Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ բանը, որի համար տխրում եմ, հայրիկիս մահվան 1-ին տարելիցին չմասնակցելն է». Լիդյա Մանթաշյան

Հուլիս 30,2025 23:13

Սրբազան Պայքարի ակտիվիստ, քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նամակը «Աբովյան» ՔԿՀ-ից.

Իմ մասին բոլոր մտահոգվողներին…

Այո, ես կալանավորված եմ, բայց ես ո՛չ գողություն եմ արել, ո՛չ սպանել եմ (ոչ էլ պլանավորել), ո՛չ թմրանյութ եմ վաճառել… Մի խոսքով՝ ես հանցագործ չեմ, չեմ արել հակաօրինական որևէ գործողություն։

Ես իրացրել եմ իմ սահմանադրական իրավունքը՝ ցանկացել եմ խաղաղ անհնազանդության գործողություններով հասնել իշխանափոխության։ Ես կալանավորված եմ մեկ մարդու (Ն.Փ.) քմահաչույքով։

Ես և ինձ հետ կալանավորված մյուս անձինք կալանավորվել են հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ պայքարելու համար, իսկ…

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼԸ ՊԱՏԻՎ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ (Բագրատ Սրբազան)։

Այնպես որ, ինձ/մեզ կամ մեր հարազատներին մի՛ խղճացեք։

Միակ բանը, որի համար տխրում եմ, հայրիկիս տարուն (մահվան 1-ին տարելիցին) չմասնակցելն է…

* * *

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աղոթում են ինձ/մեզ համար, ովքեր հանձնուք (передача) են բերում ՔԿՀ-ներ, ովքեր զանգահարում կամ հանդիպում են իմ/մեր հարազատներին… Ես դրանից շատ եմ հուզվում… ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ…

Բայց անկեղծորեն խնդրում եմ, շատ մի՛ անհանգստացեք, չեմ ուզում, որ իմ պատճառով նեղություններ կրեք։

Միակ խնդրանքն է՝ ձեր առանձնական աղոթքներում հիշեք ինձ/մեզ։

* * *

Իսկ Բագրատ Սրբազանի մասին կասեմ հետևյալը. Սրբազանը մեր ժամանակների մեծագույն մտածողներից է, որը մինչև այսօր չի՛ ունեցել խաղաղ ժամանակ, որպեսզի ամբողջությամբ նվիրվի ստեղծագործական աշխատանքին, քանի որ մշտապես մեր պետության, պետության սահմանապահ բնակավայրերի, սահմանային դիրքերի, սփյուռքյան հայկական համայնքների ամրացման ու բարգավաճման գործին է նվիրված եղել՝ եկեղեցու ծառայությանը միախառնելով այն 24/7 ռեժիմով՝ ո՛չ հստակ ուտելու ժամանակ, ո՛չ էլ հստակ քնելու ժամանակ ունենալով (երդվյալ ՔՊ-ականներն էլ գիտեն դրա մասին)։

Մեր եկեղեցու մեծ հայրերը որևէ արժեքավոր գործ ստեղծելիս կամովին առանձնացել են ու աղոթքով՝ Տիրոջ առաջնորդությամբ ստեղծագործել։

Այսօր Բագրատ Սրբազանը առանձնացման մեջ է։ Սրբազանին լավ ճանաչելով՝ վստահ եմ՝ այս բանտարկության (առանձնացման) ժամանակահատվածում նա կստեղծի հավերժական ինչ-որ գործ։

Ուստի, շնորհակալ եմ Տիրոջն այս օրերի համար։

Փառք Քեզ Աստուած, փառք Քեզ,

Յաղագս ամենայնի, Տէր, փառք Քեզ։

 

Լիդյա Մանթաշյան

Աբովյան ՔԿՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031