ՀՀ էկոնոմիկայի նախարար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինչպես գիտեք Վրաստան այցի ժամանակ պայմանավորվել էինք ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից՝ հայկական կոնյակի (բրենդի) արտահանման ժամանակ ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։
Աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի արդյունքում այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է։ Օրինակ` երեկ Վրաստանի գործընկերները մեզ են փոխանցել հերթական տվյալները, ըստ որի, օրվա ընթացքում վրացական Գեզի մաքսակետից կարող էին դուրս գալ շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա։ Եվս 1 մեքենա չէր անցել փորձաքննությունը։
Այս վիճակագրությանը ևս մեկ բան է ապացուցում, որ Հայաստանից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունը (այս դեպքում ավելի քան 96%-ը) ունի պատշաճ որակ և համապատասխանում է կոնյակին ներկայացվող բոլոր ստանդարտներին։
Կարդացեք նաև
Շնորհակալություն եմ հայտնում մեր կոնյակագործներին համբերատարության, ըմբռնման և բարձրորակ արտադրանք թողարկելու համար։