Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու իր հարազատների մկրտության արարողությանը։ Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը բավարարեց Սպարտակ Ղուկասյանի պաշտպանների միջնորդությունը՝ ժամանակավորապես վերացնելու հանրապետությունից չբացակայելու արգելքը։ Պաշտպանական թիմը միջնորդել էր՝ թույլատրել Սպարտակ Ղուկասյանին օգոստոս ամսին բացակայել հանրապետությունից, իսկ արդեն հաջորդ՝ սեպտեմբեր ամսին կայանալիք նիստերում պաշտպանական թիմը կմիջնորդի՝ հանրապետությունից բացակայելու արգելքն առհասարակ հանելու համար։
Դատարան էին ներկայացել նաեւ մի քանի երաշխավորներ՝ Սպարտակ Ղուկասյանի ընկերներն ու մտերիմները, ովքեր անձնական երաշխավորություններ էին ներկայացրել այն մասին, որ Սպարտակ Ղուկասյանը կվերադառնա ՌԴ-ից եւ չի խոչընդոտի գործի հետագա քննությանը։
Մերի Մոսինյանը միջնորդությունը բավարարեց մասնակի՝ հավելելով նաեւ գրավ՝ 10 միլիոն դրամ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Սպարտակ Ղուկասյանն անցնում է Վարդան Ղուկասյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ունեցվածքի գործով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ