Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածային կամքը, մարդկային կամքը եւ կեղծ մարգարեները

Հուլիս 30,2025 14:00

Եթե չես հավատում, ուրեմն վախենում ես

1931 թվականին գերմանացի փիլիսոփա Կարլ Յասպերսը ահազանգում էր, որ տեխնիկական առաջընթացի եւ մարդկային գոյության ունիվերսալ կարգի հաստատմանը (հիմա կասեինք՝ գլոբալիզացիային) զուգահեռ ի հայտ է եկել մշտական սպառնալիքի գիտակցությունը՝ ընդհուպ մինչեւ ամեն ինչ կորցնելու վախը: Ավելի կարճ՝ վախը կյանքի հանդեպ: Մարդն անընդհատ լարվածության մեջ է՝ մրցակցությանը դիմակայելու համար: Յասպերսը օրինակ է բերում. Մարդիկ վախենում են 40 տարեկանից հետո հասարակությունից դուրս շպրտվել:

Նմանատիպ տագնապներ են առաջացնում նաեւ ինչ-որ բանից հետ չմնալու, ինչ-որ բանի վրա ազդելու, ինչ-որ բանի մասնակցելու ձգտումները: Այստեղից են բխում, փիլիսոփայի կարծիքով, ժամանակակից պետության առանձնահատկությունները: «Երբ պետությունն օժտված էր լեգիտիմացված աստվածային կամքի հեղինակությամբ, մարդիկ ենթարկվում էին փոքրամասնությանը եւ հանդուրժում էին այն, թե ինչ է տեղի ունենում՝ դրա մեջ նախախնամություն տեսնելով: Սակայն այսօր մարդիկ գիտակցել են, որ պետության գործողությունները, որպես այդպիսիք, չեն արտացոլում աստվածային կամքը, որը պարտադիր է բոլորի համար: Նրանք տեսնում են պետության մեջ մարդկային կամքի դրսեւորում: Եվ այդ կամքի դրսեւորմանը մասնակցելը դառնում է յուրաքանչյուր անհատի նպատակը»:

Չնայած Յասպերսն իր նկատառումները հայտնել է համարյա մեկ դար առաջ, նրա մտահոգությունները տեղին էին թե՛ երկարատեւ՝ տասնամյակների հեռանկարի եւ թե՛ այն գործընթացների առումով, որոնք տեղի ունեցան իր երկրում՝ գիրքը գրելուց բառացիորեն երկու տարի անց: Երկրորդ դեպքում «զանգվածային մարդն» իր  վախերը հաղթահարելու համար գտավ մի «գերմարդ», որն իր վրա էր վերցրել՝ «զանգվածն» ուղղորդելու պատասխանատվությունը: Դրանից հետո կարելի էր ոչ միայն չվախենալ, այլեւ չմտածել:

Իսկ հետագայում կյանքից (իրական կյանքից) վախը ձեռք բերեց «ազատ կամքի» տեսք, երբ, չունենալով հիմնավոր, Յասպերսի եզրաբանությամբ՝ «սուբստանցիոնալ» իմաստ, կյանքը դառնում է հաջողությունների, փողի, պաշտոնների, հաճույքների, զվարճալիքների մրցավազք: «Աստվածային կամք» արտահայտության վրա մարդկանց մեծամասնությունը ծիծաղում է: Իսկ մարդկային կամքն այնքան խախուտ է, սուբյեկտիվ եւ, այսպես ասած, «մրցակցային», որ ամեն մեկը հնարավորություն ունի խցկվելու այդ ոլորտ եւ իր ազդեցությունն ունենալու՝ որպես փորձագետ, որպես «լավ տղա» կամ որպես «ժողովրդի ներկայացուցիչ»: Վախերը դրանից չեն վերանում, որովհետեւ մշտապես մտահոգություններ են առաջանում, որ «մեկնումեկը ինձնից մեծ հաջողություններ կունենա» կամ «ինձնից ավելի «քաղցր» զվարճալիքներ կստանա»: Ավելի լավ փորձագետ, ավելի լավ «տղա» կամ ժողովրդի ավելի «իսկական» ներկայացուցիչ կլինի: Թեկուզ՝ ավելի լավ քրիստոնյա:

Սա իրական հավատ չունեցողների վախ է: Սովորական իրավիճակ է՝ կա՛մ վախենում ես, կա՛մ հավատում: Կա՛մ կարիք ունես ուրիշների դրվատանքի, եւ այդ դեպքում մշտական վախի մեջ ես, որովհետեւ այդ դրվատանքը ո՛չ ամբողջական է, ո՛չ համատարած է, ոչ էլ մշտական, կա՛մ ծառայում ես քո գաղափարներին, քո սկզբունքներին, քո Աստծուն:

Բայց կան հազվագյուտ անհատներ, որոնք ունեն մի զավեշտալի հատկություն՝ նրանք վստահ են, որ մարմնավորում են աստվածային կամքը: Այսինքն՝ կա մարդկային կամք, կա աստվածային կամք, եւ կան մեծամոլության սինդրոմով տառապող պաթոլոգիկ անձեր, որոնք ոչ այն է առաքյալ են, ոչ այն է՝ մարգարե, իսկ գուցե (մեղա, մեղա) Աստծո կերպարանափոխումն են:

Կեղծ մարգարեներ միշտ եղել են՝ առնվազն Հիսուսի  ժամանակներից սկսած: Սակայն զանգվածային սպառման, մանավանդ՝ սոցցանցային «հեղեղների» պարագայում այդպիսի «մարգարեներ» են դառնում մարդիկ, որոնք գոնե առաջին հայացքից դրա համար որեւէ նախադրյալ չունեն:

Այդպիսի մարդիկ վատ ավարտ են ունենում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031