Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայիկ Քոթանջյանը ընդունել է 15 մանկապարտեզ և պաշտոնաթողության պահին հանձնել է 15 մանկապարտեզ». դատախազության նշած տարածքը չի գործել որպես մանկապարտեզ

Հուլիս 30,2025 10:05

ՀՀ դատախազությունը երեկ հաղորդել էր, որ «Դատախազը 2025 թվականի հուլիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով թիվ 147 մանկապարտեզն օտարած՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Ա.Ք.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը»:

Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանը պաշտպան Հրանտ Անանյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ ոչ թե ՀՀ դատախազությունն է դատի տվել Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանին` գործը հանձնելով դատարան, այլ, ըստ էության, Քոթանջյանն է նախաձեռնել մեղադրանքի վիճարկումը և ռեաբիլիտացիան դատական պրոցեսով՝ շուրջ 9 ամսից ավել հրաժարվելով, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվի վաղեմության կիրառման հիմքով, որը վատագույն հաշվարկով լրացել է 2017 թվականին: Վաղեմությունը լրանալու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը անվերապահ հիմք է վարույթի ընթացքը դադարեցնելու համար: Արայիկ Քոթանջյանը աբսուրդային է համարել վերագրվող մեղադրանքը և դրա ձևակերպումները, ուստի` պահանջել է բացառապես ռեաբիլիտացիա, որի արժեքը ըստ էության միայն բարոյական տիրույթում է:

Նախ` որոշ լրատվականների համար պետք է նշել, որ Ա.Քոթանջյանը առնչություն չունի մանկապարտեզի օտարման հետ, Ա.Քոթանջյանը ընդունել է թվով 15 մանկապարտեզ և պաշտոնաթողության պահին հանձնել է 15 մանկապարտեզ: Խոսքը վերաբերում է համայնքին պատկանող ոչ բնակելի շուրջ 150 քմ մակերեսով շինությանը, որը օտարվել է համապատասխան փաստաթղթային հիմքերով՝ համայնքի ավագանու կողմից: Տարիներ ի վեր այդ տարածքը որպես մանկապարտեզ չի գործել, ավելին` 2006 թվականին գործող օրենսդրությամբ և ընդունված նորմատիվներով տվյալ տարածքը չէր էլ կարող որպես մանկապարտեզի տարածք օգտագործվել:

Մեղադրանքը կառուցված է այն վարկածի վրա, որ եթե ներկայումս չեն պահպանվել օտարման հիմք հանդիսացող փաստաթղթային հիմքերը, ուստի` ենթադրաբար դրանք չեն եղել 2006 թվականին: Այս մասով պետք է նշել, որ ՀՀ օրենսդրությամբ այդ փաստաթղթերի պահպանման ժամկետը 3-ից 5 տարի է` կախված փաստաթղթի տեսակից, ուստի` դրանց պահպանության ժամկետը լրացել է 2011 թվականին: Փաստաթղթերը եղել են անգամ 2012 թվականին, երբ արդեն 2009 թվականից նույնանուն վարչական շրջանի ղեկավար Ա.Քոթանջյանի լիազորությունները դադարել են, իսկ դրանից հետո այդ փաստաթղթերի նույնիսկ անուղղակի պատասխանատուն չի եղել:

ՀՀ դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի ոչ օբյեկտիվ, ապօրինի և ամեն գնով ի վնաս Ա. Քոթանջյանի գործելը, այդ մասով հիմնավորվում է ի թիվս նրա, որ մեր բողոքարկումների և փաստարկների արդյունքում դատարանները վերացրել են Ա. Քոթանջյանի նկատմամբ քրեական հետապնդման մարմինների կողմից ընտրված խափանման միջոցներ բացակայելու արգելքը և գրավը, ինչպես նաև գույքերի նկատմամբ դրված արգելադրումները` դրանք համարելով անհիմն և ապօրինի։

Դատարանը նույնիսկ արձանագրել է, որ ապօրինի է եղել Ա. Քոթանջյանին մեղադրյալ ներգրավելը՝ առանց նախապես վերջինիս դիրքորոշումը ճշտելու, թե արդյոք վերջինս առարկում է վաղեմության կիրառման դեմ, թե՝ ոչ: Դրանից ավել մինչդատական փուլում դատարանները օրենսդրությամբ չեն կարող միջամտել նախաքննության ընթացքին, այդ թվում՝ վերացնել մեղադրանքը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031