Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում այսօր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի գործով հարցաքննվեց Արմավիրի անձնագրային ծառայության բաժնի պետ Յուրի Թումանյանը:
Հիշեցնենք, որ Իսագուլյանը մեղադրվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սուտ մատնության մեջ, հանիրավի նրանց առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրելու համար:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Գառնիկ Իսագուլյանը 2020 թվականի նոյեմբերի 23-ին` «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագրեր է բաժանել հայերենին տիրապետող ադրբեջանցիների, որից հետո վերջիններս մտել են Քաջարան և գնացել Արցախ:
Այնուհետև Գ. Իսագուլյանը, 2020 թվականի դեկտեմբերի 13-ին «168.am» լրատվական կայքում, իսկ դեկտեմբերի 14-ին՝ «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսների ժամանակ դարձյալ գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է, թե իբր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կազմակերպել է նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի նկատմամբ սպանության նախապատրաստություն՝ այդպիսով Սամվել Բաբայանին ուղղակի դիտավորությամբ հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության մեջ: Այս քրեական վարույթի շրջանակներում ներառված են նաեւ Փաշինյանի ու նրա թիմակիցների հասցեին Իսագուլյանի հնչեցրած հայտարարությունները:
Կարդացեք նաև
Վկա Թումանյանը նախ ներկայացրեց, թե ովքեր կարող են ստանալ ՀՀ անձնագրեր եւ ինչ կարգով, ապա բացառեց ապօրինի անձնագրերի տրամադրման մասին լուրերը. «Ես բացառում եմ, գործնականում նման բան հնարավոր չէ: Անձնագիր տրամադրելիս, բացի անձի անհատական տվյալներից կան փաստաթղթերի տվյալներ, եթե մտացածին տվյալներով փորձ արվի անձնագիր տրամադրել, անձնագրային աշխատողի մտքով չի էլ անցնի նման, բայց եթե նման բան թույլ տա իրեն, շատ կարճ ժամկետում կբացահայտվի»:
-Խոսքը գնում է թշնամի երկրի կողմից հայախոս ադրբեջանցիներին ապօրինաբար անձնագրեր տրամադրելու մասին,- վկային ընդհատեց Իսագուլյանի պաշտպանը:
Հետո վկայից հարցրեց՝ մի քանի տարի առաջ մամուլում հրապարակված Փաշինյանի կեղծ անձնագիրը չի՞ տեսել:
-Ի՞նչ տեղեկություն ունեք դրա մասին, տեսե՞լ եք, որ այդպիսի անձնագիր էր հրապարակվել ու տարածվել,- հարցրեց պաշտպանը վկային:
Վերջինս պատասխանեց՝ ոչ, հետո հստակեցրեց, որ դիվանագիտական անձնագրերը տրամադրվում են ԱԳՆ-ի կողմից, իրենք կապ չունեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ