Ermenihaber. Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան, հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալան, որը նաև հանդիսանում է «Anadolu Kültür» մշակութային կազմակերպության ղեկավարը հարցազրույց է տվել թուրքական «Bianet» լրատվական կայքին։ Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։
Օսման Քավալան հայտնի է իր հայամետ գործունեությամբ: Նա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար:
–Անիի կամրջի վերականգնումը տարիներ առաջ «Anadolu Kültür»-ի կողմից Ձեր ղեկավարությամբ նախաձեռնված քաղաքացիական նախաձեռնությունների մի մասն էր: Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումն այսօր՝ հաշվի առնելով դրա ներկայիս վիճակը:
-Անին շատ յուրահատուկ վայր է, որտեղ ճարտարապետական պատմության տեսանկյունից շատ կարևոր հուշարձանային կառույցներ մոտ հազար տարի պահպանվել են։ Պատմական Անիի մի մասը գտնվում է Հայաստանի տարածքում։ Վերականգնվելիք կամուրջը, թեև հուշարձանային կառույց չի համարվում, սակայն հենց սահմանին գտնվելու պատճառով ունի շատ ուժեղ խորհրդանշական նշանակություն։ Անիի կամրջի վերականգնման նախագիծը տարիներ առաջ «TEPAV»-ի կողմից ներկայացվել էր մշակույթի նախարարությանը, սակայն երկու երկրների հարաբերությունների վիճակը դրա իրագործման համար նպաստավոր չէր։
Կարդացեք նաև
«Առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանը բացելու քաղաքական կամքի, կամրջի վերականգնումը մեծ նշանակություն չէր ունենա։ Այս նախագծի այսօր կյանքի կոչվելը կոնկրետ նշան է, որ կարգավորման գործընթաց է սկսվելու։ Կարծում եմ, որ դիվանագիտական հարաբերությունների և սահմանային անցումների բացման հետ մեկտեղ կամրջի վերականգնումը կարևոր դրական ազդեցություն կունենա »,- նշել է Քավալան։
Քավալայի նշմամբ՝ արդեն իսկ վերացել են այն պատճառները, որոնց համար Թուրքիան փակել էր սահմանը։
Ըստ Քավալայի՝ քանի որ Անին համարվում էր ռազմական արգելված գոտի, մինչև 2004 թվականը մեր քաղաքացիները Անի այցելելու համար պետք է թույլտվություն ստանային Կարսի նահանգապետարանից։ Որոշ վայրերում կատարվել էին ոչ լայնածավալ պեղումներ։ Պատմական կառույցների հետ կապված առաջին աշխատանքը կատարվել էր 2008-ին։ Շադդադյանների ժամանակաշրջանում կառավարիչ եղած Մանուչեհրի անունը կրող 13-րդ դարի կառույցը վերականգնվել էր։ 2011 թվականին մշակույթի նախարարության և «World Monuments Fund»-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում սկսվեցին Անիի ամենակարևոր հուշարձանային կառույցի՝ 10-րդ դարի Մայր տաճարի և Սուրբ Փրկիչ եկեղեցու վերականգնման նախագծերը։ Մենք՝ որպես «Anadolu Kültür» այս համագործակցությունը հեշտացնելու դեր ենք ունեցել։
Նախագծի ընթացքում Հայաստանից և Վրաստանից մասնագետների մասնակցությամբ աշխատարաններ ենք տարել։ Հատկապես Հայաստանի մասնագետներն անհանգստանում էին, քանի որ չգիտեին, թե ինչ աշխատանք է կատարվում։ Սակայն նախագծերը պատրաստող և իրականացնող ճարտարապետ Յավուզ Օզքայայի վերականգնման ոլորտում փորձը, կարողությունները, պատրաստվածությունը և երկխոսության բաց աշխատանքային մեթոդը օգնեցին հաղթահարել այդ մտահոգությունները, և Անիի կառույցների գիտական սկզբունքներին համապատասխան վերականգնումը դարձավ մեր ընդհանուր նպատակը։
Թեև դիվանագիտական հարաբերություններ չկային, մշակույթի նախարարությունը թույլ տվեց, որ Հայաստանից մասնագետներ մասնակցեն Անիում իրականացվող գնահատման աշխատանքներին, և Հայաստանի կառավարությունն էլ աջակցեց մասնագետների ուղարկմանը։ 2016 թվականի հուլիսին՝ հեղաշրջման փորձի օրերին, Ստամբուլում անցկացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաքին մշակույթի նախարարության՝ Անին Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու առաջարկին Հայաստանի կողմից ուժեղ աջակցություն ցուցաբերվեց։
Այդ օրվանից հետո մենք շարունակեցինք Անիի համատեղ ներկայացման աշխատանքները։ Հայաստանից, Ամերիկայից և մեր երկրից մասնագետների մասնակցությամբ պատրաստվեց Անիի մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրող եռալեզու բջջային հավելված։ Կարճ ասած՝ կամրջի մեր կողմում բավական փորձ և համագործակցության փորձ կուտակվեց։Կամրջի վերականգնումը տարիներ շարունակ մասնագետների միջև ստեղծված այս գիտական կամուրջները ևս ավելի իմաստալից կդարձնի։
«Իմ երազանքն այն է, որ Անիի կամրջի մյուս կողմում՝ Հայաստանի հատվածն էլ ընդգրկող, ազատ գոտու կարգավիճակով Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի։ Վստահ եմ, որ սա, բացի ժողովուրդների միջև հարաբերությունների վրա դրական ազդեցություն ունենալուց, նաև կզարգացնի տուրիզմը և մեծապես կնպաստի տարածաշրջանի զարգացմանը»,-ընդգծել է Քավալան։
Անդարադառնոլվ հայ-թուրքական հարաբերություններին՝ Քավալան նշել է.
«Պետությունը ղեկավարողները գործում են ռազմավարական շահերի շրջանակում, սա հայտնի փաստ է։ Սակայն ուզում եմ հիշեցնել, որ Ղարաբաղյան խնդրի բռնկումից հետո, քանի որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առաջընթաց չեղավ, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կառավարությունների կողմից կոնկրետ քաղաքական քայլ չձեռնարկվեց»։
2009-ին Շվեյցարիայում ստորագրված արձանագրությունը մնաց անկատար, ուժի մեջ չմտավ։ Երկու ժողովուրդների միջև դրական հարաբերությունների ձևավորման համար անհրաժեշտ է, որ կառավարությունները քաղաքական և դիվանագիտական քայլեր ձեռնարկեն, բայց դա բավարար չէ։ Երկու հասարակությունների միջև կան անցյալից եկող ցավալի հիշողություններ։ Մի քանի տարի առաջ տեղի ունեցած պատերազմում Թուրքիայի ակտիվ աջակցությունն Ադրբեջանին, կարելի է հեշտությամբ ենթադրել, որ Հայաստանի հասարակության մի մասում Թուրքիայի և թուրքերի նկատմամբ առկա նախապաշարմունքներն ավելի է խորացրել։
«Մեկ այլ բացասական գործոնն էլ այն է, որ ներկայումս քաղաքական հարաբերությունները սկսած Փաշինյանի հասարակական աջակցությունը նվազել է, և նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ պարտության համար։ Հայաստանում պարտության զգացողությունը, Ղարաբաղից փախած բնակչության ապրած տրավմաները նույնպես բացասաբար կազդեն ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման վրա»,- նշել է նա։
Ըստ նրա՝ եթե Թուրքիայի առաջնահերթությունը Հայաստանի հետ իրական խաղաղություն հաստատելն է, ապա այս փուլում Հայաստանից լրացուցիչ պահանջների հարցում չափազանց կարևոր է զգույշ և հավասարակշռված քաղաքականություն վարել։
Օրինակ, եթե Թուրքիան կարգավորման պայման դնի Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցքի ստեղծումը՝ այնպիսի ձևակերպմամբ, որ դա ընկալվի որպես Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում, դա Հայաստանում ավելի մեծ բացասական արձագանք կառաջացնի։ Ասվում է, որ այդ միջանցքը 100 տարով կարող է վարձակալվել ԱՄՆ-ին և գործարկվել ԱՄՆ-ի կողմից։ Այս առաջարկը ներկայացրել է Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը։ Եթե նման մոդել կիրառվի, ապա հետագայում դա կարող է վտանգավոր նախադեպ դառնալ նաև Սիրիայի համար։