Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանը կհաջողի, եթե չհայտնվի Նիկոլենց օրակարգ բերած թակարդում»․ Ռուբեն Մխիթարյան

Հուլիս 29,2025 23:20

Aravot.am-ի հետ զրույցում ճանաչված պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը կարծիք հայտնեց, որ գործարար Սամվել Կարապետյանն այսօր հանդիսանում է ամենախոստումնալից ընդդիմադիր ստարտափը ու բացարձակապես կապ չունի, որ նա հիմա կալանավորված է։

«Պարզ է, որ Փաշինյան Նիկոլը փորձելու է ամեն ինչ անել, որ Սամվել Կարապետյանը կալանավորված մնա մինչև հաջորդ տարվա ընտրություններ։ Ինքն ամեն ինչ փորձելու է անել, կստացվի, թե չէ, դա հարցի մյուս կողմն է։

Եթե Սամվել Կարապետյանը կարողանա իր քաղաքական թիմը ձևավորել այնպես, ինչպես հայտարարել է, այսինքն՝ առանց նայելու նախկին, ներկա, առանց ինչ-որ կլիշեներից վախենալու՝ հավաքի բոլոր ոլորտների պրոֆեսիոնալներին և իր քաղաքական թիմը ձևավորի, կհաջողի։

Այստեղ շատ կարևոր հանգամանք ու թակարդ կա, որի մեջ նոր սկսող ընդդիմադիրները շատ հաճախ ընկնում են, ասում են՝ մենք չենք համագործակցելու նախկին որևիցե մեկի հետ։

Դա Նիկոլենց օրակարգ բերած թակարդն է, երբ որ դու ասում ես նախկին, էդ նախկինի մեջ արդեն ինչ-որ մեղադրանք ես դնում։ Այսինքն՝ նախկին ասելով ի՞նչ ի նկատի ունես, օրինակ՝ մինչև 2018 թվականը հիվանդանոցի փայլուն վիրաբույժը համարվում է նախկի՞ն, չէ, չէ՞, եթե այդ մարդը շարունակի մինչև 2025 թվականը փայլուն վիրաբուժություն անել, ինքը շարունակում է մնալ փայլուն վիրաբույժ։

Հայաստանի նոր պատմությունը չի սկսվել, չէ՞, 2018 թվականից, մեր թվագրությունը չի սկսվել, չէ՞ Նիկոլի ծնունդից, մենք Քրիստոսի ծնունդից ենք շարունակում չէ՞ մեր կյանքը։ Կապ չունի, որ Նիկոլն էդ պրետենզիան ունի, որ իր ծնված օրվանից հայ ժողովրդի ժամանակակից թվագրությունը հաշվվի, բայց դա այդպես չէ։

Վստահաբար Սամվելը Կարապետյանն ունի ամենամեծ շանսերը նոր լավ թիմ հավաքելու, այս պահին գործող թիմերն այսպես, թե այնպես պարզ են։

Ես շատ կուզենամ, որ քաղաքական ուժը ձևավորելուց այդ խայծի, թակարդի մեջ չընկնեն, որ մենք նախկինների հետ չենք համագործակցում։ Պետք է բոլոր ոլորտների լավագույններին ընտրել, կապ չունի, գուցե էդ լավագույնն աշխատել է 2018 թվականին կառավարության մեջ X նախարար, գուցե սրանց օրոք է փոքր ժամանակ աշխատել նախարար, կամ երբեք չի աշխատել նախարար, մասնավորում մեծ կորպորացիա է ղեկավարել, փայլուն արդյունքներ է ցույց տվել թե՛ նախկինում, թե՛ հիմա։

Երբ նախկինի մասին խոսում են, ես միշտ էդ օրինակն եմ բերում․ եթե մարդը հաջողակ մարդ է եղել ու լավ մասնագետ, բացառվում է, որ նախկին ղեկավարները գոնե մի անգամ ուզած չլինեին տեսնել։ Պատկերացնում ես, երկրի ղեկավարն ինչքան հիմար պիտի լինի, որ իմանա  X ոլորտում կա փայլուն մասնագետ ու ասենք մի անգամ չկանչի էդ փայլուն մասնագետին, ասի՝ մի հատ արի, էսպես ոլորտ ունենք, կասե՞ս էդ ոլորտը ոնց կարգավորենք։ Կասի հարց չկա, տվեք վեց ամիս կամ մի տարի, երկու տարի ժամանակ, ես էդ ոլորտը կկարգավորեմ, այսինքն էդ մարդը, որը նախկին իշխանությունների օրոք X ոլորտի պրոֆեսիոնալ է եղել, հիմա դուք պիտակավորում եք էդ մարդուն։

Փորձը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք նախկին իշխանությունների օրոք փայլուն բիզնես են ունեցել, իրենք շարունակում են իրենց փայլուն բիզնեսը պահել, որովհետև դու կամ լավ բիզնեսմեն ես, կամ վատ, բիզնեսի լավ կամ վատ լինելը եթե կախված է նրանից, թե տվյալ պահին իշխանության կողմնակից ես, թե չէ, ուրեմն դա արդեն բիզնես չէ, դա արդեն օլիգարխ բառակապակցությունը կա, սերտաճած ես իշխանության հետ։

Այսինքն, երբ որ դու սերտաճած չես իշխանության հետ, քո բիզնեսն այլևս չի ծաղկում, դա նշանակում է, որ դու էն կառավարության ժամանակ օլիգարխ ես եղել, սերտաճել ես իշխանության հետ, դուք ունեցել եք փոխհարաբերություններ, տարբեր տեսակի մախինացիաներ։

Վերադառնալով նույն Սամվել Կարապետյանին՝ ես շարունակում եմ պնդել, որ նա թե՛ իր բարոյական տեսակով, թե՛ մարդկանց մոտ իր ունեցած համբավով, թե՛ իր արած իրական աշխատանքներով ընդունելի մարդ է հանրության զգալի հատվածի համար։

Իր քաղաքական թիմն էլ, եթե կարողանան հավաքել՝ մարդկանց բացատրելով, որ եթե իշխանություն լինենք, մտածում ենք, որ օրինակ այս X մարդը կզբաղեցնի առողջապահության ոլորտը, որովհետև պրոֆեսիոնալ է։ Ու կապ չունի էդ մարդը նախկինում է աշխատել, հիմա է աշխատում, ապագայից եկած  մարդ է, ինքը ուղղակի պիտի ունենա իր որակավորումը, վկայականը, որ այդ մարդը իր ոլորտի սուպեր պրոֆեսիոնալ է, վերջ։

Եթե կկարողանան նման թիմ ձևավորեն, վստահ եմ, որ բավականին մրցունակ թիմ է լինելու ապագա ընտրություններում»,-ասում է Ռուբեն Մխիթարյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031