Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանում ենք մտահոգիչ տեղեկություններ, որ պայմանավորված իրավիճակով՝ տնտեսվարողներն էականորեն կրճատել են արտադրանքի և արտահանման ծավալները. Գառնիկ Դանիելյան

Հուլիս 30,2025 16:17

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Վաղուց զարմանալի չէ, որ իշխանական այս խմբակը 7 տարիների ընթացքում ժամ առ ժամ կարողանում է կատարելագործվել միայն ստելու և մանիպուլացնելու հարցում։
Սրանք քանի դեռ հանրային տրամադրություններ են չափում Վարդավառին միմյանց վրա ջուր ցողել-չցողելով, և մարդկանց լավ ապրելը որոշում են Սևանի ափեր այցելությունների քանակով, տնտեսությունն ու արտահանումը շարունակում են անկում գրանցել։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում ուրախությամբ հայտնում է, թե կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է` հավելելով, որ օրվա ընթացքում վրացական Գեզի մաքսակետից դուրս են եկել շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա։

Մինչդեռ, ստանում ենք մտահոգիչ տեղեկություններ, որ պայմանավորված իրավիճակով՝ տնտեսվարողներն էականորեն կրճատել են արտադրանքի և արտահանման ծավալները։
Վերջերս կոնյակ արտադրող ընկերության ներկայացուցիչներից մեկից տեղեկացա, որ եթե նախկինում ամեն օր սահման էր ուղարկվում կոնյակով բեռնված 1 բեռնատար, այժմ նույն քանակությամբ բեռնատար է ուղարկվում 1 ամսվա ընթացքում։

Կոնյակագործներին համբերատարություն մաղթող նախարարը Գեզի մաքսակետից դուրս եկող մեքենաների վիճակագրությունը ներկայացնում է որպես հայկական կոնյակի պատշաճ որակի վկայություն, այն դեպքում, երբ Վրաստանը՝ հանդիսանալով տարանցիկ պետություն, չունի որևէ իրավասություն փորձաքննության ենթարկելու մեր արտադրանքը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից ևս պարզ է դառնում, որ նախորդ տարվա համեմատ ունենք կոնյակի և ալկոհոլային խմիչքների արտահանման նվազում։

Հավելենք, որ այդպես էլ պատկան մարմինների կողմից չտրվեց լիարժեք պարզաբանում, թե ի՞նչն է հանգեցրել վրացական կողմին՝ ամիսներ շարունակ խոչընդոտելու հայկական կոնյակի արտահանումը ՌԴ։

Խայտառակ իրավիճակ է նաև հեղուկ գազի ոլորտում։ Մինչ խոչընդոտվում է վրացական անցակետում Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող հարյուրավոր բեռնատարների մուտքը Հայաստան, ականատեսն ենք լինում դրա օր-օրի թանկացմանը։

Սա չափազանց վատ միտում է, որի հետևանքները մեր տնտեսության վրա թողնելու են անդառնալի հետևանքներ։
Արդեն իսկ ունենք վիճակագրություն, որի համաձայն՝ արդյունաբերական արտադրությունը 2025 թվականի առաջին կեսին նվազել է 12%-ով, իսկ արտաքին առևտուրը՝ 45%-ով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031