«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Դատավոր Վազգեն Ռշտունու մասին
2016 թ․ ոստիկանների կեղծ ու շինծու ցուցմունքների հիման վրա ապօրինի կալանավորվեցի և մի քանի շաբաթ անցկացրեցի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։ Իմ խափանման միջոցը փոխվեց միայն այն ժամանակ, երբ գործը հայտնվեց դատավոր Վազգեն Ռշտունու վարույթում։
Ռշտունուն այն ժամանակվա իշխանավորները նույնպես չէին սիրում։ Երբ պաշտպաններս իմացան, որ գործս հենց նրա մոտ է՝ ասացին. «Ռշտունին անարդար որոշում չի կայացնի»։
Կարդացեք նաև
Հարգելիներս, եթե դատարանի որոշումը ձեր սրտով չէ, մի շտապեք դատավորին արատավորել։ Հնարավոր է՝ խնդիրը քննիչների ու դատախազների կիսատ-պռատ պատրաստած գործի մեջ է։ Ես այդ գործի մանրամասներին տեղյակ չեմ, բայց մի բանում համոզված եմ․
Հայաստանին պետք են Վազգեն Ռշտունու նման դատավորներ՝ մարդիկ, որոնք չեն ենթարկվում տվյալ պահի իշխանության հրահանգներին և որոշումներ են կայացնում օրենքի և խղճի հիման վրա։
Այս խառնակ ժամանակներում մարդուն կարող են մի ակնթարթում դարձնել «դավաճան», «սրիկա», «ծախու» կամ «կոռումպացված»՝ միայն ֆեյքագրոհով, առանց մտածելու նրա բարի համբավի, ընտանիքի(հատկապես՝ երեխաների) և շրջապատի ընկալումների մասին։
Խիղճներդ մաքուր պահեք. քաղաքական խաղերը կանցնեն, բայց հայելին կմնա, այն հայելին, որի առաջ պետք է նայեք ու հարց տաք՝ արժե՞ր։