«Երբ Ադրբեջանը հայ գերիների վերաբերյալ ցույց է տալիս դատական գործընթացներ, որոնք օրենքի տառը չեն պահպանում, ցույց են տալիս տեսագրություններ, թե ինչպես են ռազմագերիները բռնության ու դաժան վերաբերմունքի ենթարկվում, սա ոչ միայն անհատական մակարդակ է, այսինքն՝ դրանով Ադրբեջանը ոչ միայն Ժնեւյան կոնվենցիան է խախտում, Հաագայի կոնվենցիան է խախտում, այլ նաեւ սա ավելի խորքային է՝ Ադրբեջանն իրականում հոգեբանական պատերազմի մեջ է Հայաստանի Հանրապետության հետ»,- այսօր Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության գրասենյակում «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին հայ հասարակության դեմ հոգեբանական զենք դարձնելու ռազմավարությունը և դրա հետևանքները մարդու իրավունքների համատեքստում» թեմայով բանախոսության ժամանակ ասաց քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Մնացականյանը։
Նա նշեց, որ հոգեբանական պատերազմը կարեւոր է, ինչպես եւ ռազմական գործողությունները։ Եթե ռազմական գործողություները տեսանելի են, հոգեբանական պատերազմներն ավելի ընդգրկուն են։ Հոգեբանական պատերազմում պետությունն օգտագործում է բոլոր միջոցները, որպեսզի հակառակորդ երկրի հասարակությանը պահի սթրեսի մեջ։
«Եթե նայում ենք Ադրբեջանում հայ գերիների դատական գործընթացները, դրանց նպատակը կոնկրետ անձանց պատժելը չէ, Ադրբեջանը հայ ռազմագերիներին օգտագործում է որպես հաղթաթուղթ, որպեսզի պատժի եւ օգտագործի մի ամբողջ հասարակության, որպեսզի հայ հասարակությանը պահի սթրեսի, վերահսկողության մթնոլորտում, որպեսզի քայքայի հայ հասարակության ինտելեկտուալ բոլոր կարողությունները եւ դրանով կանխի բոլոր հնարավոր հետագա պատասխան գործողությունները։ Սա իրականում բավականին խորքային մտածված ռազմավարություն է Ադրբեջանի կողմից։
Կարդացեք նաև
Իրավապաշտպանները եւս նման դիրքորոշում ունեն, որ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին եւ հայ հասարակության դեմ հոգեբանական պատերազմ է իրականացնում՝ հնարավոր բոլոր միջոցներով հայ հասարակությունից ու Հայաստանի կառավարությունից ի շահ Ադրբեջանի զիջումներ կորզելու համար։ Օրինակ՝ հոգեբանական պատերազմի միջոցով Ադրբեջանը կարող է կանխել, որպեսզի հայ հասարակությունը չխոսի ռազմագերիների մասին, որպեսզի չխոսի Արցախի Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին, Հայաստանի օկուպացված տարածքների մասին, Լեռնային Ղարաբաղի բնակչության հայրենիքի ու ազատ ինքնորոշման իրավունքի ոտնահարման մասին։ Ադրբեջանն այս բոլորն օգտագործում է, որ որպեսզի Հայաստանի Հանրապետությունից ու հայ հասարակությունից չստանա պատասխան իր գործողությունների վերաբերյալ»,- հավելեց նա։
Անժելա Մնացականյանի խոսքով՝ վերջերս մի շարք միջազգային կազմակերպություններ հետազոտություններ էին իրականացրել եւ պարզել, որ հայ հասարակությունը գտնվում է խորը սթրեսային իրավիճակում եւ վախենում է նոր պատերազմից։ Սա նույնպես Ադրբեջանի հոգեբանական պատերազմի հետեւանք է։ Ադրբեջանը նաեւ ակտիվ տեղեկատվական պատերազմ է մղում, ապատեղեկատվություն է տարածում եւ իր թիրախը ոչ միայն հայ հասարակությունն է, այլ նաեւ միջազգային հանրությունը։
«Ադրբեջանը նաեւ բավական ակտիվ է աշխատում լոբբինգի տեսանկյունից, ակտիվ աշխատում է միջազգային գիտական կազմակերպությունների հետ, կան բազմաթիվ ճանաչված գիտական վերլուծաբաններ, գիտնականներ, որոնք միջազգային ասպարեզներում ավելի շատ տարածում են այն նարատիվները, որոնք մշակվում են Ադրբեջանում։ Եվ սա էլ շատ վտանգավոր է հայ հասարակության ու Հայաստանի համար»,- նշեց Անժելա Մնացականյանը։
Հայ գերիների խոշտանգումը եւ հրապարակային նվաստացումը, նրա խոսքով, վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են ոչ միայն Ժնեւյան կոնվենցիան, այլ նաեւ մարդու հիմնարար իրավունքները։ «Հետեւաբար, մենք նույնպես աշխատանք ունենք իրականացնելու այս ուղղությամբ։ Մենք չպետք է լռենք, պետք է օգտագործենք միջազգային բոլոր հարթակները, տարածենք իրական տեղեկատվություն, որպեսզի Ադրբեջանի ապատեղեկատվությանը կարողանանք հակազդել»,- ասաց նա։
«Առավոտի» հարցին, որ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիները թեեւ պաշտպանված են միջազգային կոնվենցիաներով ու բանաձեւերով, բայց ստացվում է, որ իրականում պաշտպանված չեն, քանի որ միջազգային հանրության աչքի առաջ Բաքուն շինծու դատավարություններ է անցկացնում, ի՞նչ պետք է անել այս իրավիճակում, կա՞ն լծակներ՝ Ադրբեջանին ճնշելու եւ կանխելու այս ապօրինի գործընթացները, Անժելա Մնացականյանը պատասխանեց․ «Ժնեւյան կոնվեցիան իրավական մանդատ տալիս է միայն մեկ կազմակերպության՝ Կարմիր խաչին, որը չունի պատժամիջոցներ իրականացնելու մանդատ, այսինքն՝ միայն միջնորդ է հանդիսանում։ Բայց պետք է հաշվի առնենք, որ միջազգային կազմակերպությունների ներկայությունն Ադրբեջանում սահմանափակվել է, նույն Կարմիր խաչին, ՄԱԿ-ի մի շարք կառույցների ուղղակի ասել են՝ լքեք Ադրբեջանի տարածքը։ Այսինքն՝ կան կոնվենցիաներ, բայց Ադրբեջանն իր տարածքի սահմաններում անում է այն, ինչ ուզում է։ Ինչպե՞ս կարող ենք մենք դրա դեմն առնել, մենք պետք է հնարավորինս շատ բարձրաձայնենք դրա մասին, չմտածենք, որ եթե մենք խոսենք, ավելի վատ կլինի մեզ համար։ Պետք է միջազգային մամուլի հետ կապվենք, բարձրաձայնենք այս թեմաները։ Եթե մենք այս թեմաներով միջազգային ասպարեզներում խոսենք, արդեն միջազգային ճնշում կլինի Ադրբեջանի վրա։ Ադրբեջանի եկամտի աղբյուրն իրականում ադրբեջանական նավթն ու գազն է, Ադրբեջանը գազ է վաճառում Եվրոպային, Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է բարձրաձայնեն մարդու իրավունքների խախտումների մասին, որպեսզի նույն Եվրոպայի ներսում շարքային հասարակական կազմակերպությունները, ակտիվիստները պահանջեն իրենց երկրի կառավարությունից վերանայել իրենց համագործակցությունն Ադրբեջանի հետ»։
Նա հավելեց, որ չի օգտագործվում Սփյուռքի հսկայական ներուժը։ Անժելա Մնացականյանի խոսքով՝ համաձայն 1949 թվականին ընդունված Ժնեւի Երրորդ կոնվենցիայի, ռազմագերիները պետք է պաշտպանված լինեն խտրական վերաբերմունքից, պետք է հարգվի նրանց մարդու արժանապատվությունը, արգելվում են խոշտանգումները, նվաստացումները եւ արժանապատվության ցանկացած խախտում։ Բացի այդ, ռազմագերիները իրավունք ունեն արդար դատաքննության, ու պետությունը պարտավոր է ապահովել նրանց հայրենադարձվելու իրավունքը։
Անժելա Մնացականյանն ասաց, որ 2020-2023 թվականներին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան բազմաթիվ անհապաղ միջոցառումներ է ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ հայ ռազմագերիների խոշտանգումների եւ կյանքի վտանգի վերաբերյալ։ Դատարանը կիրառել է ժամանակավոր միջոցներ՝ պարտավորեցնելով Ադրբեջանին պաշտպանել ռազմագերիների կյանք ու առողջությունը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում եւս ունենք գործեր, հայ ռազմագերիների վերաբերյալ անհատական բողոքներ են ընդունվել՝ ներառյալ խոշտանգումների եւ բռնի անհետացումների վերաբերյալ դեպքերով։ Ինչպես նաեւ կան անհատական գործեր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռ ընթացքի մեջ են գտնվում անհատական գործեր, որոնք նախադեպային չեն, բայց հետագայում կարող են դառնալ նախադեպային միջազգային հանրության համար։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ