հարցին՝ Ռուբեն Հակոբյանի գործը ավելի շատ քաղաքակա՞ն, թե՞ իրավական գործընթաց է համարում, փաստաբանը պատասխանեց. «Կխուսափեմ նման գնահատական տալ» :
Իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար մեղադրվող Հակոբյանի մեղադրանքում, ըստ փաստաբանի, համատեքստից կտրված նախադասություններ են դրված, որոնց գերակշիռ մասը անցյալ ժամանակով է ասվում. «Որ ժամանակին էս ինչ բաները պետք է արվեին, որ չեն արվել, սակայն, չգիտես ինչու, դրանք դիտվել են ապագային ուղղված կոչ»:
Կարդացեք նաև
Մեր հաջորդ հարցին, թե ընդդիմադիր ամեն երկրորդ քաղաքական գործչին այս նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվում, սա ընդդիմադիրներին լռեցնելու փո՞րձ է, թե խոսքի ազատության սահմանափակում, պարոն Մղդեսյանն այսպես արձագանքեց. «Ես համոզված եմ՝ պարոն Հակոբյանը այդպիսի հարցերին արտակարգ պատասխաններ կտա: Ես հենց քաղաքական բառն արտասանեմ, իրավաբանությունն այդտեղ կվերջանա: Իմ մասնագիտական, այսպես ասած, որակի համար չեմ ասում այդ բառը»:
Փաստաբանը նաեւ հայտնեց, որ Ռուբեն Հակոբյանն առողջական խնդիրներ ունի՝ սրտի հետ կապված, բայց որպես կյանքի թոհուբոհով անցած մարդ, միշտ էլ փորձում է իրեն տոկուն պահել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ