«Ազգայնականության մուրճի եւ ազատականության սալի արանքում»․ այսպես է կոչվում Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի գիրքը: Այն հեղինակի հոդվածների եւ հարցազրույցների հավաքածուն է՝ 1998 թվականից սկսած։
Գրքի շնորհանդեսից առաջ, լրագրողների հետ զրույցում, Արման Գրիգորյանն ասաց՝ որոշել է դրանք հրատարակել մեկ գրքում, քանի որ ընդհանուր տրամաբանություն կա այդ հոդվածներում, այն է՝ արմատական ազգայնականության քննադատությունը եւ տրաֆարետային ազգայնականության մերժումը։
Կարդացեք նաև
Այդ երկու մոտեցումները, իր պնդմամբ, այժմ դոմինանտ են հայաստանյան քաղաքականությունում։ Արման Գրիգորյանի համար ընդունելի տարբերակն է՝ քաղաքականությանը ռացիոնալիզմի եւ իրատեսության հարթակից մոտենալը։
Գրքում հինգ թեմա կա՝ արցախյան հարցի շուրջ հեղինակի վերլուծություններն ու հարցազրույցները, ներքին քաղաքական բանավեճերին վերաբերվող հրապարակումները, Հայաստանի ժողովրդավարության խնդիրներին, 44-օրյա պատերազմին եւ Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու թեմային վերաբերվող հոդվածներն ու հարցազրույցները։
Մանրամասները՝ տեսանյութում
Շնորհանդեսի ժամանակ, իր բացման խոսքում էլ Արման Գրիգորյանն ասաց, որ հայաստանյան քաղաքական դաշտում ռոմանտիկ ազգայնականության եւ ազատականության՝ պարզունակ, կարգախոսների մակարդակի քաղաքական խոսույթի հետ գործ ունենք։
Ըստ նրա, քաղաքական բարիկադի երկու կողմում դիրքեր են զբաղեցրել մարդիկ, ովքեր քաղաքականությունը շփոթել են նժդեհական պաթոսով հայրենիքին ձոնված ներբողների, հայդատական պատրանքների հետ, իսկ մյուս կողմում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, արեւմտյան արժեքներին նվիրվածության վերաբերյալ անբովանդակ շատախոսությամբ, արեւմտյան դրախտում հայտնվելու պատրանքների հետ։
Քաղաքական տարաձայնությունները, բանախոսի կարծիքով, վերածվել են ատելությամբ ներծված հակամարտության ու այս աղմուկի մեջ անտեսանելի է դարձել փաստը, որ այս կողմերը երկվորյակներ են՝ իրենց հիմնարար փիլիսոփայական եւ մոթոդաբանական դիրքորոշումներում։ Անտեսանելի է դարձել նաեւ երրորդ՝ իրատեսության, ռացիոնալիզմի վրա խարսխված մոտեցումը, որը, ցավոք, մեծ ժողովրդավարություն չի վայելում Հայաստանում։ Այն է՝ իրականությունը որպես այդպիսինն ընդունելու, իրականությունը մեզ ենթարկեցնելու եւ մեր գործողությունները իրականությունից բխեցնելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ