Լրահոս
Օրվա լրահոսը

Արիստակես քահանա Հովհաննիսյան. Պատվո հյուպատոսին պաշտոնանկ անելով՝ մեծ վնաս է հասցվել մարզի հայ համայնքին, որտեղ շուրջ 15 հազար հայեր են ապրում

Հուլիս 30,2025 10:31

Հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը: Հայաստանի արտգործնախարարությունից չհերքեցին, որ դադարեցվել են Սպարտակյանի գործառույթները: Բայց թե որոնք են պատճառները, ԱԳՆ-ից թեմային չեն անդրադառնում:

Եկատերինբուրգի սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանի համոզմամբ՝ պատվո հյուպատոսին պաշտոնանկ անելով՝ մեծ վնաս է հասցվել մարզի հայ համայնքին, որտեղ շուրջ 15 հազար հայեր են ապրում, սակայն պաշտոնանկ արված Նարեկ Սպարտակյանի լիազորությունները տարածվում էին նաև Պերմի երկրամասի և Չելյաբինսկի մարզի վրա: Իսկ այժմ, տեր Արիստակեսի խոսքով, մի հսկա մարզ չունի պատվո հյուպատոս, մինչդեռ Ադրբեջանը Եկատերինբուրգում գլխավոր հյուպատոսություն ունի:

«Այն, որ պարոն Սպարտակյանն այստեղ որպես պատվո հյուպատոս մեծ գործ էր անում, դա տեսանելի է, որովհետև ես՝ իբրև տեղի հոգևորական, բազմում անգամ եմ ականատես եղել իր ազգաշահ նախաձեռնություններին, որոնք պատիվ էին բերում մեր ժողովրդին, բոլորը գովեստի խոսքով և բարձր գնահատականով են արձագանքել իր մասին», – «Ազատությանն» ասաց նա:

Ի վերջո, ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի եկեղեցու և իշխանության միջև շուրջ 2 ամիս ընթացող սուր հակամարտությունը, որն արդեն իր ազդեցությունն է թողնում Սփյուռքի վրա: Այս ամիս էլ Նիժնի Նովգորոդում էր միջադեպ արձանագրվել, հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին արգելել էր դառնալ կնքահայր, ինչը վերածվել էր վիճաբանության:«Խնդրի լուծման միակ ելքը բոլոր մեղավորների խոնարհ ապաշխարությամբ, ծնկաչոք Սուրբ Էջմիածնի պատերը և դռները համբուրելն է, հետևաբար ով բախվեց այդ քարին, պիտի ջարդուփշուր լինի», – ասաց Տեր Արիստակես Հովհաննիսյանը:

Արդյոք Մայր Աթոռի հոգևոր հովիվը մտավախություն ունի՞, որ Փաշինյանի խոստացած Վաղարշապատի հրապարակում անցկացվելիք հոգևոր հավաքից հետո ցուցարարները կարող է մուտք գործեն եկեղեցու տարածք, Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանը ոչինչ չի բացառում. «Անաստվածությունը չափ ու սահման չունի: Ամեն ինչ սպասելի է:

Ցավոք սրտի, դա այն մթնոլորտն է, որտեղից իրենք միայն սնունդ են առնում, և իրենց կենսագործունեության նախապայմանն է այդ անառողջ վիճակը, իսկ մենք ի՞նչ կարող ենք անել սփյուռքում գործող որպես հոգևորական, միայն տագնապով և միայն աղոթքով զորավիգ լինելով մեր սուրբ եկեղեցուն, բայց թող իմանան, որ աշխարհասփյուռ մեր եկեղեցիների ամեն հայ հոգևորական իր կյանքը պատրաստ է Սուրբ Էջմիածնի զոհասեղանին դնելու և դրանում կասկած չունենան»:

Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ «Ազատություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031