«Տաշիր Արենան» հիմնանորոգված Երեւանի կրկեսում թատերաշրջանը կբացի աշնանը, միջազգային ամենաբարձր չափանիշներով: Արդեն ժամանել են տարբեր երկրների ավելի քան 150 մասնակիցներ
Երեւան է ժամանել թատերական-կրկեսային ներկայացման ստեղծագործական միջազգային խումբը, որը մասնակցելու է Երեւանի լեգենդար կրկեսի տարածքում կառուցված «Տաշիր Արենայի» պրեմիերային թատերաշրջանի բացման խոշորածավալ հանդիսությանը, որը կլինի աշնանը:
Խմբում ընդգրկված են ավելի քան 150 մասնագետներ տարբեր երկրներից՝ արտիստներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, տեխնիկական աշխատակիցներ, խորեոգրաֆներ, բեմանկարիչներ, լույսի եւ հագուստի դիզայներներ:
Կարդացեք նաև
«Տաշիր Արենան» վստահեցնում է, որ Հայաստանն առաջին անգամ է այսպիսի խոշորածավալ նախագիծ հյուրընկալում: Սա բացառապես նոր մակարդակ է միջազգային մասնագետների մասնակցությամբ եւ ստեղծվել է հենց Հայաստանի ու հայ հանդիսատեսի համար: Նախապատրաստական աշխատանքներն ու փորձերը տեւել են ավելի քան մեկ տարի: Այժմ ամբողջ ստեղծագործական թիմը Երեւանում է՝ գլխավոր բեմում մեծ պրեմիերայից առաջ վերջին փորձերն անցկացնելու նպատակով:
Ներկայացման բեմադրող ռեժիսորը կրկեսային արվեստում աշխարհի ամենապահանջված մասնագետներից մեկն է՝ կրկեսային շոուների ռեժիսոր-բեմադրիչ, արտ-տնօրեն, խորեոգրաֆ Պավել Բրյունը, որի գործերի ցանկում են բազմաթիվ խոշորածավալ ներկայացումներ եւ նախագծեր Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ասիայի եւ Ռուսաստանի խոշորագույն դահլիճներում: Պավել Բրյունի խոսքով, այս նախագիծը ստեղծվել է հատուկ «Տաշիր Արենայի» համար եւ նախադեպը չունի ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում:
Ներկայացման հայեցակարգը մշակվել է միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ եւ կդառնա նոր Հայաստանի այցեքարտը ժամանակակից, դինամիկ, բաց նորարարությունների եւ համարձակ ստեղծագործական լուծումների համար: Նախագիծն ամբողջությամբ իրականացնում է «Տաշիր» ընկերությունների խումբը՝ սկսած կրկեսի շենքի կառուցումից մինչեւ այս խոշորածավալ ներկայացման բեմադրումը:
«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո Պավել Բրյունը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց. «Բազմաթիվ անգամ եմ եղել Հայաստանում եւ ամեն անգամ տպավորություններս նույնն են՝ հրաշալի: Առաջին կրկեսային կենդանի ներկայացումը, որ ես իմ կյանքում տեսել եմ, եղել է Մոսկվայում եւ եղել է հայկական: Ծաղրածուն Լեոնիդ Ենգիբարյանն էր, Ստեփան Իսահակյանը՝ կենդանավարժը, իսկ Զավեն Մարտիրոսյանը հանդես էր գալիս որպես օղակների վարպետ»:
Մեծահամբավ կրկեսային գործիչը խոստացավ լրագրողների ու հանդիսականի առջեւ լինել ազնիվ ու անկեղծ. «Թե ինչ է տեսնելու հանդիսատեսը, հիմա չեմ պատրաստվում մանրամասներ պատմել, որովհետեւ ինչ-որ բաներ պետք է անակնկալ լինեն թե հանդիսականի, թե լրագրողների, ինչու չէ, նաեւ ինձ համար: Բայց ուզում եմ տեղեկացնել, որ ցանկացած համար, որի վրա ես աշխատում եմ տարիներ շարունակ, նման է երեխայի, մանուկի, որը պետք է ծնվի: Այդ մանուկի, այդ պատմության մասին խոսել մինչեւ ծնվելը ճիշտ չի լինի եւ խորհրդավորությունը պետք է պահել սրբորեն»,-ասաց նա:
Հարցին, թե որքանո՞վ է ճանաչում հայ հանդիսատեսին, Պավել Բրյունը պատասխանեց. «Ես նրան ճանաչել փորձում եմ ամեն անգամ այստեղ գալով: Այս նախագծի, ծրագրի վրա աշխատում ենք արդեն երկու տարի: Ես այստեղ կլինեմ նախնական փորձերի ժամանակ, մինչեւ շոուի բացումը: Նաեւ կհետեւեմ շոուի ընթացքին: Կշարունակեմ այցելել հայ հանդիսատեսին:
Շատ շնորհակալ եմ ձեր բարության, շատ ջերմ ընդունելության համար: Բոլորին անհամբեր սպասում եմ բացմանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ