Հուլիսի 22-25-ին ընկերոջս՝ ՀՀ Արարատի մարզի կրթության համակարգի երկար տարիների աշխատակից Սուրեն Շահինյանի հետ գտնվում էի ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի տարածքում։
Այցելեցինք նաև Չինչին գյուղ, որը գտնվում է Բերդից մոտ 3 կմ հարավ-արևմուտք՝ Տավուշի լեռնաշղթայի ստորոտում, 1318 մ բարձրություն ունեցող մի գեղատեսիլ սարահարթի վրա։ Հեռավորությունը Երևանից կազմում է 195 կմ, մարզկենտրոն Իջևանից՝ 62 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 10 կմ։
Կարդացեք նաև
Այս օրերին Չինչինում ընթացքում են ճանապարհաշինական և այլ աշխատանքներ։ Կարեն Դարբինյանը 2012 թվականից ղեկավարում է Չինչինը, և նպատակն է՝ իր հայրենի գյուղը դառնա նաև զբոսաշրջության կենտրոն։
Մեր հայրենիքի հյուսիսարևելյան այս երկրամասն ունի գեղատեսիլ բնություն, բնակլիմայական լավ պայմաններ, հարուստ է նաև պատմամշակութային և բնական հուշարձաններով։
Այժմ Չինչին գյուղն ունի 130 տնտեսություն՝ մոտ 400 բնակիչ։ Միջնակարգ դպրոցում սովորում են 44 աշակերտ։
Գյուղն ունի նաև մանկապարտեզ՝ 23 սաներով, բուժկետ, մշակույթի տուն, փոստ, համայնքային կենտրոն, խանութներ, ինչպես նաև զբոսաշրջությանը խթանող հյուրատներ։ Գյուղի կինոթատրոնի շենքը, որ խորհրդային տարիներին հրդեհվել ու մնացել էր ավերակ վիճակում, 2017-18 թվականներին հիմնանորոգվել է, և շուտով կավարտվեն ներքին հարդարման աշխատանքները ևս։ Կենտրոնն ունի նաև բացօթյա դահլիճ։ Ընդհանուր կահավորված է հնաոճ կահույքով, լուսավորությամբ, ունի խոհանոց, կոմունալ այլ պայմաններ։
Կ․ Դարբինյանը տեղեկացրեց՝ գյուղում ընթացող ճանապարհաշինական և այլ աշխատանքներ իրականանում են կառավարության հատկացրած 100 տոկոսանոց ծրագրով՝ հիմնականում զբոսաշրջության զարգացման նպատակով։ Իսկ զբոսաշրջությունը կխթանի գյուղի տնտեսության զարգացմանը։ Այս առումով կա ծրագիր՝ գյուղում կառուցվեն հյուրատներ, հանգստյան գոտի և այլն։ Ներկա պահին գործում են բոլոր հարմարություններով ապահովված մի քանի հյուրատուն՝ 4-10 տեղանոց, ընդհանուր 30-35 հյուրի համար։
Ունեն նաև զբոսավար, ով քայլարշավի ժամանակ ուղեկցում է զբոսաշրջիկներին գյուղի վարչական տարածքում գտնվող պատմական ու բնական հուշարձաններ։ Գյուղի վարչական ղեկավարը տեղեկացրեց նաև՝ բնակիչները զբաղվում են հիմնականում դաշտավարությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունեն մոտ 350 հա վարելահող, 85 հա խոտհարք։ Մշակում են ցորեն, կարտոֆիլ, այլ մշակաբույսեր, պտղատու այգիներ։ Այդ օրերին սկսվել էր խոտհունձը, և գյուղի 4 կողմում խոտհարքերում աշխատում էին համապատասխան մեքենաները։ Կարևոր խնդիրներից է ոռոգման ջրի բացակայությունը։ Խմելու ջրի խնդիր ևս կա, պետք է պոմպակայան կառուցվի, որ գյուղն ամբողջությամբ ապահովվի խմելու ջրով։
Անդրադառնալով Չինչինի պատմությանը՝ Կ․ Դարբինյանը տեղեկացրեց, ավելի վաղ ժամանակներում գյուղի տեղում եղել է բնակավայր, այդ են հուշում մոտակա ավերակ եկեղեցին, հնադարյան գերեզմանատները։
19-րդ դարում Չինչինը եղել է մոտակա Տավուշ գյուղի անասնապահական ձմեռանոցը։ Առաջին ընտանիքները Թովուզ գյուղից այստեղ են տեղափոխվել ու բնակություն հաստատել 1876-1877 թվականներին: Որպես ինքնուրույն բնակավայր ճանաչվել է 1885 թվականից, և 2025-ին լրացել է Չինչինի 140 ամյակը։ 1885թ. գյուղում բնակվել են ընդամենը երեք ազգատոհմեր՝ ընդհանուր 39 բնակիչ: Ըստ արխիվային փաստաթղթերի՝ գյուղի դպրոցը հիմնադրվել է 1914թ. Մելիք Կիրակոսյանի կողմից:
2023թ․ սեպտեմբերի վերջերին այստեղ բնակություն են հաստատել նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ։ Գյուղի վարչական ղեկավարի նստավայրում զրուցեցի առաջատար մասնագետներ Սոնա Եսայանի և Գոհար Հակոբյանի հետ։ Տեղեկացրեցին՝ սիրով են ընդունել մեր հայրենակիցներին, աջակցում են, որ ինտեգրվեն տեղին։ Զրուցեցի նաև արցախցիներ՝ Ստեփանակերտից Գրիգորի Մեխակյանի և շուշեցի Յաշա Բաղդասարյանի հետ։ Դժվար ու ծանր օրերից հետո այստեղ իրենց լավ են ընդունել, գոհ են ողջ գյուղից, սակայն հայրենի տան կարոտը խեղդում է։
Չինչին գյուղի նշանավոր տեսարժան վայր-բնական հուշարձաններից է «Ղուզանի քար» կոչվող մոտ 200մ բարձրություն ունեցող հսկա ուղղաձիգ ժայռը, որը մխրճված է անդունդի մեջ։ Նախկին զինվորական, «Միհր» կրթամարզական ՀԿ Բերդի մասնաճյուղի ղեկավար Արտակ Բադալյանի ուղեկցությամբ եղանք այստեղ։ Ժայռի մի մասը ծածկված է հսկայական ծառերով, և հնարավոր չէ ամբողջը տեսնել, ուր մնաց՝ լուսանկարել։ Ամեն դեպքում փորձեցի լուսանկարել։
Տարբեր ավանդազրույցներ կան այս քարաժայռի անվան հետ կապված: Ո՞վ էր Ղուզանը, ի՞նչ կապ ուներ այս ժայռի հետ։ Մի ավանդության համաձայն՝ ժայռը Ղուզանի քար է կոչվել Ռուզան անունով մի դեռատի աղջկա՝ տարածքն ասպատակող պարսիկների ձեռքը չընկնելու պատճառով ինքնասպանությունից հետո։ Կա վարկած, որ Ղուզան նշանակում է հով, ստվերոտ տեղ: Իմ կարծիքով սա ավելի ճիշտ վարկած է, հիշենք Արցախի Ճարտար բնակավայրի մասին՝ Ղուզե (հյուսիսահայաց) Ճարտար։
Ժայռի հարևանությամբ անտառապատ հարթ տարածք է՝ հանգստի գոտի, որտեղ կան մի քանի տաղավարներ։ Չինչին գյուղի հարավարևելյան կողմում՝ ավելի ցածրադիր դիրքում՝ գետակի ձախակողմում, պահպանվել է միջնադարյան սրբավայր-եկեղեցու ավերակ։ Տեղացիները «Մանդուռ» են կոչում տարածքը։ Ժայռակերտ ցածր ու ոչ մեծ տարածքով բլրակի վրա է մատուռ-մանդուռի ավերակը, որտեղ մեզ ուղեկցեցին Կարեն Դարբինյանն ու զբոսավար դուստրը՝ Լիլիան։ Տարբեր պատմություններ են պատմում սրբավայրի մասին, որի տարածքից նաև պղնձյա դրամներ են գտնվել։ Մոտ 1 մ հաստությամբ պատեր ունի ավերակ սրբատունը, որի արևելյան կողմում պահպանվել է Սուրբ խորանը՝ մոտ 1 մ բարձրությամբ։ 12-13-րդ դարերի խաչքարեր ու դրանց բեկորներ կան խորանում։ Ժամանակին ներսից կառույցն ունեցել է մոտ 3 մ լայնություն, 4 մ երկարություն։ Արևմտյան հատվածում դարձյալ շինություն է եղել, միայն հիմքերն են պահպանվել։ Իհարկե, եթե պեղումներ իրականացվեն, ավելի շատ տեղեկություն կունենանք սրբավայրի մասին։
Ավերակ սրբատան հարևանությամբ կոպտատաշ, բայց մեծ քարեր կան, որոնք ունեն փոսորակներ․ եղել են խաչքարերի պատվանդաններ։ Մի քանի խաչքար երեսնիվար են ընկած․ կան կոտրվածներ։ Եկեղեցին պահող բլրակի արևմտյան կողմում բավականին մեծ քարերով պարսպապատի հատված է պահպանվել։ Սրբավայրի հարևանությամբ երկաթյա ցանցերով ցանկապատ այգիներ են ու հին տներ։
Մոտակա տան բակում նույնպես խաչքար կա։ Գյուղի արևելյան հատվածում ավելի վաղ շրջանի գերեզմանոց կա՝ կոպտատաշ ու առանց արձանագրության տապանաքարերով։ Իսկ գյուղի հարավ-արևմտյան հատվածում՝ ավելի բարձր դիրքում, կան 2 խաչքար՝ հավանաբար՝ 9-րդ դարի։ Այս հատվածում ժամանակին նաև կիկլոպյան ամրոցի պարսպապատի հատված է եղել, սակայն կառուցապատումների արդյունքում այն այժմ չի երևում։
Օրվա ընթացքում մեզ հաջողվեց լինել նաև Հախում գետի աջակողմում գտնվող Կապտավանքում։ Գյուղի բնակիչներից Հարություն Քոչարյանի «Վիլիս» մեքենայով անցանք անտառապատ ու դժվարանցանելի մոտ 5 կմ ճանապարհ ու հասանք Չինչինի հարավարևմտյան կողմում՝ ծովի մակերևույթից 1378 մետր բարձրությամբ անտառի բացատ, որտեղ է արդեն 874-ամյա սրբատունը։ 1151թ․ հիմնված Կապտավանք կոչվող վանական համալիրը, որից պահպանվել է միակ եկեղեցին, միջնադարում եղել է Պատմական Մեծ Հայքի Ուտիք աշխարհի Տուչկատակ գավառում։ Այս օրերին եկեղեցին հիմնանորոգվում է, սակայն մեր այցի ժամանակ վարպետներ չկային։ Սրբավայրի տարածքում երևում են կառույցների տեղեր, հիմքեր, սակայն միայն եկեղեցին է կանգուն՝ կառուցված կապտագույն բազալտի մեծ ու միջակ մեծության քարերով, կրաշաղախով։ Արտաքին տեսքով եկեղեցին մեծապես ներդաշնակվում է շրջակա բնությանը։ Ներսից խաչաձև կառույցը դրսից երկարավուն քառակուսի ձև ունի, երկարությունը (արևելքից արևմուտք) 11.4 մետր, իսկ լայնությունը՝ 9.46 մետր։ Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից, 1.46 մետր x 1.15 մետր բացվածքով։ Ութ կողանի գմբեթի թմբուկի բարձրությունը 2.77 մետր է։ Արևմտյան մուտքի բարավորը, որ անտաշ քարից է, իր վրա ունի արձանագրություն։ Նույն արևմտյան պատին կան ևս 2 արձանագրություն։ Սրբատան պատերի մոտ, ներսում կան խաչքարերի բեկորներ։
Հարությունի որդին՝ Արենը, սովորում է 4-րդ դասարանում։ Մեզ հետ էր, ասաց՝ շատ է սիրում այս վայրը, իր հայրենի գյուղի սրբավայրը։ Այստեղ աշխատող շինարարները տարածքի՝ Արցախյան պատերազմի ընթացքում նահատակված քաջորդիներին նվիրված սառնորակ աղբյուրի հարևանությամբ տաղավար են կառուցում նաև՝ որպես հանգստի գոտի։ Ավելի վաղ՝ 1980թ, Քսակաց տոհմի Խաչատրյան, Վարդանյան, Մխիթարյան տներին նվիրված «Մխիթար, Վարդան, Խաչատուր» անունով հուշաղբյուր է կառուցվել, սակայն այժմ միայն հուշակոթողն է պահպանվում։
Զոհրաբ Ըռքոյան