Երեկ «Առավոտը» ստացավ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշումը`ԵԿԴ /0825/02/16 քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին:
Ինը տարի առաջ դատարան էր դիմել Բավական Խաչատրյանն ընդդեմ Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանի (լուսանկարում), «Առավոտի» եւ երկու այլ ԶԼՄ-ների, հրապարակային ներողություն խնդրելու, հերքում տալու եւ ոչ նյութական վնասի փոխհատուցման վնասների մասին:
2016թ. հուլիսի 11-ին դատարանի որոշմամբ վարույթը կասեցվել էր: Բանն այն էր, որ հարուցված էր քրեական գործ, եւ այն կասեցվեց, մինչեւ քրեական գործով վերջնական դատական որոշում կայացնելը:
Մենք կասեցումից հետո 2017 թվականին հիշեցրեցինք դատարանին, որ նման մոռացված գործ կա դատարանում. «Կասեցված հայցադիմումի ճակատագրի մասին դատարանը մոռացե՞լ է»: Բայց զրո արձագանք:
Կարդացեք նաև
Դատարանը լրատվամիջոց ուղարկած իր որոշման մեջ այսպիսի ձեւակերպում է արել նաեւ. «Կասեցումից հետո… տեւական ժամանակ որեւէ տեղեկություն չի տրամադրվել դատարանին, ուստի պետք է գործի վարույթը վերսկսել եւ հրավիրել դատական նիստ»:
Հիշեցնենք, որ 2016 փետրվարի 16-ին Սարգիս Հացպանյանը ասուլիս էր տվել, որի ընթացքում անդրադարձել էր Ստամբուլի հայ համայնքի դեպքերին: Ասուլիսի ընթացքում նա ցույց էր տվել մի կնոջ լուսանկար եւ, նշելով նրա անուն ազգանունը, հայտարարել, որ այդ կինը հայկական համայնքում հայտնի է որպես «մամա Ոոզա» եւ նա Հայաստանի տարբեր մարզերից հավաքագրում է կանանց ու տանում Թուրքիա թրաֆիքինգի նպատակով, եւ որ նա ունի չորս անձնագիր։ Սարգիս Հացպանյանը նաեւ հայտարարել է, որ լուսանկարում պատկերված կինը հետախուզվում է Հայաստանի Հանրապետության կողմից։
Ասուլիսից հետո Հացպանյանի կողմից նշված կինը դատական հայց էր ներկայացրել նրա եւ այն լրատվամիջոցների դեմ, որոնք լուսաբանել էին այդ ասուլիսը: Հայցվորը դատարանից պահանջում էր հրապարակային ներողություն խնդրել, հերքում տալ: Եվ որպես փոխհատուցում պատասխանողներից պահանջում էր 3 միլիոն դրամ: Այսպիսով, Սարգիս Հացպանյանի հետ պատասխանող կողմ էին ճանաչվել «Առավոտ» օրաթերթ» ՍՊ ընկերությունը, «Նյութ.ամ» լրատվական կայքը եւ «Նոյյան տապան» լրատվական կենտրոնը:
Սարգիս Հացպանյանը 2016 թվականի հունիսին Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստում (դատավոր Գայանե Մազմանյան) տեղեկացրել էր, որ իր հետ կապ են հաստատել ոստիկանությունից եւ փաստեր պահանջել. «Ես ներկայացրել եմ, եւ իմ մատնանշած փաստերի հիմա վրա քրեական գործ է հարուցվել, Վանաձորում հայտնաբերվել են մարդիկ, որոնք ասածս հաստատել են, անգամ երկուսը հարցաքննվել են, Ստամբուլից եկել են երկու հոգի, որոնք հաստատում են խոսքերս, եթե քրգործ է հարուցվում, ուրեմն պետք է վարույթը կասեցվի, այդ իմաստով ենք միջնորդությունը ներկայացրել»:
«Առավոտ» օրաթերթի ներկայացուցիչը դատական նիստում հայտնել էր, որ «Նյութի հրապարակումից հետո կայքի խմբագրի որոշմամբ այն ամբողջությամբ հեռացվել է կայքից, իսկ ձեր պահանջներից է նաեւ հերքումը, որն անհասկանալի է, ի՞նչը պետք է հերքենք, եթե հոդվածը գոյություն չունի»:
Ներկայացվել էր նաեւ 2016թ. ապրիլի 8-ին Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը, ըստ որի՝ Խորհուրդը գտել էր, որ մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված տեղեկատվության տարածման համար չեն կարող պատասխանատվության ենթարկվել լրատվամիջոցները, քանի որ նրանք պաշտպանված են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ կետով՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած փաստացի տվյալները լրատվական գործակալության …բարեխիղճ վերարտադրություն են եւ դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին:
Պետք է նշենք, որ 2018թ. հունվարի 20-ին մահացավ Սարգիս Հացպանյանը: Իսկ «Առավոտը» շարունակում է մնալ պատասխանող: Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 9-ին:
Դատավորը նույնն է` Գայանե Մազմանյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ