Լրահոս
Օրվա լրահոսը

«Խմելու պես կարդում ես»․ Սեւակ Արամազդը՝ Արման Գրիգորյանի գրքի մասին

Հուլիս 30,2025 20:20

Գերագույն խորհրդի պատգամավոր, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով, մեր հասարակությունը մի մեծ անորոշության մեջ է, որը վերաբերվում է մեր կյանքի բոլոր ոլորտներին ու անորոշության այս կաթսայի մեջ մեծ չափաբաժին են ներարկում իշխանությունները՝ իրենց կարգախոսային մոտեցումներով։Այս մասին այսօր Բագրատ Ասատրյանն ասաց Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի՝ «Ազգայնականության մուրճի եւ ազատականության սալի արանքում», գրքի շնորհանդեսի ժամանակ։

Ու ստեղծված իրողությունների համատեքստում, Բագրատ Ասատրյանը դրական է որակում Արման Գրիգորյանի ասելիքի առկայությունը՝ ամբողջական տեսքով, քանի որ գիտական մակարդակով եւ խորությամբ խոսվում է խնդիրների մասին, լուծումների ճանապարհներն են նախանշվում։

Անդրադառնալով գրքի մեկ՝ արցախյան խնդրին վերաբերվող հատվածին, Բագրատ Ասատրյանը հիշեց 1998-ի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի շրջանը, դրան նախորդած եւ հետեւած զարգացումները․ «Բազմաթիվ սպառնալիքներ էլ եղան՝ ընդհուպ մինչեւ՝ Ստեփանակերտում ավտոբուսները կանգնած են, ժողովուրդը գալիս է Երեւան»։

Ըստ բանախոսի, ոչ մի իշխանություն այդպես էլ համարձակություն չունեցավ ասել իրականությունը, բոլոր իշխանությունները լուծեցին իրենց վերարտադրության հարցը՝ կուլիսներում տարբեր բանակցություններ տանելով, ինչն էլ հանգեցրեց 2018 թվականի իրավիճակին։ Այժմ Հայաստանն այնպիսի իներտ վիճակում է հայտնվել, որ իշխանությունն ինքն էլ չի հասկացել, որ իշխանություն է, միայն իրենց լավ են զգում, երբ կառավարական շենք մտնելիս ոստիկանը պատիվ է առնում եւ ասում՝ «բարեւ ձեզ, պարոն վարչապետ»։

Բագրատ Ասատրյանի բնութագրմամբ, այսօր ունենք քայքայված քաղաքական դաշտ, չձեւավորված հասարակություն, թույլ պետական օղակներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Գիտական, ակադեմիական խորություն, բանավիճային կիրք եւ մտքի անխարդախ, անկաշառ սրություն․ արձակագիր Սեւակ Արամազդն այսպես բնութագրեց «Ազգայնականության մուրճի եւ ազատականության սալի արանքում» գիրքը։ Իր փոխանցմամբ, այս գիրքը ավելին է քան գիտելիքը, քան հեղինակի անհատական կենսափորձը։ Նա պատկերավոր համեմատություն արեց՝ «խմելու պես կարդում ես»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գիրքը համարեց մտավոր մարտահրավեր՝ ուղղված մեր ազգային մտածողության ստատուս-քվոյին։ Ըստ նրա, այս գիրքը կարեւոր է հենց հիմա, քանի որ ղարաբաղյան շարժումից մինչեւ մեր օրերը մեր հանրային կյանքը ղեկավարվել է կեղծ երկընտրանքներով։ Իր կարծիքով, հեղինակի այն պնդումը, որ «հայաստանյան քաղաքական դաշտը չի կարող դառնալ ազգայնականների եւ ազատականների տարաձայնությունների բանավեճ», նախադասությունը պետք է դառնա քննարկման առարկա, քանի որ սա է մեր մտավոր ճգնաժամի հիմնական պատճառը։ Իր բնութագրմամբ, սա հայաստանյան քաղաքական մտքի ողբերությունն է, որում մեր հասարակությունն ապրել է տասնամյակներ։

«Արման Գրիգորյանը մերկացնում է այն պատկերացումը, թե ՀՀ ապագան կախված է մեկ կենտրոնից՝ մյուսին կցվելուց եւ մերժում է այն մտայնությունը, որ եվրոպական դրախտում Հայաստանի հայտնվելն ընդամենը ցանկության հարց է։

Արման Գրիգորյանը չի առաջնորդվել կոնյուկտուրայով՝ չձգտելով դառնալ հանրաճանաչ, այլ մնալով սկզբունքային ու պահանջկոտ, ինչը նրան արժեքավոր գիտնական է դարձնում եւ մտավորականության բարձր չափանիշի կրող»,- ասաց Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, որ այս գիրքը կոչ է՝ ազգային օրակարգին բանականությունը վերադարձնելու եւ դա մեկ հեղինակի գործ չէ, այլ բոլորիս պարտականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հրապարակախոս, լրագրող Կարպիս Փաշոյանի դիտարկմամբ էլ՝ մեր իրականությունում քաղաքական տեքստ է ի հայտ եկել, որոնք չեն արտադրվել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով ու այս առումով, Արման Գրիգորյանի այս ժողովածուն կարեւոր քայլ է՝ բացը լրացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031